Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կարծես իրար հետ մրցակցության մեջ են մտել, թե ով ավելի շատ ու ավելի խնդրահարույց հայտարարություններ կանի։ Թվում էր՝ այդ գործում Նիկոլ Փաշինյանը անգերազանցելի է, սակայն Միքայել սրբազանը վերջերս հաստատուն քայլերով փորձում է նրան հավասարվել։ Իհարկե, նրանց արտահայտած բոլոր «հանճարեղ» մտքերի մասին չեմ պատրաստվում խոսել, սակայն, կարծում եմ, ավելորդ չի լինի անդրադառնալ հունվարի 28-ին լրագրողի հետ զրույցում Միքայել սրբազանի երեք հայտարարություններին։ Մասնավորապես․
1)Եկեղեցում, որ դեմոկրատիա չկա, ո՞նց ենք ապրել 1700 տարի, Եկեղեցում էլ մտցրեք դեմոկրատիա, Եկեղեցին էլ կքանդվի։ Պատկերացրեք չորս տարին մեկ քահանաները հավաքվեն, առաջնորդ ընտրեն, կքանդվի, կվերջանա։
2)95 տարեկան մարդը, որը գիտակից չէ, գիտակցությունը կորցրած է, զառամախտի մեջ է, այդ խեղճ մարդու ընտրությունն ի՞նչ պետք է լինի։
3)Այն անգիտակից մասսան, որը 4 գիրք չի կարդացել, ընդհանրապես իրեն ոչինչ չի հետաքրքրում, նրան ընտրության թողնելը ո՞րն է։
Կարդացեք նաև
Նկատենք, որ Հայ Առաքելական Եկեղեցում ժողովրդավարական սկզբունքների բացակայության մասին խոսում է Գերագույն հոգևոր խորհրդի անդամն ու թեմի գործող առաջնորդը։ Սա իսկապես տարակուսելի է։ Եթե Եկեղեցում ժողովրդավարության սկզբունքները չեն գործում, ապա ինչի՞ համար են գումարվում Ազգային-Եկեղեցական, Գերագույն հոգևոր խորհրդի ու Վանական խորհրդի ժողովներն ու խորհրդակցությունները, որտեղ կարևորագույն հարցերը լուծվում են քվեարկությամբ։ Հայտնի է, որ Հայաստանից դուրս Հայ Առաքելական Եկեղեցու շատ թեմերում համայնքի կողմից պարբերաբար թեմի առաջնորդի ընտրություններ են տեղի ունենում և այդ թեմերը իրենց բնականոն ռիթմով գործում ու զարգանում են՝ խուսափելով ճահճացումից։ Ուստի, չեմ կարծում, որ Տիրոջ նախախնամության տակ գտնվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կարող է «քանդվել, վերջանալ», եթե թեմի առաջնորդները ժամանակ առ ժամանակ ընտրվելու և վերընտրվելու հնարավորություն կամ իրավունք ունենան։
Գալով 95 տարեկան մարդկանց քաղաքական ընտրություններին մասնակցելու անիմաստ լինելու թեզին, պետք է նշեմ, որ դա բացարձակ անընդունելի է։ Նախ, սրբազանի բնութագրմամբ, «զառամախտի մեջ տառապող ու գիտակցությունը կորցրած» որևէ մեկը երբեք ընտրություններին չի էլ մասնակցում։ Պարզապես արտահայտվել նրանց մասին նման շեշտադրումով՝ ենթատեքստում ընդգծելով նրանց անօգտակարությունը, չեմ կարծում, որ պատշաճ է հոգևորականի համար։ Եկեղեցու կողմից միշտ խրախուսելի է եղել խոր ծերության արժանացած մարդկանց հանդեպ խորին պատկառանք տածելը և պարսավելի՝ նրանց արհամարհելն ու իրավունքները սահմանափակելը։
Երրորդ հայտարարությանն էլ անդրադառնալով ասեմ, որ իրականության մեջ շատ մարդկանց կարելի է հանդիպել, ովքեր իրենց կյանքում «չորս հատ գիրք չեն կարդացել», բայց շատ հմուտ են կենցաղավարության մեջ։ Գրագիտությունն ու խելացիությունը միշտ չէ, որ շաղկապված են։ Անվիճելի է, որ գրագիտությունը առավելություն է և գրագիտության ու խելացիության համատեղությունը ավելի զորավոր է, սակայն նման բարեբախտությամբ չօժտված մարդկանց մասին Տիգրան Ավինյանի հոր ոճով խոսելը հոգևորականի պարագայում առավել անթույլատրելի է։ Չպետք է մոռանալ նաև, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի հաճախողների մեջ էլ ոչ բոլորն են գիտությունների երիտասարդ թեկնածուներ ու դոկտորներ։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ