«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Մենք ապրում ենք նման ֆաշիստական պետության հարևանությամբ, և ֆաշիզմի սպառնալիքը պահպանվում է: Ուստի ֆաշիզմը պետք է արմատախիլ արվի։ Կա՛մ Հայաստանի ղեկավարությունը կկործանի, կա՛մ մենք։ Մենք այլ ելք չունենք»,- հունվարի 7-ին ասել էր Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը։ Սրան ի պատասխան՝ ՀՀ ղեկավարությունը հերթական լղոզված ու անհեթեթ տեքստն էր արտաբերել։
Սակայն այս թեման, թե իբր Հայաստանը «ֆաշիստական» պետություն է, Բաքվի քարոզչական ու քաղաքական գործունեության կարևոր թեզերից է, այն կիրառվում է նաև մեր հայրենակիցների դեմ ընթացող շինծու «դատավարությունների» համատեքստում։
Բայց այդ անհեթեթ քարոզչաթեզը հեշտությամբ կարելի է ջախջախել մի պարզ ու տրամաբանական հարցով, եթե ՀՀ տարբեր իշխանությունների ու ղեկավարների կողմից իսկապես ադրբեջանցի ժողովրդի դեմ պետական մակարդակով ատելություն ու անհանդուրժողականություն քարոզված լիներ, ապա ինչո՞ւ պետք է Ադրբեջանը պահանջեր հետ կանգնել միջազգային իրավական գործընթացներից։
Կարդացեք նաև
Դրանց թվում է նաև «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործը, ինչին ի հակակշիռ՝ Ադրբեջանը ներկայացրել է համանուն գործ՝ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի»։
Հիմա եկեք ինքներս մեզ հարց տանք, եթե Ադրբեջանը կարողանար որևէ փաստական ապացույց ներկայացնել, որ Հայաստանը «ֆաշիստական», «անհանդուրժող» պետություն է, ապա ինչո՞ւ պետք է պայման դներ, որ հայկական կողմն ու ադրբեջանական կողմը հրաժարվեն այս գործընթացից։ Պատասխանը պարզ է, քանի որ չունի որևէ փաստ, ապացույց, կա զուտ ագրեսիվ ու դատարկ քարոզչություն։ Իրողությունն էլ ճիշտ հակառակն է․ Ադրբեջանի ղեկավարությունն է, որ տասնամյակներով պետական մակարդակով ատելություն է քարոզել հայերի դեմ, ընդ որում՝ այդ քարոզչությունը ոչ միայն չի փոխվել, այլև ակտիվացել ու նոր թափ է ստացել 2020 թվականից հետո։ Դրա համար էլ Ադրբեջանը չի ուզում, որ այս դատական գործերը շարունակվեն։
Երկու օրինակ բերեմ, իսկ մնացյալը կարող եք կարդալ դեռևս 2022 թվականի դեկտեմբերի հրապարակված իմ հոդվածում, որտեղ որևէ մեկնաբանություն չեմ արել, զուտ մեջբերել եմ Ալիևի՝ 2021 և 2022 թվական որոշ ելույթներից հատվածներ։
«Այնտեղ կարծես վայրենի ցեղ է ապրել։ Այստեղ միայն տգեղ բաներ են արել՝ քանդել, քանդել, վառել։ Որտեղի՞ց այս ամբողջ ատելությունը, այս բոլոր անմարդկային արարքները։ Հոգեբանները կամ հոգեբույժները պետք է մեզ ասեն, որ սովորական մարդը նման բնույթի գործողություններ չի կատարում․․․»,-ասել է Ալիև, 2022 հունիսի 27-ին Քարվաճառում։
«Մենք ոչ միայն ազատագրել ենք մեր հողերը, այլև մաքրել ենք տարածաշրջանը, Հարավային Կովկասը այս վայրենի ուժերից։ Կրկնում եմ, որ նրանք հիմա նվաստացած վիճակում են, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նրանք նորից գլուխ չեն բարձրացնի»-,-ասել է Ալիևը 2022 թվականի հունվարի 31-ի իր ելույթում։ Նման ելույթների պակաս չկա, դրանց մեծ մասը ես պարբերաբար ներկայացնում եմ մեր լսարանին։
Այնպես որ, Ալիևը ուղղակի պետք է նայի հայելու մեջ ֆաշիզմի իրական քարոզիչին գտնելու համար։ Եվ իրապես մենք ապրում ենք մի պետության հարևանությամբ, որտեղ պետական մակարդակով հայի դեմ ատելության քարոզը Բաքվի բռնապետական վարչակարգի պահպանման կարևոր հենարաններից է․․․