Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ տաբատիդ գրպանում ադամանդ են գտնում

Փետրվար 03,2025 12:00

Ա. Խ.-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան, ապա անցել դատական երկու ատյաններով: ՀՀ վճռաբեկ դատարանը հունվարի 27-ին կայացրեց որոշում:

Ա.Խ.-ն պահանջել էր վերացնել կոմիտեի իրավաբանական վարչության պետի 2022 թ. նոյեմբերի 11-ի որոշումը: ՀՀ վարչական դատարանը հայցը բավարարել էր, կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել էր: Վճռաբեկ բողոք էր ներկայացրել ՀՀ պետեկամուտների կոմիտեն:

Կոմիտեն հայտնել էր, որ վերաքննիչ դատարանի կողմից չեն ուսումնասիրվել գործում ներկայացված ապացույցները, ինչպես նաեւ կոմիտեի փաստարկները սխալ են մեկնաբանվել:

Վճռաբեկ բողոքում, ՀՀ պետեկամուտների կոմիտեն հայտնել էր, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի գլխավոր մասնագետի կողմից կազմված անձնական մաքսային զննման ակտի համաձայն, Ա.Խ.-ն կամավոր հանձնել է իր գրպանում առկա սպիտակ պոլիէթիլային թափանցիկ թաղանթով փաթեթավորված երկու փաթեթ, որում եղել են քառասունմեկ ադամանդի նմանվող եւ երեսունյոթ փոքր քարեր: Տիկինը Դուբայով էր եկել Հայաստան…

Նշանակվել էր ապրանքագիտական համալիր փորձաքննություն: Պարզվել էր՝ քարերը համարվում են բնական ադամանդներ: Ա.Խ-ն ճանաչվել էր զանցառու:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ. «Հայցվորն իր մոտ ունենալով հայտարարագրման ենթակա ապրանքներ, դրանք անտեսանելի վայրում պահելով, հատել է «Կանաչ ուղի» գիծը, որպիսի փաստն արդեն իսկ բավարար է, հաստատված համարելու, որ հայցվորն, ըստ էության, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող միջոցով փորձել է թաքցնել իր մոտ առկա թանկարժեք քարերը»:

Վճռաբեկ դատարանը ՊԵԿ-ի բողոքը բավարարել է, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, մերժել Ա.Խ.-ի հայցը:

Գործով զեկուցողն էր նախագահողը՝ Հ. Բեդեւյանը:

Գրեթե նույնանման գործ էր քննել եւ որոշում կայացրել Վճռաբեկ դատարանը նույն օրը, դարձյալ ՊԵԿ-ի բողոքի հիման վրա:

Վ.Ա.-ն նույնպես հատել էր օդանավակայանի «Կանաչ ուղին»: Նրա գոտկատեղից կապված վիճակում զարդեր էին հայտնաբերվել:

Նա հայտնել էր, որ դրանք անձնական նպատակներով են ձեռք բերվել, մտադիր չի եղել վաճառել, եւ չի իմացել, որ դրանք ենթակա են հայտարարագրման, անձամբ է մատնացույց արել դրանց գտնվելու վայրը: Նա հրաժարվել էր ստորագրել ակտը:

Վ.Ա.ն էլ եկել էր Ստամբուլից: Նրա մոտ կար մեկ թեւնոց, երկու վզնոց, իրար միացված «դեղին մետաղական շղթաներ»:

Դարձյալ շահել էր ՊԵԿ-ը, բեկանվել էր ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728