Վերջին ժամանակաշրջանում Արդարադատության նախարարությունն ստանում է դիմումներ որոշ արբիտրաժային հաստատությունների գործունեության և արբիտրաժային վճիռների իրավաչափության վերաբերյալ: Այդ դիմումներով բարձրացրած հարցերից պարզ է դառնում, որ քաղաքացիները կարող են ստանալ արբիտրաժային վճիռներ, որոնք առերևույթ հակասում են օրենսդրությանը:
Ուստի անհրաժեշտություն է առաջացել անդրադառնալ արբիտրաժի վերաբերյալ մի քանի կարևոր հարցերի.
Ի՞ՆՉ Է ԱՐԲԻՏՐԱԺԸ ԵՎ Ի՞ՆՉ ՎԵՃԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼՈՒԾՎԵԼ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԻՋՈՑՈՎ
Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային եղանակ է, որի ընթացքում կողմերը համաձայնում են իրենց վեճը լուծել անկախ արբիտրների միջոցով՝ դատարանի փոխարեն: Այսինքն, արբիտրաժը պետական դատարան չէ, թեև դրա վճիռները հարկադիր կատարվում են պետության կողմից:
Կարդացեք նաև
Արբիտրաժի միջոցով լուծման ենթակա են միայն քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող «առևտրային» վեճերը, օրինակ`
• բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև վեճերը,
• ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման, վարձակալության, լիզինգի և այլ գործարքներից (պայմանագրերից) բխող վեճերը,
• համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական համագործակցության այլ ձևերից բխող վեճերը,
• փոխադրումների (ծովային, օդային, երկաթուղային և ավտոմոբիլային) հետ կապված վեճերը,
• և նմանաբնույթ այլ վեճեր:
Օրենքով ուղղակիորեն կարող են նախատեսվել նաև որոշ դեպքեր, երբ կոնկրետ վեճը նույնպես ենթակա կլինի արբիտրաժին. օրինակ՝ աշխատանքային վեճերը։ Այն գործերը, որոնք քրեական կամ վարչական ոլորտի են, կամ քաղաքացիական ոլորտի հարցեր են, բայց չունեն առևտրային բնույթ, արբիտրաժին ենթակա չեն: Դրանց վերաբերյալ արբիտրաժային վճիռն իրավաբանական ուժ չի կարող ունենալ:
Այսպես, օրինակ, արբիտրաժին ենթակա չեն լինի.
– ընտանեկան հարաբերություններից բխող ոչ գույքային բնույթի գործերը, օրինակ` հայրության փաստի ճանաչում, ծնողական իրավունքներից զրկում և այլն,
– անձնական բնույթի այլ հարցերը, օրինակ` անունի, ազգանվան փոփոխություն, էմանսիպացիա և այլն,
– իրավաբանական փաստերի ճանաչումը, օրինակ` սեփականության իրավունքի ճանաչում, ժառանգության ընդունում և այլն։
ԱՐԲԻՏՐԱԺԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ. Արբիտրաժը կիրառելի է միայն այն դեպքում, եթե կողմերի միջև կա արբիտրաժային համաձայնություն, որը պետք է լինի գրավոր և կարող է ձևավորվել՝
• առանձին համաձայնագրով (պայմանագրով), կամ
• պայմանագրում արբիտրաժային վերապահման կետ նախատեսելու միջոցով:
Կողմերը արբիտրաժային համաձայնությունն ամրագրում են ստորագրությամբ կամ կապի միջոցներով (օրինակ՝ նամակագրությամբ, հեռագրերով, էլեկտրոնային հաղորդագրություններով) փոխանակվող հաղորդագրություններով։ Այսինքն, եթե կողմը չի ստորագրել արբիտրաժային համաձայնությունը, ուրեմն նրա մասնակցությամբ չի կարող իրականացվել արբիտրաժային գործընթաց: Եթե որևէ արբիտրաժային հաստատություն կամ ձեզ հետ վեճի կողմ հանդիսացող անձ առաջարկում է մասնակցել արբիտրաժում վեճի լուծմանը, նախ համոզվեք, որ ձեր միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն։ Բացի այդ, եթե ծանուցվել եք, որ ձեր վերաբերյալ կայացվել է արբիտրաժային վճիռ, սակայն դուք երբևէ արբիտրաժային համաձայնություն այդ վեճի վերաբերյալ չեք կնքել, ապա պետք է դիմեք դատարան, որպեսզի այդ վճիռը չեղարկվի:
ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՉԵՂԱՐԿԵԼ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎՃԻՌՆԵՐԸ ԵԹԵ.
1. արբիտրաժային համաձայնությունն անվավեր է (ներառյալ՝ եթե կողմը չի կնքել արբիտրաժային համաձայնություն),
2. վճիռը դուրս է գալիս արբիտրաժային համաձայնության կարգավորման շրջանակից,
3. կողմը պատշաճ չի ծանուցվել արբիտրաժի մասին,
4. արբիտրաժային տրիբունալը ձևավորվել է կողմերի համաձայնության կամ օրենքի խախտումներով,
5. տվյալ վեճը ենթակա չէ լուծման արբիտրաժի կողմից: (առավել մանրամասն տե՛ս «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 34-րդ հոդվածում) Արբիտրաժը վեճերի լուծման իրավական արդյունավետ մեխանիզմ է, եթե դրա կիրառումը համապատասխանում է օրենքին։
Արդարադատության նախարարությունը խրախուսում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների, այդ թվում՝ արբիտրաժի կիրառումը ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ, այլապես ձեր իրավունքները կմնան չպաշտպանված:
ՀՀ արդարադատության նախարարություն