Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյան. Միասնական տոմսային համակարգից 100 դրամների համակարգ՝ անհնար է

Փետրվար 03,2025 18:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանյան որոշ երթուղիներում նախատեսվածից ավելի ելքերն այսուհետև չեն գումարվի մեկ այլ երթուղիներում նախատեսվածից պակաս ելքերին: Որոշ երթուղիներում տարբեր գործոնների պատճառով պլանավորվածից պակաս ելքերը հանգեցնում են միջակայքերի խախտման, սպասարկման որակի վատթարացման և ուղևորների արդարացի դժգոհությունների: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տարվում են աշխատանքներ՝ երթուղային ցանցում շարժակազմը համաչափ բաշխելու նպատակով, որը կապահովի արդյունավետ և որակյալ սպասարկում:

«Սիրելի երևանցիներ, նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորիդ, այն մարդկանց, ովքեր մշտապես օգտվում են տրանսպորտից: Շնորհակալություն եմ հայտնում նրա համար, որ ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցում եք, որովհետև, իրապես, այս նոր տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր, և ես շատ ուրախ եմ, որ մենք ընդհանուր մեկ էջի վրա ենք և հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում: Միասնական տոմսային համակարգի ներդրումն առաջին հերթին Երևանում որակյալ տրանսպորտ ունենալու համար է արվում, արվում է նրա համար, որ մենք շարունակաբար կարողանանք ձեզ տեղափոխել որակյալ տրանսպորտով: Միասնական տոմսային համակարգից 100 դրամների համակարգ՝ անհնար է»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել նաև վարորդներին՝ համբերատարության համար:
***
Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան:
***
Տարիներ շարունակ Երևանի տարբեր հասցեներում հայտնվել են հնամաշ մեքենաներ ու անպիտան թափքեր։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքների ու տարբեր մետաղական ջարդոնների տեղափոխումը։ Անցած ժամանակահատվածում առանձին տարածքներ է տեղափոխվել 18 նմանատիպ տրանսպորտային միջոց:
***
«Երքաղլույս» ընկերությունում տեղադրված կառավարման նոր համակարգը հնարավորություն է տալիս գրանցել արտաքին լուսավորության ցանցում առկա վթարները և խափանումները, կառավարել յուրաքանչյուր պահարան անհատապես, որը բացառելու է արտաքին լուսավորության ցանցի շղթայական անջատումը: Այս համակարգով նաև հնարավոր է կառավարել լուսավորության ուժգնությունը:
***
Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի դիտարկման 161 կայաններից 2025թ. հունվար ամսին ստացված տվյալներով օդի որակի (AQI) դասիչի միջինացված արժեքը PM2.5-ի համար կազմել է 149, իսկ PM10-ի համար՝ 104։ Այդ արժեքները գտնվում են զգայուն խմբերի համար անառողջ (100-150) միջակայքում։ Այս սարքերն, ի դեպ, տեղադրված են շինհրապարակներում և չեն ծառայում օդի ֆոնային աղտոտվածության տվյալների ներկայացմանը: Միևնույն ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված դիտարկումների համաձայն՝ օդում չտարբերակված փոշու ծավալը հունվար ամսին սահմանային թույլատրելի ցուցանիշը գերացանցել է առավելագույնը 2,0 անգամ։

«Երևանի քաղաքապետարանի անելիքներն այս գործում չպետք է սահմանափակվեն միայն Երևանի քաղաքապետարանի լիազորություններով և, հետևապես, սա պետք է դառնա մեզ համար առաջնային խնդիրներից մեկը: Մենք մեծ քանակի օդի որակի չափման սարքեր ենք դրել և տեսել, որ տվյալ սեզոնին, տարբեր գործոններով պայմանավորված, մենք ունենք օդի որակի հետ կապված խնդիր: Այնուամենայնիվ, կան նաև մարդածին գործոններ, և այն, ինչը մեր գործընկերների հետ մենք կարող ենք իրականացնել, մենք այդ ուղղությամբ պետք է գործուն քայլեր ձեռնարկենք: Մենք նաև ընդհանրապես մեր կանաչապատման քաղաքականությունում պետք է էական փոփոխություններ իրականացնենք դեպի մշտադալար ծառատեսակներ, որոնք կանաչ են լինում նաև ձմռան ամիսներին և որոշակիորեն իրենց մասնաբաժինն ունեն օդի որակի բարելավման առումով»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728