Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիվանդ մարդ եմ, պտի ստենտավորվեմ, չգիտեմ խոզերն ի՞նչ էնեմ, սպանդանոց չկա, մորթե՞մ, գողտուց ծախե՞մ»․ մսավաճառների բողոքի ցույցը՝ Շիրակի մարզպետարանի դիմաց

Փետրվար 03,2025 15:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր մի խումբ մսավաճառներ բողոքի ցույց էին անցկացնում Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց։ Նրանք կառավարությունից պահանջում էի նախ սպանդանոցների հարցը լուծել, հետո նոր մսավաճառներից պահանջել վաճառել սպանդանոցային մորթի ենթարկված միս։

Նրանք միաբերան պնդում էին, որ Շիրակի մարզում գեթ մեկ գործող սպանդանոց չկա, սակայն շարունակում են այս փաստն անտեսելով՝ տուգանքների ենթարկել իրենց։

Ախուրյանի տարածաշրջանի գյուղացիներից մեկը զայրացած ասաց․ «Չգիտեմ ապրանքը ո՞ւր տանեմ, վաճառեմ, չեն էլ վերցնում միսս, Շիրակի մարզը գործող սպանդանոց չունի, քուր ջան։

Ով փողատեր է, նա սպանդանոց ունի, նրանց ապրանքները ծախում են, գյուղացունը մնում է իրա վրա։ Ո՞ւր տանենք, ասեք։

Ես պարտք եմ վերցրել, անասնակերը գնել եմ, անասուններին պահել եմ, հիմի պիտի մորթեմ, որովհետև ստիպված եմ, հիվանդ մարդ եմ, պիտի ստենդավորվեմ, կարգ էլ չունեմ։

Չգիտեմ՝ որտե՞ղ ծախեմ, գողտո՞ւց ծախեմ։ Թող տուգանեն այն դեպքում, երբ գործող սպանդանոց կա, ես էլ գաղտնի՝ առանց սպանդանոցային մորթի կծախեմ։ Թող շինեն, մեզ էլ «զաստավիտ» անեն (պարտադրեն-խմբ.), տանենք, մորթենք։ Թող մեկը կանգնի, ասի, որ սպանդանոց կա Շիրակում»։

Մեկ այլ մսավաճառ էլ դժգոհեց, թե պարտադրում են գնալ այլ մարզերի սպանդանոցներ։

«Ասում են՝ մեզ հետաքրքիր չէ, որտեղ կա սպանդանոց, էնտեղ էլ գնացեք, մորթի ենթարկեք, սպանդանոց էլ կա Արմավիրում, Արագածում, Արմավիր հասնել, կլինի՞, էլ անասուն պահելու քյարը ո՞րն է»։

Մսավաճառները նաև դժգոհեցին, որ այս պատմության մեջ շահում են Լոռու մարզում բնակվող ազգությամբ եզդի երկու վերավաճառողներ։

«Եզդիները շատ լավ գիտեն՝ որ գյուղացու վարկի օրը երբ է, ինչքան պարտք ունի, էդ օրը գալիս են, գյուղացու ձեռքից էժան գնով առնում, տանում են Հոկտեմբերյան, մորթել են տալիս իրենց ծանոթների մոտ, էլի բերում տալիս են էս տղոնցը՝ մսավաճառներին: Սա ի՞նչ խաղ եղավ»,- զայրանում էր բողոքավորներից մեկը։

Սպիտակից բողոքի ցույցին միացած մի գյուղացի էլ դժգոհեց․ «Գյուղացուն լրիվ անտեսել են, իրենք իրենց տաք տեղը նստած որոշում են կայացնում ու ասում են՝ էսպես է, իսկ մնացածը ոնց կանի, ինչ կանի, իրենց բացարձակ չի հետաքրքրում։

Գյուղացու տանջանք ու չարչարանքը չեն գնահատում, գյուղացուն դարձրել են ամենավերջին մարդը։ Ասում են՝ թող անի, ստեղծի, մենք էլ նստենք տաք տեղներս, ուտենք»։

Նրանք նաև հավաստիացնում են, որ գյուղացիները ստիպված հարկադիր մորթի են ենթարկում խոզերին, արդեն 80 տոկոսը խոզ չի պահում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728