Ինչպես գիտենք, 2018 թվականի հոկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան շենքի վնասման հետ կապված:
Նախաքննության ընթացքում տուժող կողմը հիմնավորել է այն հանգամանքը, որ հուշարձան շենքը քանդվել է ոչ թե անզգուշությամբ, այլ դիտավորության հետևանքով: Արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել մի շարք անձանց, այդ թվում «Օլդ սիթի» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Մաչանյանին:
Գործը քննում է քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության ավագ քննիչ Խաչատուր Գալստյանը, ով քննությունը ձգձգեց մոտ 5 տարի, ինչի հետևանքով մեղավորներն այլևս պատիժ չեն կրելու, քանի որ վաղեմության ժամկետներն այս ընթացքում անցան: Միակ հույսն այն է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում Գևորգ Մաչանյանը և նրա շվեյցարահայ գործատուն՝ Վարդան Սրմաքեշը, կփոխհատուցեն վնասը: Սակայն Խաչատուր Գալստյանը ընդհանուր գործից 2023 թվականի վերջին անհիմն առանձնացրեց «Օլդ սիթի» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Գևորգ Մաչանյանի հատվածը և հետագայում կարճեց այն:
Կարդացեք նաև
Այդ ժամանակվանից «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, որոնք քննչական մարմինը պարբերաբար մերժել է անհիմն կերպով, իսկ դատախազության կողմից համարժեք և իրավաչափ պատասխան այդպես էլ չի եղել:
Արդյունքում, արդեն երկու անգամ Գևորգ Մաչանյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը: Հիմնական շեշտադրումը եղել է այն, թե իբր Գևորգ Մաչանյանը շինարարական ոլորտից տեղյակ չէր, ուստի դիտավորություն չի ունեցել որևէ հանցանք կատարել։ Այսինքն՝ ստացվում է, թե իբր շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի՝ ՀՀ-ում իրականացվող բազմամիլիոնանոց շինարարություններն անտերության էին մատնված, ոչ ոք գործից չէր հասկանում, չէր հետևում, չէր հսկում, չէր վերահսկում, ինչն առնվազն անտրամաբանական է։
Իրավասու դատարանների 6 տարբեր դատավորներ, 6 տարբեր դատական ակտերով արձանագրել են, որ քննիչի այդ որոշումները ապօրինի են եղել:
2024 թվականի դեկտեմբերին քննիչ Խաչատուր Գալստյանը և հսկող դատախազն արդեն 3-րդ անգամ նույն պատճառաբանություններով դադարեցրել են քրեական հետապնդումը «Օլդ սիթի» ՓԲԸ-ի այժմ արդեն նախկին տնօրեն Գևորգ Մաչանյանի նկատմամբ, ինչը «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան կրկին բողոքարկել է: Ընդ որում, ամեն անգամ, երբ դատարանները հստակ արձանագրել են քննության թերությունները, քննիչն ու դատախազը դրանք չեն վերացրել, ավելի շատ քննության պատրանք է ստեղծվել։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում տուժող կողմի ներկայիս բողոքը քննում է դատավոր Սարգիս Դադոյանը:
Հուսով ենք, որ դատավոր Սարգիս Դադոյանը կգտնվի բարձրության վրա, թույլ չի տա, որ իրական մեղավորները խուսափեն պատասխանատվությունից և օբյեկտիվ մոտեցում կցուցաբերի, ինչպես նախորդ բոլոր դատարանները և դատավորները։ Հատկանշական է, որ նախորդ որոշմամբ նույն հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը շատ հստակ և օբյեկտիվ արձանագրել էր քննության թերությունները և տուժող կողմի իրավունքների խախտումները։
Նշենք նաև, որ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան շենքն այսօր առավել վթարային է դարձել և արդեն վտանգված է շենքի դիմային հատվածը: Օրեցօր շենքի ֆիզիկական գոյությունն էլ ավելի է վտանգվում և ամեն րոպեն շենքի համար կարող է ճակատագրական լինել:
Արդեն 7-րդ տարին է, մեղավորները ձևական բանակցություններով ձգձգում են գործընթացը և որևէ գործնական քայլ չեն անում ո՛չ շենքի ամրակայման ուղղությամբ, ո՛չ վնասների փոխհատուցման, և որևէ համարժեք առաջարկ մինչ այսօր չեն արել:
Հայ փոքրիկ երգիչներ