Խաղաղության օրակարգի հետ կապված իր ձախողումները քողարկելու համար Նիկոլ Փաշինյանը դիմեց էժանագին քայլի՝ իբր ՀՀ-ն գնում է ԵՄ։ Ալիևի՝ հակահայ հայտարարություններից հետո փորձելով շեղել հայ հանրության ուշադրությունը` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց դրական եզրակացություն տալ մի նախագծի, ըստ որի՝ պետք է իրականացվի հանրաքվե»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ ԵՄ օրակարգը ՀՀ-ի արտաքին քաղաքականության համար իրական օրակարգ չէ․ «Այս օրակարգն ուղղակի ֆարս է, բլեֆ, և եվրոպական որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի էլ ակնարկել, որ ՀՀ-ին սպասում են ԵՄ-ում։ Սա նույն բանն է, որ իմ ու ձեր հարևաններն առանց մեզ որոշեն, որ իրենց աղջիկներին մեր տղաները պետք է ուզեն, բերեն մեր տուն հարս»։
Էդուարդ Շարմազանովը ահազանգեց՝ եթե ՀՀ-ն վատթարացնի իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա հղի է լինելու մեր՝ քաղաքացիներիս յուրաքանչյուրի կենսամակարդակի կտրուկ նվազմամբ։ 165 դոլարով ենք մեր սահմանին ստանում գազ ՌԴ-ից, իսկ ԵՄ-ին ՌԴ-ն այդ գազն արտահանում է առնվազն 500 եվրոյով»։
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրման առիթով Էդուարդ Շարմազանովը հայտարարեց․ «Իբր թե ԱՄՆ-ից գալու են և ՀՀ-ին պաշտպանեն ադրբեջանաթուրքական ագրեսիայից։ Սա ավանտյուրա և նոնսենս է։ Այնտեղ ոչ միայն ակնարկ, այլև տառ ու ստորակետ չկա, որ ԱՄՆ-ն ունի պարտավորություն պաշտպանելու ՀՀ-ն արտաքին ագրեսիայից։ Փորձում են մեր ժողովրդի մոտ սխալ սպասումներ առաջացնել, որը բլեֆ է։ Թող տպավորություն չստեղծվի՝ մենք դեմ ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը, ամենևին՝ ոչ։ Բայց այսօրվա պայմաններում, երբ մեր տարածաշրջանում կան լուրջ հակասություններ, դրանով հակառուսական և հակաիրանական քայլեր իրականացնելով, Նիկոլ Փաշինյանն ավելի խոցելի է դարձնում ՀՀ անվտանգությունը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ