Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամաչում եմ… Մարդը, որ չի եղել Երևանում, չի եղել ոչ մի տեղ». Մաեստրո Ալեքսանդր Սլադկովսկի

Փետրվար 03,2025 16:37

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրերս, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Ռախմանինովի 3-րդ դաշնամուրային կոնցերտի և «Սիմֆոնիկ պարեր» երկերի մեկնաբանմամբ, ղեկավարելով թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, առաջին անգամ մեր հանդիսատեսին ներկայացավ դիրիժոր, ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սլադկովսկին:

Վահագն Պապյան

Որպես մենակատար հրավիրված էր անվանի դաշնակահար Վահագն Պապյանը: Երեկոյի ավարտից հետո, մեզ հետ հարցազրույցի առաջարկը սիրով ընդունեց մաեստրո Սլադկովսկին:

-Հարգարժան մաեստրո, րոպեներ առաջ ականատեսը եղանք համերգի ավարտին հնչած երկարատև ծափողջյուններին, բրավոներին, ինչը բարձր գնահատական էր ձեր արվեստին, և իհարկե, մեր փորձառու դաշնակահարի կատարմանը: Տեղին է նշել, որ ռախմանինովյան, կոնկրետ այս ստեղծագործությունները հաճախ են հնչում մեզ մոտ տարբեր նվագախմբերի, այդ թվում՝ հրավիրված երաժիշտների կողմից: Իսկ արտերկրի մամուլից տեղեկացված ենք, որ օրինակ՝ դաշնամուրի հիշյալ կոնցերտի, աշխարհահռչակ Հորովիցի ժամանակին հնչեցրած կատարումը, մինչ օրս էլ միանշանակ չի ընդունվում անվանի շատ երաժիշտների կողմից: Նույն «բախտին» է արժանացած «Սիմֆոնիկ պարերը» նույնպես: Այնպես որ, ընդունեք նաև մեր շնորհավորանքները: Իսկ հիմա կխնդրենք ներկայացնել ձեր գործունեությունը, թեև օնլայն որոշ դեպքերի ու դիպվածների ծանոթ ենք և ըստ մեզ հասած տեղեկության` հայերիս հանդեպ դեռևս դպրոցական տարիներից մինչ օրս մեծ հարգանք ունեք, բայց չգիտես ինչու, ստեղծագործական գործունեության միայն տասնամյակներ անց, առաջին անգամ ժամանեցիք մեր երկիր:

-Պատասխանս կուզեի սկսել հայերիդ հանդեպ ներողամտությունս հայցելուց և անկեղծ ասել, որ ես ամաչում եմ… Մարդը, որ չի եղել Երևանում, չի եղել ոչ մի տեղ: Իրավացի եք, կարելի է ասել ի սկզբանե ունեցել եմ հայազգի ոչ թե ընկերներ, այլ իսկապես բարեկամներ:

Դեռևս 1976թ. ընդունվելով Մոսկվայի զինվորական երաժշտական դպրոց, որտեղ ուսանել եմ շեփորի դասարանում, իմ անկրկնելի ընկերը դարձավ Սամվել Բրուտյանը… Հետո ավելի ուշ, երբ Մոսկվայի, ապա Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիաներում սովորելու տարիներն էին, ծանոթացա հիանալի երաժշտագետ Ելենա Կանդարյանի հետ, որն ինձ համար դարձավ հրաշալի ու սիրելի ընկերուհի, կին: Նա որպես բարձրակարգ մասնագետ, իր խորհուրդներով մեծ օգնություն ցուցաբերեց Մալերի սիմֆոնիաների ձայնագրման հարցում: Ընդ որում՝ դրանցից 3-ն արդեն ձայնագրված են, իսկ հաջորդ 6-ը ծրագրել եմ սկսել այս տարի, ավարտել 2026-ին:

Մի բան էլ, ձայնագրել եմ Շոստակովիչի բոլոր սիմֆոնիաները… Կարճ ասած` կիսատ բաներ չեմ սիրում ու եթե ձեռնարկում ես մի գործ, այն հասցրու լիակատար ավարտին: Հայերդ էլ եք այդպես վարվում (ժպտում է.- ՍԴ) :

Հիմա վերադառնամ իմ երազած հայաստանյան առաջին ելույթիս: Անկասկած շնորհակալ եմ մաեստրո Կարեն Դուրգարյանին, որի հետ ծանոթացել եմ անցյալ տարի Կազանում, ինչին հետևեց այս հրավերը: Ասեմ, որ առաջին անգամ էի համագործակցում դաշնակահար Վահագն Պապյանի հետ և գրամ անգամ կասկած չունեի, որ ձեր տաղանդավոր մաեստրոն, այլևս իմ բարեկամ Կարենը այս համերգի համար իբրև մենակատար, ինձ պիտի առաջարկեր, ծանոթացներ բարձրակարգ դաշնակահարի հետ:

Շնորհակալ եմ նաև հայ հանդիսատեսին, նման ընդունելության, արձագանքի համար: Այն, որ տաղանդավոր, հյուրընկալ ժողովուրդ եք, ինձ համար նորություն չէր: Նորություն չէր նաև, ավելի ճիշտ սպասում էի նման բարձրակարգ նվագախումբ տեսնելը, քանի որ այն ղեկավարում է մաեստրո Դուրգարյանը, որի մասին, իբրև բարձրարվեստ երաժշտի` խոսվում է ռուսաստանյան հեղինակավոր մշակութային օջախներում կուզեի շեշտել Սանկտ-Պետերբուրգի, Նովոսիբիրսկի թատրոնները և այլն:

-Ձեր մասին էլ, իհարկե ռուսաստանյան ԶԼՄ-ներ-ում, մշտապես խոսվում է իբրև բարձրակարգ երաժշտի և գիտեք ինչն է հետաքրքիր, որ արդեն 10 տարի է՝ հանդիսանում եք Թաթարստանի հանրապետության պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, բայց այսօր էլ նշվում է, որ այդ նվագախումբը, կարճ ասած ոտքի է կանգնել ձեր շնորհիվ, «արմատապես փոխել եք իրավիճակը նվագախմբում` զգալիորեն բարձրացնելով կոլեկտիվի կարգավիճակը», ավելին` նվագախումբը 2016թ. իր պատմության ընթացքում եվրոպական հյուրախաղերի է մեկնել: Նաև անձամբ շրջագայում եք ոչ միայն Ռուսաստանով մեկ, այլ արտերկրում, իրականացնելով տարբեր նախագծեր: Փաստենք, որ ձեր կարիերայում տեղ ունեն նաև օպերային ներկայացումներ ղեկավարելը:

-Այո, դեբյուտս 1997-ին էր Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայի օպերային ստուդիայում` Մոցարտի «Այդպես են վարվում բոլոր կանայք» ներկայացումով:

-Թույլ տվեք այստեղ մենք նշենք, որ այդ ներկայացումից հետո հրավեր եք ստացել մեծանուն Մորիս Յանսոնսի կողմից, դառնալով նրա ասիստենտը Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրական աշխատանքներում, որին հաջորդել է նաև համագործակցության հրավեր Մստիսլավ Ռոստրոպովիչի կողմից:

Ձեր թույլտվությամբ մասնագիտական ոլորտից գանք անձնականի: Ճանաչված արվեստագետների նման ձեր կյանքի որոշ էջեր կամ դիպվածներ հայտնվել են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում…

-Թույլ տվեք այստեղ էլ ես հավելեմ: Խոսքը վերաբերվում է իմ կանանց: Առանց մանրամասնելու ասեմ, որ հպարտանում եմ իմ որդիներով, որից մեծը 36 տարեկան է, փոքրը 1,9-ը: Ընդհանրապես այո, մեծ հաշվով հպարտանում եմ զավակներովս և ընկերներով:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Երբ ծրագրից դուրս մաեստրո Սլադկովսկիի ղեկավարությամբ նվագախումբը հնչեցրեց հանրահայտ «Լեզգինկան»՝ սա արդեն հնարավոր չէ բառերով փոխանցել. դահլիճը տևական ժամանակ, գոռում-գոչյուններից պարզապես ցնցվում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728