Նախաձեռնության մշակումը պայմանավորված է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի գործունեության շուրջ վեց տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք գործնական խնդիրների վերացմամբ, վերահսկողական գործիքակազմերի հստակեցմամբ եւ ծառայության զարգացման ներկա փուլում արդի մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:
Առաջին առանցքային փոփոխությամբ նախատեսվում է Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահել Պետական վերահսկողական ծառայությանը: «Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում Ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը վերակազմավորման արդյունքում հանվելու է նախարարության կազմից եւ գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ենթակայության ներքո»,- ընդգծել է զեկուցողը:
Նախաձեռնությամբ սահմանվել են ծառայության ընդհանուր իրավասությունները, առավել հստակեցվել են ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը` որպես վերահսկողության իրականացման եղանակներ:
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով սահմանվել են վերահսկվող օբյեկտների կոնկրետ շրջանակները: Մասնավորապես, ի թիվս այլոց, որպես վերահսկվող օբյեկտ են նախատեսվել վարչապետի եւ մարզպետների աշխատակազմերը:
Կարդացեք նաև
«Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու եւ հակազդելու նպատակով սահմանվել են օրենսդրական երաշխիքներ` այդ սուբյեկտների համար նախատեսելով վարչական պատասխանատվություն»,- նշել է ծառայության ղեկավարը: Ըստ նրա` ծառայության լիազորությունների շրջանակում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել տեղական ինքնակառավարման մարմիններին` տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Նախաձեռնությամբ կանոնակարգվում են որոշակի գաղտնիք համարվող տվյալների ստացման ընթացակարգերը: Զեկուցողը կարեւորել է այն հանգամանքը, որ առաջարկվող նոր իրավակարգավորումներով կստեղծվեն ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ` դրանով նպաստելով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին:
Ռոմանոս Պետրոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխություններին, ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթներին:
Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացրած որոշ առաջարկների հիման վրա լրամշակված օրինագծերի փաթեթը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 3-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:
Նիստում Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Կարինե Բադալյանը ներկայացրել է գրասենյակի 2024 թվականի տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ:
Նա նշել է, որ 2024 թվականի ընթացքում գրասենյակը մշտական հանձնաժողովներից ստացել է 24 հարցում: Ընդհանուր առմամբ, պատրաստվել եւ մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին ու պատգամավորներին է տրամադրվել 627 տեղեկանք:
ԱԺ