2025 թվականի տարեսկզբին Իրավական նախաձեռնությունների կենտրոնին է դիմել «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող, օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կալանավորված կանացից մեկը։ Նա դժգոհություններ է ներկայացրել թարգմանչական ծառայությունների վերաբերյալ։ Մասնավորապես նշել է իր կասկածների մասին առ այն, որ թարգմանություն ապահովող անձը դատական նիստերի ժամանակ քննարկվող հարցերը ոչ ամբողջությամբ և ոչ լիարժեք ճշտությամբ է թարգմանում, բանավոր թարգմանությունից բացի իրեն դատարանի որոշումները գրավոր ձևով թարգմանած չեն տրամադրում կամ իրեն չեն օգնում ծանոթանալ այդ որոշումների բովանդակությանը։ Կինը մտահոգություններ է ներկայացրել նաև հանրային պաշտպանից՝ նշելով, որ վերջինս դատական նիստերից դուրս հանդիպումներ չի ունենում իր հետ և չի քննարկում կամ տեղեկատվություն չի տրամադրում դատական գործի ընթացքի և մանրամասների մասին։
Վերոգրյալի հիման վրա Կազմակերպությունը 2025 թվականի հունվարի 10-ին դիմել է Արդարադատության նախարարությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչպես է ապահովվում դատական նիստերի ժամանակ թարգմանչական ծառայությունը, արդյոք այն տրամադրվում է Արդարադատության նախարարության կողմից։ Նաև առաջարկել է ապահովել, որպեսզի «Աբովյան» ՔԿՀ-ի համապատասխան մասնագետները պատշաճ քայլեր ձեռնարկեն և կալանավորված կնոջը տեղեկացնեն թարգմանչի և հանրային պաշտպանի ներգրավման, թարգմանչին փոխելու, ինչպես նաև դատական նիստերից դուրս հանրային պաշտպանի հետ հանդիպման ընթացակարգի մասին։
Արդարադատության նախարարությունը գրությունը վերահասցեավորել է Քրեակատարողական ծառայությանը, որտեղից 2025 թվականի հունվարի 30-ին Կազմակերպությանը պատասխանել են, որ թարգմանչին ներգրավելու և համապատասխան վարձատրության հարցն իրականացվում է դատարանի կողմից, ինչը նախատեսված է «ՀՀ Դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով։ Ըստ նշված օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետի՝ հայերենին չտիրապետող մեղադրյալին դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով, բացառությամբ այն դեպքերի, երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը:
Պատասխան գրությամբ ներկայացվել է նաև «Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից տրամադրված տեղեկանքն այն մասին, որ ըստ Քրեակատարողական ծառայության և «Կրթարան Սոնա» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված Քրեակատարողական կարիքների համար թարգմանչական և սուրդո թարգմանությունների ծառայությունների մատուցման թիվ «ՀՀ ԱՆ ՔԿԾ-ԹԾՁԲ-24/1» պայմանագրի՝ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող օտարերկրացի կալանավորված կնոջը տրամադրվել է 13 թարգմանչական ծառայություն։
Կարդացեք նաև
2024 թվականի մայիսի 17-ին կալանավորված կնոջը թարգմանչի միջոցով բացատրվել են իր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ պաշտպան ունենալու և թարգմանիչ ներգրավելու, հիմնարկի ներքին կանոնակարգի դրույթները, Հայաստանում ապաստան հայցելու իրավական ընթացակարգը։
Կարծում ենք, որ կալանավորված օտարերկրացի կնոջ անհանգստությունը կարող է կապված լինել դատական պրոցեսներով պայմանավորված անորոշության զգացողության հետ։ Այս համատեքստում Կազմակերպությունը բազմիցս բարձրաձայնել է այն խնդրի մասին, որ օտարերկրացի քաղաքացիություն ունեցող անձինք քրեակատարողական հիմնարկներում լեզվական խոչընդոտների պատճառով դժվարություններ են ունենում սոցիալ-հոգեբանական ծառայությունների բավարար հասանելիության տեսանկյունից:
Հետևաբար` մեր մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է առավել գործուն միջոցներ ձեռնարկել՝ ազատազրկված օտարերկրացի անձանց տրամադրվող թարգմանչական ծառայությունների շրջանակում սոցիալ-հոգեբանական աջակցությունը պատշաճ ձևով հասանելի դարձնելու համար։
Իրավական նախաձեռնությունների կենտրոն