«Մեր ՊՈԱԿ-ի հիմնական գործը ստեղծման օրվանից՝ մեր շրջանավարտների կարողությունների միջազգային ճանաչումն է: Այսինքն, միջազգային կառույցներում կարողանան աշխատել ոչ միայն տաղանդավորները, այլեւ բոլոր նրանք, ովքեր ունեն դիպլոմ եւ ավարտել են մեր ուսումնական հաստատությունները: Դա բազմաթիվ անգամ շեշտադրվել է ՀՀ կառավարության առաջնահերթություններում »,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Ռուբեն Թոփչյանի խոսքով, անցյալ տարի ստեղծվել է հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմ, նոր առաջնահերթություններ են որդեգրվել. «Նոր առաջնահերթությունները նրանք են, որ շեշտադրում է դրվում միջազգային չափանիշներին համահունչ կրթական ծրագրերի իրականացմանը բուհերում եւ քոլեջներում, դասախոսական անձնակազմի շարունակական զարգացմանը եւ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Այս երեք բաղադրիչներն անհնար է պատկերացնել առանց բուհի կառավարող օղակների անմիջական ներգրավման եւ իրենց բարձր մոտիվացիայով: Դրա համար այդ չափանիշների հավատարմագրման 4-րդ կտորը մեկնաբանվելու է, թե ինչքանով են կառավարող օղակները բացահայտել խնդիրները եւ ղեկավարվում այդ խնդիրների բարելավման ռազմավարական ծրագրերով»:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրենի խոսքով, իրենք իրականացնում են հավատարմագրումներ եւ տարիներ շարունակ ղեկավարվում են ռազմավարական առաջնահերթություններով. «Նոր հանձնաժողովը շեշտադրումները մի քիչ փոխել է: Սրանից առաջ որակավորումների արժանահավատ շնորհման մասին էինք խոսում, իսկ հիմա ավելի շատ խոսում ենք այն մասին, որ չափանիշները, որոնցով շրջանավարտներն ավարտում են, համապատասխանեն միջազգային պահանջներին, դասախոսական կազմը շարունակական զարգացում ապրի եւ դա խթանի բուհի կառավարող մարմիններին:
Ինչ վերաբերվում է ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, այսօր գաղտնիք չէ, որ դժվար է պատկերացնել ռեսուրսներով ապահոված ուսումնական հաստատություններ, որովհետեւ արդյունաբերությունը շատ ավելի արագ է զարգանում, քան բուհերը կարողանում են փոփոխություններ ապրել: Դրա համար կարծում ենք, որ անհրաժեշտ է՝ բուհերի եւ քոլեջների կառավարիչները իրենց ուսումնական գործողություններում ներգրավեն գործատուներին եւ դա լինի իրենց ռազմավարական առաջնահերթությունը…»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ