Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են աղետի գոտում կառուցված ինքնակամ շինությունների փաստաթղթավորմանն առնչվող հարցեր

Փետրվար 03,2025 17:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեր մի խումբ հայրենակիցներ պնդում էին, որ ավերիչ երկրաշարժից հետո առանց պետական որեւէ օժանդակության, չպահպանելով իրավական ակտերով սահմանված պահանջները` կառուցել են տներ եւ, ըստ այդմ, ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացում բախվել ֆինանսական խնդիրների: Հնչում էին անարդարության վերաբերյալ դիտարկումներ այն մասին, որ աղետի գոտում իրենց կարգավիճակում գտնվող շատ այլ անձինք օգտվել են պետական օժանդակությունից, իսկ իրենք սեփական ֆինանսական միջոցներով կառուցել են տներ, սակայն այսօր տների փաստաթղթավորումն իրենց համար խնդիր է: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` փետրվարի 3-ին հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ: Հանձնաժողովի փոխնախագահը նշել է. աղետի գոտու բնակիչների այս եւ այլ խնդիրներին ծանոթացել են, երբ մի խումբ պատգամավորների հետ դեկտեմբերին այցելել էին Լոռու մարզի մի շարք համայնքներ:

Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, պատասխանատուներ նախարարություններից, Քաղաքաշինության կոմիտեից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, այլ շահագրգիռ կազմակերպություններից:

Ռուստամ Բաքոյանը նկատել է, որ աղետի գոտում դեռեւս կան չլուծված խնդիրներ, որոնցից են, մասնավորապես, փաստաթղթավորման շուրջ առաջացող ֆինանսական խնդիրներն ու ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման հետ կապված հարցերը:

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը պարզաբանել է, որ դեռեւս 2022 թվականին օրենսդրական փոփոխություններ են մտել ուժի մեջ, եւ յուրաքանչյուր վայրի ինքնակամ կառույցների հաշվառման համար սահմանված են եղել վերջնաժամկետներ: Կառավարությունը պարբերաբար, տարբեր ձեւերով տեղեկատվություն է տարածել այդ մասին: Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ ինքնակամ կառույցների հաշվառման համար սահմանված ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, եւ այսօր այլեւս հնարավոր չէ իրականացնել հաշվառման գործընթաց: Այդ ժամկետում հաշվառվել է շուրջ 66 հազար ինքնակամ շինություն:

Քննարկման ընթացքում նշվել է, որ բազմաթիվ ինքնակամ կառուցված եւ չփաստաթղթավորված կառույցներ կան ե’ւ Շիրակի, ե’ւ Լոռու մարզերում:

Խնդրի լուծման նպատակով քննարկման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ, կարեւորել հարցի շուտափույթ կարգավորումը: Քննարկման արդյունքում որոշվել է գույքագրել մարզերում առկա վերոնշյալ խնդիրները` գտնելու համար դրանց լուծման ուղիները:

Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը նշել է` բարձրացված խնդիրները պատշաճ կերպով կհասցեավորվեն եւ բնակիչներին հուզող հարցերն անպատասխան չեն մնա:

Հանձնաժողովի փոխնախագահը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվեն նաեւ օրենսդրական փոփոխություններ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728