Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ մետրոպոլիտենում. օտարերկրյա 5 քաղաքացի է ձերբակալվել

Փետրվար 03,2025 11:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Փետրվարի 1-ին ժամը 21:12-ի արտակարգ դեպք է տեղի ունեցել Մետրոպոլիտենում: «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթեւեկող գնացքն արտակարգ կանգառ է կատարել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է STOP կոճակը, գնացքն արգելակել է»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:

Նա տեղեկացրեց, որ մինչ մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել են պատն ու ներկել գնացքը: Քրեական գործ է հարուցվել ԱԱԾ-ի, մետրոպոլիտենի ոստիկանության կողմից, 5 քաղաքացի ձերբակալվել է:

ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ «Փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները:

Պարզվել է հանցագործությունը կատարած օտարերկրյա քաղաքացիների ինքնությունը։

Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու:

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728