Տեղեկացրել էինք, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ժամանակավոր պաշտոնի էր նշանակել իշխանական ճնշումների տակ հրաժարական տված քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի քրոջը՝ Հասմիկ Սամսոնյանին։
Սարիկ Մինասյանը, պահպանելով օրենքի պահանջը, նրան նշանակել էր քարտուղարության բաժնի պետին փոխարինող, քանի որ պետը՝ Աննա Մեքինյանը, մեկնել է ֆիզարձակուրդ։
Հասմիկ Սամսոնյանը այդ նույն բաժնում աշխատում էր որպես գլխավոր մասնագետ, ու քանի որ բաժինը չունի տեղակալ, պետի պարտականությունները դրվել էին նրա վրա։
Այս նշանակումը Գյումրիում խոսակցությունների տեղիք էր տվել, թե «Բալասանյան դաշինքը» ներկայացնող Վարդգես Սամսոնյանն արտահերթ ՏԻՄ ընտրություններում պատրաստվում է պաշտպանել Սարիկ Մինասյանի թեկնածությունը, որի հետ Գյումրու քաղաքապետարանում Սամվել Բալասանյանի կառավարման տարիներին աշխատած ժամանակաշրջանում եղել է ջերմ հարաբերությունների մեջ։
Կարդացեք նաև
Եվ մինչ մենք պարզաբանում կստանայինք Վարդգես Սամսոնյանից, մեր ձեռք տակ հայտնվեց նրա քրոջ՝ Հասմիկ Սամսոնյանի աշխատանքից ազատման հրամանը (տես փաստաթղթում)։
Մեր հրապարակումից երկու օր անց Հասմիկ Սամսոնյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը և անմիջապես՝ նույն օրը ստորագրել է Սարիկ Մինասյանը։ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Մելսիկի Սամսոնյանին ազատել զբաղեցրած պաշտոնից 2025 թվականի փետրվարի 3-ից»,-գրված է փաստաթղթում։
Հրամանի մեջ նշված է, որ Հասմիկ Սամսոնյանը դիմումը ներկայացրել է հունվարի 31-ին։
«Բալասանյան դաշինքից» մեզ մեկ անգամ ևս հավաստիացրեցին, որ այս քայլով Սամսոնյան ընտանիքը ցույց է տալիս, որ իրենք Սարիկ Մինասյանին չեն սատարելու, տարածված խոսակցություններն իրականության չեն համապատասխանում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ