Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն մերժեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անհատական դիմումը

Փետրվար 03,2025 12:30

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ (ներկայացուցիչ՝ փաստաբան Ռուզաննա Հարությունյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունվարի 15-ին:

Ներկայացնելով թիվ ԵԴ/34718/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ տվյալ գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասին (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) տրված մեկնաբանությունը խախտում է Սահմանադրության 79-րդ հոդվածը, ինչպես նաեւ հանգեցնում` դիմողի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման: Ըստ նրա՝ ստացվում է, որ վիճարկվող հոդվածի կիրառումը բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը չի հանդիսացել գործատուի նախաձեռնությունը՝ կարող է հանգեցնել գործատուի սեփականության իրավունքի խախտման։ Մասնավորապես, նման պարագայում գործատուի վրա դրվող պարտականությունները կարող են հանգեցնել ինչպես վերջինիս գույքային դրության վատթարացման, այնպես էլ խախտել վերջինիս շահերը՝ իր սեփականության իրավունքի հետ կապված:

Դիմողի պնդմամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից հետեւում է, որ այն կիրառելի է այն դեպքերում, երբ աշխատանքային պայմանագիրը դադարեցվել կամ լուծվել է գործատուի նախաձեռնությամբ: Հակառակ պարագայում նշված նորմում անիմաստ կլիներ օրենսդրի կողմից ընդհանրապես օգտագործել «գործատուի նախաձեռնությամբ» եզրույթը:

Ըստ այդմ, դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.

1.Մինչեւ «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 03.05.2023թ. թիվ ՀՕ-160-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը կիրառելի է նաեւ ոչ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերի նկատմամբ, ճանաչել Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող եւ անվավեր:

2.ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ, 397-րդ հոդվածների եւ 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանը կարող է չպատճառաբանել Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը, ճանաչել Սահմանադրության 1-ին, 61-րդ եւ 63-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:

3.ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքում առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միեւնույն նորմը հակասող մեկնաբանությամբ կիրառված կամ չկիրառված լինելու հանգամանքը հիմնավորված լինելու դեպքում Վճռաբեկ դատարանը կարող է համարել, որ առկա չէ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ եւ 171-րդ հոդվածներին:

4.«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի նկատմամբ թիվ ԵԴ/34718/02/22 քաղաքացիական գործով կայացված Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը ճանաչել նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ թիվ ԵԴ/34718/02/22 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 2024 թվականի հունիսի 26-ին:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ այս անհատական գործով դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերի 27-ին, մինչդեռ դիմումը դիմողի կողմից փոստային ծառայությանն է ներկայացվել 2025 թվականի հունվարի 13-ին՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց ամիս անց: Այսինքն, անհատական դիմումը Սահմանադրական դատարան ներկայացվելու պահին արդեն իսկ լրացել էր Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Հետեւաբար, Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության մյուս պայմաններին, եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման:

Նշենք, որ անհատական դիմումները ՍԴ դատական կազմում հունվարին եղել են յոթը, որից երկուսը՝ ՍՊ ընկերություններ էին՝ «Երեւանշին», «Տրանսպիմպեքս», մեկը՝ ՓԲԸ, իսկ աշխատակարգային որոշումները, որոնք կայացվել են անհատական դիմումների հիման վրա հունվարին, եղել են նույնքան՝ յոթ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728