Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Եթե ոստիկանության բաժնում ինձ չեն ճանաչում, ԱԱԾ-ն տեսանյութը նայելով ի՞նչ իմացավ, որ հրապարակում երգողները Իրանի քաղաքացիներ էին»

Փետրվար 03,2025 17:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ղարիբ Բաբայանի ձերբակալման դեպքի հետ կապված, հասարակական-քաղաքական գործիչ, արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ասաց. «Վստահ կարելի է ասել, որ ԱԱԾ հապավումը այլեւս կարելի է վերծանել որպես Ադրբեջանի անվերապահ ծառայություն»: Փորձեմ հիմնավորել, թե ասածս ինչին է վերաբերում:

Ակնհայտորեն ադրբեջանցիները եկել են Հանրապետության հրապարակ, որտեղ գտնվում են կառավարական հիմնական շենքերը, մեր մայրաքաղաքի կենտրոնում ակնհայտորեն սադրում են ազգամիջյան թշնամանք: Այս նուրբ պահին, հետպատերազմյան շրջանում, երբ ալեկոծված է մեր հասարակությունը, երբ որ կան հազարավոր զոհերի ծնողներ, վիրավորում ստացած քաղաքացիներ, արցախյան պատերազմի մասնակիցներ, որոնց համար այս ամեն ինչը չափազանց զգայուն է, իրենք դիտավորյալ՝ հրապարակային, ադրբեջաներեն լեզվով երգում են «Ղարաբաղ» երգը: Եվ դա ոչ թե կատարում, մշակութային ստեղծագործություն, դրամահավաք է, այլ ակնհայտ սադրանք: Այսինքն, եկել, մեր հանրապետության կենտրոնում սադրում են մեր հանրությանը, սադրում են ազգամիջյան բախում, սադրում են հանրային լայնածավալ հանցագործություն:

Ինչի՞ այդ տեսանյութն այդքան արագ տարածում ունեցավ: Որովհետեւ ալեկոծեց բոլորի հոգիները: Ղարիբ Բաբայանի արածը չի կարելի ասել, որ ազգային այդ խմբի նկատմամբ ատելության սերմանում է: Հենց նույն Հանրապետության հրապարակում ԱԳՆ նախկին շենքի մոտ մի ռուս տղա միշտ կիթառ է նվագում ու երգում է: Եվ նրա նկատմամբ ոչ մեկը ատելության, ազգային թշնամանքի զգացողություն չունի: Մի քիչ վերեւ՝ Հյուսիսային պողոտայում, կարող է նաեւ պարսիկ, հնդիկ էլ է երգում: Օրինակ, նոր տարում հնդիկները Հանրապետության հրապարակում պարում էին, չէ՞: Մենք նայում էինք, որոշ մարդիկ ասում էին, թե մեր հայերը ինչի՞ չեն գնում… բայց նրանց նկատմամբ ատելություն չկար, չէ՞: Այդ մարդկանց ուրախությունը ուղղված չէ մեր դեմ, դա իրենց ներքին զգացողությունն է:

Բայց այդ խմբավորումը ակնհայտ եկել էր սադրանքի: Եվ ժողովուրդը, գրառում կատարողները ասում են. բա ո՞ւր են մեր իրավապահները, ո՞ւր է մեր ոստիկանությունը, ո՞ր է մեր Ազգային անվտանգության ծառայությունը, որ գնար, դրանց բռներ, չեզոքացներ, որ ազգամիջյան ատելություն չտարածվի: Ու պարզվում է, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածում, որով ասում է՝ այդ մարդիկ, որոնք երգում էին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Հարց: Որտեղի՞ց իմացաք դրանց քաղաքացիության մասին: Եթե դուք դրանց բերման չեք ենթարկել, չեք տարել ոստիկանության բաժին, նրանց ինքնությունը չեք պարզել, նրանց անձնագրերը չեք ստուգել, ո՞նց իմացաք, թե այդ մարդիկ որ երկրի քաղաքացիներ են:

Դեպք է եղել: Ինձ տարել են ոստիկանության բաժին: Ինձ, որ վերջին տարիների իմ հանրային գործունեությունից հետո մեր հանրապետությունում երեւի շատ քիչ մարդ կա, որ ինձ գոնե դեմքով չի ճանաչում, ոստիկանությունում հարցնում են՝ դուք ո՞վ եք: Հարցնում եմ, եթե հիմա ID քարտ չտամ, ի՞նչ եք անելու, պատասխանում են՝ պարեկներ կկանչենք, ձեզ իրենց պլանշետով կնկարեն, որ նույնականացնենք եւ այլն: Այսինքն, պետք է այդ ձեւով ուսումնասիրեն, որ պարզեն, թե ես Ղազարյան Էդգա՞րն եմ: Եթե դուք ոստիկանության բաժնում ինձ չեք ճանաչում, տեսանյութը նայելով՝ ի՞նչ իմացաք, որ նրանք Իրանի քաղաքացիներ են:

Եվ հետո: Իրանի քաղաքացիները կարող են լինել նաեւ ազգությամբ ադրբեջանցի, ոնց որ կան Իրանի՝ ազգությամբ հայ տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Հիմա էլի հարց: Եթե Իրանի՝ ազգությամբ հայ 15 քաղաքացիներ գնան Բաքվի կենտրոնում՝ իրենց հրապարակում հայերեն երգեն «Ղարաբաղ» երգը, ի՞նչ կանի Ադրբեջանի ԱԱԾ-ն: Այդ երգողների՞ն կբռնի, թե նրանց մասին տեսանյութ տարածող ադրբեջանցի մի պրոֆեսորի: Ռուսաստանի քաղաքացի ազգությամբ հայ, միլիոնից ավելի մարդ կա, եթե գնա Ադրբեջան, նախ, Ադրբեջանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունը չի թողնի երկիր մտնել: Իսկ մերը՝ բավական չի, որ թողել է գալ Հայաստան, եկել, Հանրապետության հրապարակում Հայաստանի քաղաքացիներին սադրում, ազգային հողի վրա թշնամանք է հրահրում, ձերբակալում են ոչ թե դրանց, այլ դրա մասին տեղեկություն տարածող մարդուն:

Բայց մեր ԱԱԾ ասածի մեջ մի տրամաբանական բան կա: Ասում է՝ եղբայր, թուրքերի՞ց եք վատ զգում: Էն որ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքում, վեց տարի նստած է, դրանից չեք անհանգստանում, իսկ մեկ ուրիշը, որ իր համար երգում է, անհանգստանո՞ւմ եք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728