Հասարակական-քաղաքական գործիչ, «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում ասաց. «Ղարիբ Բաբայանի դեպքը մնաց Նիկոլի կոկորդին: Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ չի կարող մեզ սարքել անասուն, կենդանի, որ արդեն հրապարակում որեւէ ադրբեջանցու սադրանք տեսնելով վախենանք ձայն հանել: Ես շնորհակալ եմ մեր ժողովրդին, որ չնայած այսքան հիասթափություններին, այսքան դեպրեսիվ իրավիճակում ցույց տվեց, որ իր մեջ արժանապատվություն կա: Դա շատ կարեւոր ցուցիչ է: Ինչպես շատ կարեւոր էր, որ ժողովրդի դիմադրությունից հետո իրենք հետքայլ կատարեցին թե տրանսպորտի գնի, թե հայտարարագրման ժամկետը մինչեւ նոյեմբեր երկարաձգելու հարցերում:
Մի աբսուրդ որոշում էլ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն կանայք, որոնք բանկերում ավանդ ունեն, նրանց ծննդաբերությունը պիտի լինի վճարովի: Դուք պատկերացնում ե՞ք: Սենց բան չկա: Բոլորս գիտենք, որ կինը երբ ծննդաբերում է, նա որպես մայրական կապիտալ որոշակի գումար ստանում է, որն անմիջապես բանկում ավանդադրում է իր ծնված երեխայի համար: Դա նշանակում է, որ արդեն հաջորդ երեխային ծննդաբերելիս նա պիտի վճարի, որովհետեւ «վիձիծե լի» Նիկոլը որոշել է, որ այն կանայք, որոնք բանկերում ավանդադրած գումար ունեն, նրանց ծննդաբերությունը պիտի վճարվի այդ կնոջ ընտանիքի կամ այդ կնոջ կողմից:
Նիկոլ, բա ի՞նչ եղավ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի»-ն, «քաղաքացին հարկման մատերիալ չի»-ն: Էս ձեւի քերթել, ոնց որ դու ես դրել ու շարքային քաղաքացուն քերթում ես, որեւէ ժամանակ նման բան չի եղել»:
Այնուհետեւ, տիկին Զոհրաբյանը դիմեց 2021 թվականին Նիկոլ Փաշինյան ընտրած քաղաքացիներին: «Հիմա ես ուզում եմ դիմել այն 680 հազարին: Գիտեմ, որ ձեզանից շատերը մոլորված են եղել, բայց դուք պիտի հասկանաք՝ ի՜նչ հանցագործություն եք արել՝ պայմանավորված պատերազմում մորթված երեխեքից, հանձնած Արցախից հետո գնալով եւ նորից ընտրելով հայրենիք հանձնողներին: Խաղաղության համա՞ր էիք անում: Ես հիմա կկարդամ երեկ ադրբեջանական պետական քարոզչության հերթական սպառնալիքը Հայաստանի հասցեին: Սա գրել է Ադրբեջանի պետական առաջին լրատվամիջոցը. «Հայաստանը պետք է դադարեցնի կրակի հետ խաղալ, հակառակ դեպքում անգամ օտար ուժերը, ում վրա Հայաստանը կարծում է, որ կարող է հույս դնել, Հայաստանին չեն փրկի…»:
Կարդացեք նաև
Ձեր ֆեյք արդարացումը, թե ընտրեցինք, որ խաղաղություն լինի, Ալիեւը հայտարարեց՝ չի լինելու խաղաղության որեւէ պայմանագիր: Իսկ երեք օր առաջ իր ասուլիսի ժամանակ, երբ լրագրողը հարցրեց, թե ասում են՝ գլխին «պիստոլետ» են պահել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրել է կապիտուլյացիայի թուղթը, ի՞նչ ասաց Նիկոլը: Նիկոլը ասաց. «Իմ գլխին ոչ ոք զենք չի դրել եւ չէր կարող դնել: Նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրել եմ ես»:
Հարց: Նիկոլ Փաշինյան, որ 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քո սեղանին դրել էին կարգավորման փաթեթը, որը հնարավորություն կտար խուսափել զոհերից, դու ինչի՞ ես էդ փաթեթը վերցրել ու շպրտել մի կողմ: Եվ միայն այն ժամանակ խոսեցիր այդ մասին, երբ որ ռուս համանախագահ Իգոր Պոպովը բացահայտեց մանրամասներ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ