Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ էլ է, միս ծախող ենք, 4 կիլո մսի համար ԴիԿապրիոն ենք դարձել, սաղ օր տելեվիզորի դեմն ենք»․ շիրակցի մսավաճառներ

Փետրվար 03,2025 16:01

Այսօր Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց բողոքի ցույց անցկացնող մսավաճառներից մեկը մեզ հետ զրույցում նեղվեց, թե բան-գործ թողած՝ անընդհատ բողոքի ցույցեր են անցկացնում ու նկարահանվում, ինչ է՝ կառավարությունը իրեն նեղություն չի տալիս կարգավորել սպանդանոցների հարցը։

Շիրակի մարզում գործող սպանդանոցներ չկան, սակայն, ըստ բողոքավորների, տաք տեղերում նստած՝ որոշումներ են կայացնում ու իրենց տուգանում։

«Վեց տարի է՝ էս նույն հարցն է, էսպես չի լինի, ո՞ւր հասնենք, Արմավի՞ր, որ միսը սպանդի ենթարկենք, գործ էլ չկա, պայմաններ ստեղծեք, նոր պահանջեք։

Մարդիկ ասում են միսը թանկ է, չենք կարող առնել, եթե Նոր Տարվան 3 կիլոգրամ միս էին գնում, հիմի 1 կիլոգրամից ավել գնող չկա, մարդիկ հազիվ են ապրում։ Սխալվես, միսը հանես վաճառքի, առգրավում-տանում են, վրեդ էլ 300 հազարից պակաս ակտ չեն գրում»,-նեղվեց մսավաճառներից մեկը։

Մեկ այլ տարեց մսավաճառ էլ հավելեց․ «Ամոթ է, միս ծախող ենք, ԴիԿապրիոն ենք դարձել, սաղ օրը տելեվիզորի դեմն ենք, խայտառակ եղանք, հասկացանք, չորս կիլո մսի համար դերասան դառանք»։

Մսավաճառներին սատարելու եկած իրավապաշտպաններից մեկն էլ ասաց, որ իրավական պետության մեջ ժողովրդի արդար պահանջն անտեսելու իրավունք չունեն։

«Եթե աշխատավոր մարդու կենդանին պիտի սատկի դաշտում, հնարավոր չէ փրկել, մարզում էլ չունեն սպանդանոց, որ արագ հասցնեն, մինչև տանեն, հասցնեն այլ մարզ, էդ մսամթերքն այլևս վաճառքի պիտանի չէ, ո՞վ կտուժի, աշխատավոր մարդը։ Կառավարությունը ոչինչ չի անում գյուղացիներին սատարելու։

Ես դիմում եմ Նիկոլին, ժողովրդավարական պետության մեջ իշխանությունն արհամարհո՞ւմ է ժողովրդին։ Սա՞ է ժողովրդավարական պետությունը»։

 

Մսավաճառները պայմանավորվեցին բողոքը շարունակել ամսի 6-ին՝ առավոտյան ժամը 10-ին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728