Լրահոս
Օրվա լրահոսը

Սա է տիպիկ բռնատիրական վարքագիծը՝ բռնի փոխել հասարակության կոդերը, վզներիս փաթաթել ինքնաշեն «գաղափարական» պարաններ. Աշոտյանի անդրադարձը Փաշինյանի ասուլիսում հնչած հինգ թեմաներին

Փետրվար 01,2025 22:42

Հարգելի հայրենակից,

արդեն ավանդական դարձած այս ձեւաչափում այսօր մի փոքր փոփոխություն եմ անում՝ հարցերիդ փոխարեն Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած հինգ թեմաներին անդրադառնալով։ Հուսով եմ, մի փոքր օգտակար կլինեմ քո պայքարում։ Հայցում եմ ըմբռնումդ եւ սպասում հաջորդ շաբաթվա քո հարցերին։

Թեմա առաջին։ ՆԻԿՈԼԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ» ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՂԻ Է։

Անդրադառնալով Ադրբեջանի պահանջի կատարմանը եւ դեպի Նախիջեւան հաղորդակցման տարբերակներին՝ Նիկոլը ասաց, որ մյուս երկաթուղին, որ կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև Հաղարծնի հատվածում այնպիսի մեծ ավերվածություններ են, որ երկաթուղին վերականգնելը բավականին մեծ խնդիր է։

Հիշեցնեմ, որ «Խաղաղության խաչմերուկ» կոչվող կոմիքսում եւ նրա հիման վրա նկարահանված մուլտիկում հատուկ շեշտվում էր Տավուշից դեպի Ադրբեջան ձգվող երկաթգծի շահագործման առաջարկը, որը հայկական ապրանքների համար դեպի Ռուսաստան Ադրբեջանով ամենակարճ ճանապարհն է։

Երեկ Նիկոլը խոստովանեց, որ այդ ուղղությունը իրատեսական չէ, որ մինչ այդ նա ստում էր։ Հատկապես որ Դիլիջան-Իջեւան հատվածը վթարի պատճառով փակ է դեռեւս 1994 թվականից։

Մյուս զավեշտը եւ սուտը կապված է այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը Մեղրիով ճանապարհ է ստանում ոչ այնքան դեպի Նախիջեւան, որքան դեպի Թուրքիա։ Այնինչ, ըստ Նիկոլը, մենք դրա փոխարեն Երասխից ընդամենը հասնելու ենք Մեղրի եւ ոչ թե Ադրբեջանով՝ ելք դեպի Ռուսաստան, ինչպես խոստացվում էր։

Թեմա երկրորդ։ ՆԻԿՈԼԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԲՌՆԱՊԵՏ Է։

Չէ, անշուշտ նա ուղիղ խոսքով այդպես չի ասել։ Հակառակը, ի հեճուկս ոստիկանական բռնությունների, տասնյակ քաղ. հալածյալների առկայության, այլախոհների նկատմամբ ճնշումների, կոռուպցիայի ծաղկման, ճամարտակում էր «ժողովրդավարության» մասին։

Բռնապետ լինելու մասին իր ակամայից խոստովանությունը երեկվա ասուլիսի այլ հատվածում էր։ Փաշինյանը երկար-բարակ խոսում էր իր դավաճանական քաղաքականության գաղափարական հիմքերի մասին, որոնք, հենց իր խոստովանությամբ, չեն համապատասխանում հայկական, ավանդական, պատմականորեն ձեւավորված «սոցիալ-հոգեբանությանը», եւ ավտորիտարիզմի շան գլուխը թաղված է հենց այստեղ։

Սա է տիպիկ բռնատիրական վարքագիծը՝ բռնի փոխել հասարակության կոդերը, վզներիս փաթաթել ինքնաշեն «գաղափարական» պարաններ։ Այսպես են վարվել եւ վարվում բոլոր ավտորիտար կառավարիչները՝ Հյուսիսային Կորեա, Ադրբեջան, Թուրքիա, Թուրքմենստան եւ այլն։

Եվ սա անում է՝ չունենալով համապատասխան մանդատ, քանզի 2018-ին մարդկանց խաբել է բոլորովին այլ լոզունգներով, իսկ 2021-ին գնացել է ընտրություններին «հայրենասիրական» օրակարգով։ Էլ չասեմ, որ «գաղափարական» առաջնորդ լինելու համար նա չունի նաեւ ոչ ինտելեկտուալ պոտենցիալ եւ ոչ էլ բարոյական հեղինակություն։

Թեմա երրորդ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ (ՕՐՀՆԵՐԳ, ԱՐԱՐԱՏ, ԶԻՆԱՆՇԱՆ) ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱ Է։

Նիկոլը օգտագործեց ասուլիսը՝ շարունակելու համար պայքարը Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային խորհրդանիշների դեմ։ Այս թուրքական դիվերսիան նա եւ իր խմբակը իրականացնում են ամենաանհավանական ստերով եւ փուչ հիմնավորումներով։

Ցույց տամ իրենց տխմարությունները օրհներգի փոփոխության օրինակով: Եվ այսպես, Ֆրանսիայի օրհներգը՝ «Մարսելյեզը» իր բովանդակությամբ կռվի, արյան եւ բռնությունների մասին է եւ ավարտվում է հերոսական մահվան պատվաբերության մասին տողերով։

Մահվան մասին տողերով է ավարտվում նաեւ Շվեդիայի օրհներգը. «Այստեղ, Հյուսիսում եմ ուզում ապրել ու մեռնել»։

Իտալիայի օրհներգը էլ ավելի «ագրեսիվ» է։ Այսօրվա աչքով որ նայես տեքստին, առանց պատմություն իմանալու եւ հասկանալու, կապշես։ Իտալական օրհներգի տեքստը Ավստրիային համեմատում է արյունախում, բայց փիտուրաթափ եղած արծիվի հետ։ Պատկերացնո՞ւմ եք։ Բայց դա չի խանգարում երկուսին էլ լինել ԵՄ անդամ։

Լեհաստանի օրհներգում գովերգվում եւ մեծարվում է Նապոլեոն Բոնապարտը, ում բազմաթիվ եվրոպական երկրներում լավով չեն հիշում։

Այլ երկրների օրհներգերում ամենաքննադատված երկիրը Իսպանիան է, ում ուղղակի դատափետում են Պերուի, Ուրուգվայի, Էկվադորի եւ այլ լատինաամերիկյան երկրների օրհներգներում։ Բայց սա չի խանգարում նրանց սերտ կապեր ունենալ նախկին մետրոպոլիայի հետ։

Ուստի նիկոլական հիմնավորումները բացարձակ անհիմն են եւ ուղղակիորեն Թուրքիայի պահանջների քողարկում են։

Թեմա չորրորդ։ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ ՔԱՂԱՔԱԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ՏՄԱՐԴԻՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է։

Այո, աներկբա է, որ Փաշինյանի ինտելեկտը չի բավարարում երկրի վարչապետ աշխատելու համար։ Այո, նա ունի հիմնարար գիտելիքների, դրական փորձի եւ ժամանակակից կոմպետենցիաների խնդիր։

Բա՛յց։

Նրա կողմից վարվող դավաճանական քաղաքականությունը ոչ թե ցածր կրթական, այլ ցածր բարոյական ցենզի հետեւանք է։ Եվ սա անուղղելի խնդիր է ( «Դամասկոսի ճանապարհը» չհաշված)։ Այն չի լուծվելու, անգամ եթե 10 000 գիրք ֆլեշկայով լցնեք նրա ուղեղը։

Նա գիտակցում է, թե ինչ է անում, ինչպես է անում եւ ինչու է անում։ Դա իր բարոյականության եւ էթիկայի հարցն է, ոչ թե մտագործունեության կամ IQ-ի: Ուստի կապ չունի, որ նա թերուս է, անկիրթ ղեկավար եւ մարտնչող տգետ։ Նա «բարոյական հակահեղինակություն» է։

Թեմա հինգերորդ: ՉԿԱ «ДО И ПОСЛЕ» ՆԻԿՈԼ, ՆԱ ՆՈՒՅՆՆ Է ԵՎ ԵՐԲԵՔ ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ։

Ցանկացած այլ, առավել եւս՝ ժողովրդավարական երկրում քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների նախկին խոստումների կամ գնահատականների եւ իրականության մեջ խզումը մեծ ռեզոնանս եւ հետեւանքներ է ունենում։

Նիկոլի պարագայում այս ոլորտը լրատվական-քաղաքական Կլոնդայկ է, քանզի գրեթե չկա մեկ խոստում, մեկ կարծիք, մեկ գնահատական, նա որ չի դրժել, չի փոխել, հակառակը չի արել։

«До и после» Նիկոլների միջեւ արմատական խզումը բացահայտել եւ ի ցույց դնելը վերածվել է հայկական ազգային զբաղմունքի։ Կարելի է նունիսկ մտածել այդ սյուժեով համակարգչային խաղ ստեղծելու մասին։

Վերջին ասուլիսը բացառություն չէր, երբ նրան դեմ տվեցին իր նախկին հայտարարություններից մի քանիսը։ Նիկոլի արձագանքները նման դեպքերում միատեսակ են. նա կկոցում է աչքերը, քորում է քիթը, անհանգիստ շարժումներ է անում ու, ժամանակ շահելով, մտածում է, թե ինչ կռուտիտ անի։

Կարող է երկար-բարակ բառակույտ արտաբերել, պրիմիտիվագույն մտքեր հայտնել, եթե այլ բան չմտածի, կասի՝ չեմ հիշում, որ նման բան եմ ասել։

Այս ստերի մեջ, սակայն, առանձնանում է 2021-ի նախընտրական խոստումների ու կառավարության հաստատված ծրագրի եւ իրականության միջեւ անդունդը։ Նրա հիմնավորումները, թե փորձել ենք իրացնել 2021-ի խոստումները, բայց պատերազմից հետո բան էր փոխվել, կեղծ են եւ ոչ համոզիչ, քանզի 2020-ի նոյեմբերից հետո մինչեւ 2021-ի հունիս անցել էր 8 ամիս։

Եթե պատերազմից նետո «բան էր փոխվել», ապա ութ ամիսը լրիվ բավարար էր դա ազնվորեն ասելու համար։

Այսինքն Նիկոլը 2021-ին գիտակցված եւ ծրագրավորված է խաբել ընտրողին, ֆռացրել 680 000 մարդու։

Այսինքն նա ոչ թե 2018-19-ին «խիզախություն չուներ» մարդկանց ասելու, որ հանձնելու է Արցախը եւ երկիրը տանի դեպի Անկարա, այլ բարոյականություն չունի՝ երեկ, այսօր եւ վաղը։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728