Լրահոս
Օրվա լրահոսը

Ասել՝ սա լուրջ հարված էր Վրաստանի եվրաինտեգրման հեռանկարներին, այդպես չէ, քանի որ իրատեսական հեռանկարներն այսպես թե այնպես բացակայում էին

Փետրվար 03,2025 13:00

Ըստ «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանի՝ ֆորմալ առումով ցանկացած պահի՝ ընդունենք 2028-ից հետո, երբ ենթադրենք Վրաստանում գան չակերտավոր արեւմտամետ ուժեր, ոչինչ չի խանգարում ԵՄ-ին Վրաստանի հետ անդամության բանակցություններ սկսել։

«Ասել, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը թափ էր հավաքել, եւ հիմա դրա վրա բացասական ազդեցություն կունենան վերջին զարգացումները, իմ կարծիքով՝ այսպես չէ»,- «Առավոտի» հարցին՝ Վրաստանի շուրջ կատարվողն ի՞նչ ազդեցություն կունենա Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա, այսպես պատասխանեց «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։

Նա նկատեց՝ ընդհանրապես Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եվրաինտեգրման գաղափարն առաջ է եկել ի պատասխան ռուս-ուկրաինական պատերազմի. «Սա զուտ աշխարհաքաղաքական որոշում էր ԵՄ-ի կողմից՝ ուղղված ՌԴ-ի դեմ։ Բայց նույնիսկ գործընթաց սկսողները հասկանում էին, որ թե’ Ուկրաինան, թե’ Վրաստանը, թե’ Մոլդովան ԵՄ-ից բավականաչափ հեռու են։ Ուկրաինայի մասին ընդհանրապես անիմաստ է խոսել. երկիրը կանգնած է փլուզման եզրին՝ տնտեսական, ժողովրդագրական, բոլոր առումներով։ Լուրջ կասկածներ կան, թե պատերազմի ավարտից հետո Ուկրաինայից ինչ կմնա»։

Ըստ Բենիամին Պողոսյանի՝ Վրաստանի պարագայում բոլորն են հասկանում, որ որոշումը քաղաքական էր, եւ դա բավականաչափ երկար ժամանակ տեւող գործընթաց է։ Ըստ նրա՝ «Վրացական երազանքն» էլ չի հրաժարվել եվրաինտեգրումից։ Այսինքն՝ իրավական առումով որեւէ բան չի փոխվել. «Վրաստանը շարունակում է մնալ ԵՄ անդամության թեկնածու, պարզապես չկա որոշում սկսել բանակցություններ։ Բոլորն են հասկանում, որ եթե նույնիսկ ֆորմալ բանակցությունները սկսվեին, իսկ բանակցությունների՝ 30-ից ավելի գլուխներ կան, եւ ամեն մեկի բանակցությունները կարող են տեւել ամիսներ կամ տարիներ, այսինքն՝ Վրաստանը եվրաինտեգրումից շարունակում է շատ հեռու մնալ։ Հետեւաբար ուզում եմ ասել՝ այնպես չէ, որ եվրաինտեգրման գործընթացը շոշափելիորեն մեկնարկել էր եւ հիմա էլ կանգ առավ։ Կար քաղաքական որոշում՝ պայմանավորված ՌԴ-Արեւմուտք հակադրությամբ սկսել եվրաինտեգրման գործընթաց։ Հիմա, եթե ՌԴ-ն եւ Արեւմուտքը՝ ավելի կոնկրետ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն ինչ-ինչ ժամանակավոր միջանկյալ պայմանավորվածությունների գան, եւ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեն, ու հակամարտությունը տեղափոխվի կրկին սառը հակամարտության փուլ, հավատացնում եմ՝ շատերը ԵՄ-ում կմոռանան գոնե Վրաստանի եվրաինտեգրման  մասին։ Մոլդովան մի փոքր այլ է, քանի որ այն սահմանակից է ԵՄ-ին՝ հանձին Ռումինիայի։ Մոլդովայի բնակչության կեսից ավելին արդեն ունեն ԵՄ անձնագրեր՝ հանձինս ռումինական անձնագրերի, վերջին հաշվով Մոլդովայում մարդիկ խոսում են ռումիներեն։ Այս ամենը հաշվի առնելով` ինչ-որ տեղ Մոլդովայի եվրաինտեգրումը  իրատեսական է երկարաժամկետ հեռանկարում, բայց անկեղծ ասած՝ ես լուրջ կասկածներ ունեի, որ Վրաստանի եվրաինտեգրումը իրատեսական է գոնե առաջիկա տասը տարվա ընթացքում։ Նույնիսկ, եթե ընդունենք, որ ընտրություններն անցնում էին ըստ Եվրամիության առանց խախտումների, ընդունենք՝ ընդդիմությունն էր հաղթում, եւ հիմա Վրաստանում ունեինք ընդդիմադիր կոալիցիոն իշխանություն, ինչ-որ մի վարչապետ ղեկավար, նույնիսկ այս պարագայում առաջիկա տասը տարիների ընթացքում Վրաստանի՝ ԵՄ անդամակցությունը բավականաչափ մեծ հարցականի տակ էր։ Հետեւաբար ասել, որ սա լուրջ հարված էր Վրաստանի Եվրաինտեգրման հեռանկարներին, այդպես չէ, քանի որ իրատեսական հեռանկարներն, իմ կարծիքով, այսպես թե այնպես բացակայում էին։ Եթե խոսում ենք զուտ ֆորմալ իրավական առումով, ապա Վրաստանը շարունակում է մնալ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ունեցող պետություն։ Ֆորմալ առումով ցանկացած պահի՝ ընդունենք 2028-ից հետո, երբ ենթադրենք Վրաստանում գան չակերտավոր արեւմտամետ ուժեր, ոչինչ չի խանգարում ԵՄ-ին Վրաստանի հետ անդամության բանակցություններ սկսել 2028-ին»։

Վրաստան-ԵՄ, Վրաստան-ԵԽ հարաբերություններում որոշակի լարվածություն, այնուամենայնիվ, կա

Բենիամին Պողոսյանը փաստեց՝ մի քանի օր առաջ որոշում ընդունվեց, որ դիվանագիտական անձնագիր կրողներն այլեւս չեն կարող առանց վիզայի մուտք գործել ԵՄ, եւ այդ բոլորը պայմանավորվում է, թե’ հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններում ենթադրաբար տեղի ունեցած խախտումներով, թե’ նաեւ հետընտրական զարգացումներով։ Շատ եվրոպական պետություններ մեղադրում են Վրաստանի  իշխություններին ցուցարարների նկատմամբ կոշտ ուժ կիրառելու, խոսքի, հավաքների ազատության իրավունքը խախտելու մեջ։ ԵԽԽՎ-ում մի շարք սահմանափակումներ մտցվեցին վրացական պատվիրակության լիազորությունների հետ կապված՝ պահանջելով նոր ընտրություններ կազմակերպել։

Վրաստանում տեղի ունեցողը՝ փուլերով

Առաջին փուլ՝ մինչեւ հոկտեմբերի 26-ը՝ ընտրություններ, երբ բոլորը վստահ էին, որ հետընտրական բուռն զարգացումներ տեղի կունենան, հեղափոխություն, բախումներ եւ այլն։ Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ՝ հոկտեմբերի 26-ից հետո իրավիճակը համեմատաբար հանգիստ էր. «Այո, ընդդիմությունը չճանաչեց  ընտրությունների արդյունքները. Սալոմե Զուրաբիշվիլին՝ այն ժամանակվա նախագահը չճանաչեց, սակայն բողոքի զանգվածային ցույցեր չկային»։

Հաջորդ փուլը սկսվեց նոյեմբերի 28-ից, երբ վարչապետը հայտարարեց, որ դադարեցնում են անդամակցության գործընթացը մինչեւ 2028-ը։ Բենիամին Պողոսյանը նկատեց՝ դրանից հետո մոտավորապես երկու շաբաթ քիչ թե շատ մարդաշատ ցույցեր էին Թբիլիսիի կենտրոնում. «Չնայած այստեղ էլ տարբեր թվեր կան. ընդդիմությունը պնդում է հարյուր հազար եւ ավելի մարդկանց մասին, շատերն ասում էին, որ  առավելագույնը Թբիլիսիի փողոցներում եղել է 25-30 հազար մարդ, որն, իհարկե, մեկ միլիոնանոց քաղաքում այն թիվը չէ, որ կարողանա բերել իշխանափոխության»։

Դեկտեմբերից մինչ այժմ վերլուծաբանը բողոքի զանգվածային գործողություններ չի տեսնում, եւ այս պահի դրությամբ ըստ նրա՝ կարծես այն փուլը, որը սկսվեց նոյեմբերի 28-ից հետո, աստիճանաբար մարում է. «Եվ մի բան էլ արձանագրենք՝ ամեն դեպքում բողոքի լայնածավալ գործողությունները հիմնականում կենտրոնացած էին քաղաքներում՝ Թբիլիսի եւ որոշ թվով բողոքի ցույցեր եղան Բաթումում եւ Քութայիսիում։ Դրանք միայն քաղաքի կենտրոնում էին, եւ հիմնականում երիտասարությունն էր մասնակցում։ Ուստի ասել, որ հասարակության լայն շերտերը ներգրավված էին բողոքի գործողություններում, չենք կարող։ Թերեւս դա էր պատճառը, որ «Վրացական երազանքն» իրեն բավականին ամուր էր զգում. հիմա էլ է ամուր է զգում»։ Ըստ վերլուծաբանի՝ Վրաստանում առաջիկա ամիսներին ցածր ինտենսիվության քաղաքական լարվածությունը կպահպանվի։ Մենք կտեսնենք ինչ-որ բողոքի գործողություններ, բայց դրանք առանձնապես էական ազդեցություն չեն ունենա «Վրացական երազանքի» վրա։

Դոնալդ Թրամփի ընտրության ազդեցությունը

Ինչպե՞ս կարող է այս գործոնն անդրադառնալ Վրաստանում իրավիճակի վրա։ Վերլուծաբաններից շատերն են կարծում, որ Հարավային Կովկասը Թրամփի առաջնահերթություններից չէ։ Ըստ Բենիամին Պողոսյանի՝ սա «Վրացական երազանքի» համար լավ նորություն է. «Շատ ընկալումներ կան՝ եթե հաղթեր Քամալա Հարիսը, ապա ԱՄՆ-ի կողմից ճնշումը Վրաստանի նկատմամբ կշարունակվեր. այսինքն՝ Վրաստանը կշարունակեր լինել ԱՄՆ արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում՝ հարկադրելով Վրաստանին, որ իշխանությունները նոր ընտրություններ կազմակերպեն։ Դա կարծես թե չի լինի, քանի որ ընդհանրապես Հարավային Կովկասը Թրամփի համար առաջնահերթություն չէ, հետեւաբար մի որոշ ժամանակ Վաշինգտոնում  ընդհանրապես Վրաստանի մասին կմոռանան»։

Ըստ Բենիամին Պողոսյանի՝ այս ամենից կարելի է ենթադրել, որ անմիջական վտանգ «Վրացական երազանքի» իշխանության համար չկա ո’չ իշխանափոխության, ո’չ հեղափոխության. «Հասկանալի է՝ կա քաղաքական ճգնաժամ, քանի որ ընդդիմությունը հրաժարվում է գնալ խորհրդարան՝ չնայած այստեղ էլ ամեն ինչ պարզ չէ։ Եթե խորհրդարան անցած չորս ընդդիմադիր կուսակցություններից երեքը նույնիսկ պաշտոնապես ԿԸՀ նամակներ գրեցին, որ ընդհանարապես հրաժարվում են մանդատներից՝ ամբողջական ցուցակով, ապա կարծես թե նախկին վարչապետի կուսակցությունը նման քայլ չի արել։ Այս ամենը հաշվի առնելով՝ ես կարող եմ գնահատել, որ Վրաստանում առաջիկա ամիսներին ցածր ինտենսիվության քաղաքական լարվածությունը կպահպանվի։ Մենք կտեսնենք ինչ-որ բողոքի գործողություններ, բայց դրանք առանձնապես էական ազդեցություն չեն ունենա «Վրացական երազանքի» վրա»։

Վրացական հանրության եւ իշխանությունների միջեւ անջրպե՞տ

Մեր հարցին՝ վրացական հանրության սպասելիքներն ավելի դեպի եվրոպական կողմնորոշում են, եւ այս առումով հանրության եւ իշխանությունների միջեւ անջրպետ չեք տեսնո՞ւմ, թե՝ դա չափազանցեցված է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հասկանալի է, որ Վրաստանում հասարակության մեծ մասը կցանկանա Վրաստանը տեսնել ԵՄ անդամ, որովհետեւ շատերը նախ ընդհանրապես չեն պատկերացնում՝ ինչ է ԵՄ-ն, այն ասոցացվում է բարձր աշխատավարձի հետ, բարձր թոշակներ, բարձր կենսամակարդակ։ Բնականաբար, մարդկանց մեծ մասը կասի՝ մտնենք Եվրամիություն։ Բայց մյուս կողմից մենք պետք է ընդունենք՝ հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին բնակչության մի զգալի հատված կար, որը նաեւ ուզում էր՝ «Վրացական երազանք»-ը գար իշխանության։ Խոսքը ԵՄ գնալ-չգնալու մասին չէր, այլ որ այս՝ այսպես ասած ՌԴ-Արեւմուտք պատերազմում մենք պետք է խուսափենք ուղիղ որեւէ կողմին պաշտպանելուց կամ որեւէ ճամբար ընտրելուց։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չդառնանք ՌԴ-Արեւմուտք բախման նոր կիզակետ։ Դա «Վրացական  երազանքի» հիմնական նախընտրական կարգախոսն էր, որ տեսեք՝ Ուկրաինան ընտրեց ճամբար, հայտարարեց, որ ինքը Արեւմուտքի հետ է ամբողջությամբ՝ ընդդեմ ՌԴ-ի, եւ դրա պատճառով ուկրաինական պետությունը հիմա ոչնչացնում է։ Վրաց հասարակության ուղերձները հստակ են, որ մենք պետք է ամեն ինչ անենք՝ Ուկրաինայի նման չոչնչանանք»։

Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ վրաց հասարակության մի զգալի մաս էլ, որ չի ապրում քաղաքներում կամ քաղաքների կենտրոնական հատվածներում եւ չունի  բարձրագույն կրթություն եւ կապեր Արեւմուտքի հետ, իրենց համար եվրաինտեգրումը հաճելի, բայց շատ անորոշ ու աղոտ է. «Մյուս կողմից Ուկրաինա դառնալը եւ պետության ոչնչանալը շատ ռեալ էր, քանի որ մարդիկ ամեն օր լուրերով դա տեսնում են։ Այս իմաստով բնակչության մեծամասնությունը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ, բայց, եւ կարծում եմ կա զգալի հատված, որը հակված է անել ամեն ինչ, որ Վրաստանը  չդառնա ՌԴ-Արեւմուտք նոր բախման կիզակետ։ «Վրացական երազանք»-ը չի ասում՝ ԵԱՏՄ կամ աֆրիկյան միության անդամ պետք է դառնանք, այլ ընդամենն ասում է՝ մենք շարունակում ենք մեր շարժումը դեպի ԵՄ. պարզապես մինչեւ 2028-ը դադարեցնում ենք գործընթացը, քանի որ դա սկսելու համար չկան բավարար օբյեկտիվ հիմքեր, որ Վրաստանը մինչեւ 2028-ը սկսի բանակցություններ։ Բայց «Վրացական երազանքը» չի ասել, որ հրաժարվում է այն գաղափարից, որ Վրաստանն ինչ-որ մի ժամանակ պետք է դառնա ԵՄ անդամ։ Հետեւաբար ասել, որ ուղղակի հակասություն կա «Վրացական երազանքի» եւ բնակչության մեծամասնության միջեւ, այդպես չէ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում։ 

«Առավոտ» օրաթերթ
01.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728