«Փաստորեն Մովսես Խորենացուց մինչև ԳԱԱ հայոց պատմությունը սխալ էին մեկնաբանում, չէին հասկացել և Նիկոլն ակադեմիական մի հատոր կարդալուց կամ թերթելուց հետո հասկացել է, որ այդ ակադեմիական հատորը գրվել է ոչ ՀՀ դիրքերից։ Այնտեղ խոսք է գնում պատմական Հայաստանի մասին և պետք է խոսել բացառությամբ իրական Հայաստանի մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Նիկոլ Փաշինյանի ասած իրական Հայաստանը թուրքական վիլայեթացումն ու ՀՀ-ի ադրբեջանացումն է․ «Եթե Արարատ լեռից, արևմտյան Հայաստանից, մեր թագավորություններից, մեր ազատագրական պայքարից, սփյուռքից, հայ ժողովրդի հերոսական պայքարից, Արցախից չի կարելի խոսել, ինչի՞ց կարելի է խոսել։ Նիկոլ Փաշինյանին, որ լսես, իրական Հայաստանի պատմությունը պետք է սկսվի 2018-ի մայիսի 8-ին, երբ ինքը դարձել է ՀՀ վարչապետ։ Մինչև այդ էդ ժողովուրդը ոչ պատմություն է ունեցել, ոչ թագավոր, ոչ թագավորություն, ոչ հանրապետություն։ Երրորդ հանրապետությունն իրական չէր նիկոլիստներին, որ լսես, փաստորեն երրորդ հանրապետությունն իրական չէր։ Եվ նա փաստացի պատերազմ է հայտարարել Երրորդ հանրապետության բովանդակային և գաղափարական հիմքերին, նախևառաջ Անկախության հռչակագրին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ