Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ցույց անցկացնող մսավաճառների հետ հանդիպեց մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը (լուսանկարում) ։ Նա խնդրեց մսավաճառներին զրույցը չվերածել բանավեճի ու քաղաքական ելույթի․ ներկայացրեց նոր հնարավորությունները։
Ըստ պաշտոնյայի, կառավարության կողմից ընդունվել է որոշում, համաձայն որի՝ նախատեսված սպանդանոցների փոխարեն կարող են կառուցել սպանդանոցային կետեր, իսկ սրանք ավելի մատչելի կնստեն գյուղացիների վրա։
«Որտե՞ղ են կառուցելու»,-հետաքրքրվեցին մսավաճառները։
«Դուք եք կառուցելու»,- պարզաբանեց Շիրակի պաշտոնյան, որին ի պատասխան՝ զրուցակիցներն արձագանքեցին․ «Ինչո՞վ, գյուղացուն որտեղի՞ց փող, երբ վարկերի տակ ճռռում է»։
Կարդացեք նաև
Ռոման Համայակյանը խնդրեց զրույցը չվերածել քաղաքական ելույթի ու բանավեճի, ասաց՝ հարյուրավոր պատճառներ կարող եք բերել, թե ինչու չեք կարողանալու կառուցել, մենք ունենք մեր հիմնավորումները։
Նա լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ Շիրակի մարզի սպանդանոցային մորթի թույլտվություն ունեցող երեք սպանդանոցներ չեն գործում, բայց աշխատանքներ տանում են գործարկելու ուղղությամբ։
Պաշտոնյան հավաստիացրեց, որ արտոնյալ պայմաններ են ստեղծվել, որպեսզի տնտեսվարողները կարողանան օգտվել պետական ծրագրերից, և իրենք հիմնեն սպանդանոցներ։
Կառավարության որոշմամբ՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրով տնտեսվարողներին առաջարկվում է շարժական, մոդուլային սպանդանոցներ հիմնել, սարքավորումներ ձեռք բերելու համար պետությունն առաջարկում է իր օգնությունը․ կանխավճարի 80 տոկոսը պետությունն է փոխանցում, 20-ը տոկոսը՝ տնտեսավարողը, տարեկան 2-3 տոկոս տոկոսադրույքով՝ 5 տարի ժամկետով։
Ըստ պաշտոնյայի ներկայացրած հաշվարկի, միջին հզորությամբ մոդուլային սպանդանոց հիմնելու համար կպահանջվի 12 միլիոն դրամ, քաղաքացին նախնական պիտի 400-500 հազար դրամ սահմաններում ներդրում կատարի։
Արդեն երկու քաղաքացի, ըստ Համայակյանի, ցանկություն հայտնել են օգտվելու ծրագրից, Աշոցքի համայնքապետարանն էլ պատրաստվում է համայնքային միջոցներով մոդուլային սպանդանոց կառուցել։
Ըստ պաշտոնյայի, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Շիրակի մարզում մոտ 62․000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, անասնագլխաքանակը, սակայն, նախորդ տարվա հետ համեմատ, պակասել է։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ նշանակվելուն պես Դավիթ Առուշանյանը մարզխորհրդի նիստի ժամանակ համայնքապետերին առաջարկել էր սուբվենցիոն ծրագրերով միայն փողոցներ չասֆալտապատել կամ մանկապարտեզներ վերակառուցել, այլ ծառայեցնել նաև սպանդանոցներ կառուցելուն։ Սա, ըստ մարզպետի, կնպաստի նաև աշխատատեղերի ստեղծմանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ