JAMnews. Հայաստանում, ավելի ստույգ՝ Երևանում, մասնավոր դպրոցների մեծ պահանջարկ կա: 50-ից ավելի մասնավոր դպրոցներում կրթությունը վճարովի է, կրթության որակը` տարբեր։ Ծնողը կարող է ընտրել՝ ելնելով դրանից, թե ուսման որակի ինչ ակնկալիքներ ունի տվյալ կրթօջախից, կրթական ծրագրից, ինչ հավելյալ ծառայություններ է ուզում ստանալ:
Մասնավոր դպրոցների վարձավճարները բարձր են։ Որոշ դեպքերում գերազանցում են նույնիսկ բուհական վարձավճարները՝ տարեկան հասնելով մինչև 3,5 մլն դրամի:
Մի ընտանիքի պատմություն
Հասմիկն իր 10-ամյա տղային պետական դպրոցից տեղափոխել է մասնավոր դպրոց, որի համար ամսական վճարում է 70 հազար դրամ: Տեղափոխումը պայմանավորում է ոչ թե կրթության որակով, այլ երեխայի հանդեպ ուսուցիչների վերաբերմունքով:
«Ես երկու տեղ եմ աշխատում։ Շատ ժամանակ չեմ ունենում երեխայի կրթությամբ զբաղվելու համար։ Որպեսզի միշտ դասերին պատրաստ լինի, դպրոցից դուրս երեխան գնում էր դասապատրաստման։ Դրա համար 40 հազար դրամ էի վճարում: Անկեղծ ասած, որակից գոհ չէի։ Կարծես անգիր էր անում առանց հասկանալու»,- պատմում է Հասմիկը:
Նրա խոսքով՝ ուսուցիչները երեխայի ունեցած գիտելիքների, ունակությունների մասին հարցերին, նույն պատասխանն են միշտ տվել։ Ասել են, եթե դասերից դուրս իրենց մոտ լրացուցիչ պարապի, հնարավոր է և հասցնի ընկալել առարկան, հետ չընկնի համադասարանցիներից:
Արդեն մեկ տարի է, ինչ երեխան հաճախում է մասնավոր դպրոց։ Եվ մայրն արդեն զգում է, թե ինչ հաջողությունների է երեխան հասել․
«Նախ ինքնուրույն է պատրաստվում դասերին։ Այն, ինչ չի հասկանում, դասերից հետո նաև տնից նամակագրությամբ պարզաբանում է ուսուցիչների հետ: Դարձել է ավելի ինքնավստահ, սկսել է գրքեր կարդալ։ Օնլայն անգլերեն է սովորում երկու դասընկերների հետ: Ինձ մտահոգող ճնշվածությունն անցել է։ Ինքը շատ էր նեղվում, որ ուսուցիչներն իրեն չէին նկատում կամ դաս պատասխանելիս միշտ վատ էին տրամադրվածություն էին ունենում»։
Նոր դպրոցում ծնողին չեն խոստացել, որ երեխան նկատելի կրթական հաջողություններ կունենա։ Փոխարենն ասել են՝ կլինի այնպիսի միջավայր, որտեղ խրախուսվում է գիտելիքը, հետազոտական աշխատանքն ու ինքնակրթությունը:
Մայրը շատ չի խոսում մասնավոր դպրոցի կրթության որակի մասին։ Բայց նկատում է միջավայրի փոփոխությունը, ուսուցիչների դրական տրամադրվածությունը, կրթության պրակտիկ մասի պարտադիր անցկացումը:
«Գրեթե բոլոր առարկաների տեսական մասից բացի ունենում են գործնական, լաբորատոր դասաժամեր։ Դրանցից մեկի ժամանակ էլ իմ տղան այնքան է տարվել տեխնիկայով, որ դասարանցիներն ու ուսուցիչը սենյակից դուրս են եկել, իսկ ինքը մնացել է կողպված տարածքում»,- ժպտալով պատմում է նա:
Ինչ սպասելիքներ ունեն ծնողները մասնավոր դպրոցներից
Ֆեյսբուք սոցիալական ցանցում #մասնավորդպրոց հեշթեգով որոնումների արդյունքում հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս: Ծնողներին վարձավճարներից ավելի հետաքրքրում է՝ արդյո՞ք դպրոցն ունի
երեխաների տեղափոխման ծառայություն,
առողջ սնունդով ճաշացանկ,
պարտադիր դասապատրաստում,
արտասահմանում ճամբարների կազմակերպման հնարավորություն և այլն:
Ծնողներն ուզում են, որ երեխաներին թվանշաններով չծանրաբեռնեն, բացահայտեն ուժեղ կողմերը, սովորեցնեն մտածել և ոչ թե անգիր անել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: