Ռուբեն Վարդանյանին որդին՝ Դավիթ Վարդանյանը պատասխանել է Ֆրանսիայում գործող AYPFM հայկական ռադիոյի հարցերին:
Հարցազրույցը՝ թարգմանաբար, որոշ կրճատումներով:
–Մինչև այսպես կոչված դատավարության սկիզբը Ձեր հայրը՝ Ռուբեն Վարդանյանը համարձակ քայլի գնաց և հայտարարեց այն, ինչ բոլորս էինք մտածում, որ այս մեկնարկած դատավարությունն ամբողջությամբ կեղծված է՝ կեղծ փաստաթղթերով, իրականության հետ որևէ աղերս չունեցած արձանագրություններ ստորագրելու պարտադրանքով: Իրապես, ի՞նչ կարող ենք ակնկալել այս դատավարությունից:
-Շատ կազմակերպություններ, ինչպիսիք են, օրինակ, Freedom House-ը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը Ադրբեջանը հռչակել են որպես աշխարհի ամենաանազատ երկրներից մեկը, այնպես որ մենք մեծ հույսեր չունենք այս «դատավարությունից»: Օրինակ, նախորդ ամիս հայրս փաստաթղթերը ստացել է ադրբեջաներենով, ունեցել է ընդամենը երեք շաբաթ՝ ավելի քան քսան հազար էջ կազմող գործին ծանոթանալու՝ Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրված թարգմանչի միջոցով: Տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունենում մյուսների դեպքում, մեզ հայտնի է, որ հորս գործը մյուսներից առանձին է քննվում, բայց ես կարծում եմ, որ մյուսների դեպքում էլ նույն իրավիճակն է: Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների համար ազատ երկիր չէ, առավել ևս հայերի համար այդպիսին լինել չի կարող:
Կարդացեք նաև
–Այնուամենայնիվ, զգացել ենք, որ Ձեր հայրը մարտական է տրամադրված, ցանկանում է պաշտպանել իր դիրքորոշումը, բարձրաձայնել այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել Արցախում, պաշտպանել Արցախի ժողովրդին: Արդյոք ունե՞ք այն զգացողությունները, որ նա այս դատավարությունն օգտագործելու է որպես հարթակ:
-Չնայած խոշտանգումներին և Բաքվում իր դեմ ուղղված անձնական բոլոր սպառնալիքներին՝ նա մեզ ասել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է իր համար, նա մարտական է տրամադրված, անդրդվելի է, նա ասում է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշմարտությունը: Հունվարի 17-ին՝ դատավարության առաջին օրը, նա առաջարկել է Ադրբեջանի դատարանին մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության բոլոր զոհերի հիշատակը ՝ անկախ ազգությունից: Չնայած իրավիճակին, չնայած ինչպես իր, այնպես էլ մյուս հայերի հանդեպ բոլոր անարդարություններին՝ հայրս ցանկանում է ասել, որ միակ ընտրությունը, որ մենք ունենք՝ ապրելն է առանց պատերազմի աշխարհում, միմյանց հետ բանակցելն է և փոխադարձաբար միմյանց հասկանալը:
–Հասկանալի է, որ այս դատավարությունը կողմնակալ է լինելու, և որ դատավճիռն ի սկզբանե կասկած չի հարուցում, քանի որ Ադրբեջանը ցանկանում է վրեժ լուծել Արցախից, բայց ի՞նչ կարելի է ակնկալել մասնավորապես Ֆրանսիայից կամ Եվրոպայից՝ այս ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար:
-Ճիշտ նկատեցիք, որ այս դատավարությունը սովորական, բաց դատավարություն չէ, Ադրբեջանում արդարադատության համակարգ գոյություն չունի, ահա թե ինչու հայ ռազմագերիների միակ պաշտպանությունը կարող է լինել միջազգային հանրության և դեմոկրատական երկրների կառավարությունների գործողությունները:
Օրինակ՝ հայրս ինձ ասել է, որ իր փաստաբանը չի կարողանում հավուր պատշաճի պատրաստել իր պաշտպանությունը, ահա թե ինչու Ադրբեջանից պետք է պահանջել, որ եթե դատավարությունը բաց է, ապա ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի լրագրողներ պետք է կարողանան գնալ Ադրբեջան, ներկա գտնվել այդ նիստերին և լսեն, թե ինչ է իրականում տեղի ունենում այնտեղ, որովհետև չնայած հայտարարված «բաց դատավարությանը», միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցներն են դրան մասնակցում: Երկրորդ բանը կարող է լինել կոչը Ֆրանսիայի կառավարությանը՝ ավելի շատ խոսելու Ադրբեջանի այս անարդարություններից և ճնշում գործադրելու Եվրոպական միության վրա, որպեսզի դադարեցնեն բոլոր գործարքները Ադրբեջանի հետ: Դա միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցը չէ, դա նաև սեփական քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի հարց է, Ադրբեջանում կա 300-ից ավելի քաղբանտարկյալ, և եթե թույլ է տրվում, որ Ադրբեջանը նման կերպ վարվի հայ ռազմագերիների հետ, վստահ եմ, որ այդ երկիրն ավելին կանի ընդդեմ Հայաստանի, ընդդեմ իր սեփական քաղաքացիների, ֆրանսիացի, եվրոպացի զբոսաշրջիկների դեմ:
–Ադրբեջանն ասում է, որ Ֆրանսիան արդեն Հայաստանի կողքին է: Իսկ ահա բացի Ֆրանսիայից, էլ ո՞վ կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի և Իլհամ Ալիևի վրա: Օրինակ՝ Դուք ինչ-որ բան ակնկալո՞ւմ եք Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփից: Արդոք կարծո՞ւմ եք, որ նրա միջամտությունը կարող է ինչ-որ փոփոխության հանգեցնել:
-Մենք շատ սպասելիքներ ունեինք ԱՄՆ նախկին նախագահից Ցեղասպանության հետ կապված, նա շատ բան էր խոստացել հայերին, բայց շատ բան չարեց: Դրանք միայն խոսքեր էին, որոնց գործողություններ չհաջորդեցին: Այժմ մենք հույսեր ունենք ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ կապված: Դոնալդ Թրամփը գրել էր, որ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների իրավունքները, և մենք տեսանք, որ նոր վարչակազմի մաս կազմեցին Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամներից ոմանք: Ես գիտեմ, որ մարդու իրավունքների, հատկապես՝ քրիստոնյաների իրավունքների հարցը շատ կարևոր է նրանց համար, ահա թե ինչու մենք լիահույս ենք, որ այս վարչակազմը և նախագահ Թրամփը կարող են օգնել հայ ռազմագերիներին այս հարցերում:
–Եթե դատավճիռը բարենպաստ չլինի, իսկ իրականում քիչ հնարավորություն կա, որ այն բարենպաստ կլինի, արդյոք նախատեսո՞ւմ եք դիմել միջազգային դատական ատյաններին՝ նրանց ազատ արձակման հարցը միջազգային դատարանների մակարդակում բարձրացնելու համար:
-Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել, այն է, որ շարունակելու ենք աշխատել հասնելու համար նրան, որ Ադրբեջանի կառավարությունը հարգի հայերի իրավունքները: Դա շատ կարևոր է, սակայն առանց միջազգային քաղաքական աջակցության այդ քայլերը արդյունավետ լինել չեն կարող:
Free Armenian Prisoners