«- Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք։ Ձեր բախտ հիմա չեք կրնար հասկնալ, հետո պիտի հասկնաք․․․ Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկնան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չիկա, քան հարենիքը․․․»։
Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ, բազմահազար հայերի հետ Ամերիկայում ապաստանած ԲԻԹԼԻՍՑԻ Արմենակ և Թագուհի Սարոյանների որդին՝ հայ ժողովրդին Պատիվ ու մեծարում բերած, ամերիկահայ աշխարհահռչակ գրող ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆՆ է. Հայաստան այցելության ժամանակ մոտ հիսուն տարիների հեռվից, նա մեզ է փոխանցում իր խոսքը որպես խոստովանանք ու անբեկանելի կտակ… Աշխարհի չարն ու բարին անմնացորդ ապրած հայորդու համար ամենամեծ բախտն ու երջանկությունը՝ Հայրենիքում ծնված լինելն է, ՀԱՅՐԵՆԻՔ ունենալը…
***
Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու 150-ամյակի տոնակատարությանը նախապատրաստության ժամանակ Խորհրդային Միության կոմկուսի Կենտկոմի կազմած փաստաթղթերի նախագծերում տեղ էր գտել «Հայաստանի միավորումը Ռուսաստանի հետ» տերմինը։ Ստացվում էր, որ Ռուսաստանին էր միացել ամբողջ Հայաստանը, որ Արևմտյան Հայաստան չի եղել, որ մենք մոռանում ենք Հայաստանի բազմադարյան պատմությունը՝ հրաժարվում ենք «Հայ Դատից»։
Կարդացեք նաև
…Թե Մոսկվայում ո՞վ էր կազմել այդ փաստաթղթերը… այդ տերմինը քաղաքական տեսակետից սխալ և վնասակար էր։
Կարեն Դեմիրճյանն էր, որ անմիջապես նկատեց այդ տերմինի անընդունելիությունը և անցավ պայքարի։
«Երբ Հայաստանի Կենտկոմում անդրադարձանք այդ հարցին, մեզնից շատերը նույնպես չէին հասկացել այդ արտահայտության մեջ խորունկ թաքնված սխալը, և Դեմիրճյանը ստիպված եղավ բացատրել և ապացուցել այդ։ Թեև հեշտ չէր, բայց նա կարողացավ հասնել այն բանին, որ բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական տեքստերում «Հայաստան» անվանը ավելացավ «Արևելյան» բառը, այդ թվում նաև ՍՄԿԿ Կենտկոմի որոշման և շնորհավորական նամակի մեջ»։
Ժամանակակիցների հուշերը Կարեն Դեմիրճյանի մասին. « Կաթիլներ մեծ ծովից»գրքից…
Կարեն Դեմիրճյանը նույնպես Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ որբերի զավակ էր (Հայրը՝ ԷՐԶՐՈՒՄՑԻ Սերոբը և մայրը՝ ՎԱՆԵՑԻ Լուսնթագը իրենց աչքերի առաջ կորցնելով թուրքերի ձեռքից սրախողխող ողջ ընտանիքը՝ թաքնվելով՝ բազում հայ որբերի հետ հանգրվանում են Ալեքսանդրապոլի որբանոցում, որտեղ էլ ծանոթանում և հետագայում կազմում են Դեմիրճյանների ընտանիքը)։ Գուցե նաև այս էր պատճառը, որ Կարեն Դեմիրճյանը պաշտամունքի հասնող սիրով գնահատում և արժեվորում էր Հայաստանի յուրաքանչյուր թիզ հողը։
…Ի լրումն՝
Մեր հազվադեպ զրույցներից մեկում տիկին Ռիմա Դեմիրճյանը այս պատմության մասին խոսելիս ասաց. «Արևելյան» շտկումը հավելելու համար Կարեն Դեմիրճյանը անգամներ անձամբ էր գնում Մոսկվա՝ ասելով, որ այն հեռախոսով լուծելիք խնդիր չէ։
Անահիտ ՔՆԱՐՅԱՆ