Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ վտանգ կա, որ վաղը Մեղրիի տարածքով միջանցք կտան, հանրությանը նախապատրաստում են, որ հետո ասեն՝ դե Մեղրին մենք չտվեցինք, Քոչարյանն էր տվել»

Փետրվար 03,2025 13:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ադրբեջանը գործում է շատ հստակ ծրագրով, ինչ հնարավոր է՝ ստանում է խաղաղ ճանապարհով, իսկ ինչը չէ, հռետորաբանությունը սկսում է աճել, ռազմաշունչ հայտարարությունների վտանգները դառնում են ավելի անմիջական։ Եվ այդպիսով ստանում է իր ուզածը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական զորքերը, օկուպացնելով ՀՀ տարածքները, չեն պատրաստվում որեւէ տեղ նահանջել։ Իսկ այն, ինչ իրենք կարծում են, որ իրենցն է, ստանալու են այս «սահմանազատման» ճանապարհով։

«Հետաքրքիրն այն է, որ իշխանություններն ասում են՝ սահմանազատում-սահմանագծումով խաղաղ կստանանք մեր ուզած սահմանները, բայց իրականության մեջ Ադրբեջանն այդ խաղաղ ճանապարհով ստանում է այն, ինչ ինքն է ուզում։ Հիմա անկլավների խնդիրն է առաջանում, նույն Տավուշում ամեն ինչ դեռ ավարտված չէ։ Մեր ամենակահավորված առաջնագիծը քանդեցին, անպաշտպան վիճակ են ստեղծում մեզ համար, հետո ավելի հեշտ է նոր տարածքներ կորզել։ Հիմա մնում է մյուս տարածքների հարցը, այնտեղ, գիտեք, անկլավների հետ կապված հարցեր կան։ Ամենագլխավոր հարցը, որի պատասխանը չհնչեց ԱԺ ամբիոնից, որը Գառնիկ Դանիելյանը հնչեցրեց, այն է, որ կա միջպետական ճանապարհ, Կիրանցից դեպի վրացական սահման ճանապարհ է անցնում, այդ ճանապարհից որեւէ հատված անցնո՞ւմ է Ադրբեջանի վերահսկողությանը, թե ոչ։ Տեսաք, որ ոչ մի պատասխան չտվեց, լղոզում է»,- նշեց Արմեն Ռուստամյանը։

Անդրադառնալով Մեղրիի շուրջ ձեւավորված բանավեճին՝ Արմեն Ռուստամյանն ասաց․ «Պատրաստվում են նոր կենսական զիջումների։ Եթե հիշում եք, Արցախը տալուց առաջ հայտարարում էին, որ Արցախի հարցը վաղուց լուծված էր, Արցախը տրված էր մեզնից առաջ, բանակցությունները միշտ գնացել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ։ Կհիշեք այս բարբաջանքները, որոնք իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Դրա հետեւանքը եղավ այն, որ Արցախը հանձնվեց։ Հիմա մեծ վտանգ կա, որ այս ամենի արդյունքում կարող է վաղը Մեղրիի տարածքից այդ ճանապարհ կոչվածը, միջանցք կոչվածը, արտատարածքային ինչ-որ կապ կոչվածը․․․ Այդ հարցի լուծումը հասունացել է։ Հանրությանը նախապատրաստում են, որ հետո ասեն՝ դե Մեղրին մենք չտվեցինք, մինչ այս էլ Մեղրին տված էր»։

Ռուստամյանն ասաց, որ այդ առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել էր Հեյդար Ալիեւի կողմից, որը մերժվել է։ «Դրանից հետո եկել հասել են Քի Վեստին, իսկ Քի վեստի փաստաթուղթը հրապարակված է, նոր բացահայտելու բան չկա։ Այսինքն՝ տեսեք՝ ինչ աբսուրդի մեջ ենք մենք հայտնվել, դուրս է գալիս, որ Քոչարյանը Մեղին տալիս է, բայց Մեղրին այսօր մեր տիրապետության տակ է։ Այն, ինչ Քոչարյանը տալիս էր, մեզ է մնացել, բայց էն, ինչ Նիկոլն է տալիս, արդեն Ադրբեջանինն է։ Լավ, այս աբսուրդը ինչքա՞ն կարելի է ընդունելի համարել եւ այդ տրամաբանությունը շարունակել։ Ընդհակառակը, շատ լավ է, որ այս բացահայտումներն արվում են, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, թե ի վերջո ում շահից էր բխում Մեղրին տալը»,- հավելեց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728