ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այսօրվա հայտարարությանը, որ հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքողները պետք է վերջ տան քաղաքական շոուներին։
«Ինքն ո՞վ է, որ ասի՝ վերջ տան կամ վերջ չտան։ Դա մեր ժողովրդի իրավունքների համար պայքար է։ Եվ եթե ինչ-որ մեկը պետք է վերջ դնի, իրենք պետք է վերջ դնեն մարդկանց գրպանը մտնելուն, մարդկանց թալանելուն, մարդկանց պայմաններն անընդհատ վատթարացնելուն։ Մենք վերջին օրերին խոսում ենք մեր քաղաքացիների հետ, ասում են, որ այս թանկացումներն անտանելի են։ Մարդիկ ասում են, որ արդեն ի վիճակի չեն այդ թանկացումների հետեւից հասնելու։ Ո՞րն են համարում շոու, որ թոշակառուն չի հասցնո՞ւմ իր կոմունալ վճարները տալ։ Իրենց վոյաժները՝ 7 մլն 650 հազար դրամ են տալիս, թռնում են Ամերիկա, 20-30-ով ծառայողական մեքենաներն ավելացնում են, որ մեկն ասես»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Նա հավելեց․ «Լավ կլինի, որ թե Ավինյան Տիգրանը, թե ՔՊ-ի այլ դերակատարներ նստեն երթուղային եւ լսեն, թե մարդիկ ինչ կարծիք ունեն իրենց մասին։ Մարդիկ ասում են, որ խաբված են, այդ մարդկանց լկտիաբար, ստորաբար խաբել են ու շարունակում են խաբել։ Մարդիկ ասում են, որ այլեւս հանդուրժել չի լինի։ Իհարկե, մի քանի մարդ էլ ենք ֆիքսել, որ գոհ են այս վիճակից, բայց պարզվել է, որ մեկը ՊՈԱԿ-ի աշխատող է, մյուսը քաղաքապետարանի աշխատող է, միայն նրանք են գոհ»։
Կարդացեք նաև
Դանիելյանի խոսքով՝ Հայաստանի պետական պարտքը ավելանում է, բյուջեն դատարկ է, չեն կարողանում գումարներ հավաքել, քանի որ իշխանությունները բոլոր ոլորտները քանդել են։ Եվ հիմա փորձում են ժողովրդի գրպանից «կոպեկ առ կոպեկ», «քյաբաբ առ քյաբաբ» քաշել։ «Այսինքն՝ քյաբաբ առ քյաբաբ, կոպեկ առ կոպեկ ընկել է այս ժողովրդի ջանին»։
Քաղաքացիներից մեկը հարց ուղղեց Գառնիկ Դանիելյանին․ «Ծառայում եմ Քանաքեռի զորամասում, ի՞նչ երաշխիք ունեմ, որ բոյկոտելու դեպքում Փաշինյանն ինձ չի հեռացնի աշխատանքից։ Կարող է` ես այսօր բոյկոտեմ, վաղը գնամ զորամաս, հրամանատարն ինձ կանչի, ասի՝ դե դիմումդ գրի»։
Գառնիկ Դանիելյանն ասաց, որ աշխատանքային պայմանագրում չկա նման կետ, որ քաղաքացու՝ բոյկոտի գործողություն իրականացնելու դեպքում իրեն կարողանան ազատել աշխատանքից։ «Ես 100 տոկոսով վստահ եմ՝ եթե որեւիցե մեկը համարձակվի քաղաքացուն սպառնալ, որ աշխատանքից կազատի, այդ մարդը կվռնդվի իր պաշտոնից, ամբողջ աշխարհով մեկ խայտառակ կլինի ու կպատժվի»,- ասաց Դանիելյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ