Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծված․ Ստեփան Հասան-Ջալալյան

Փետրվար 01,2025 19:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025թ. հունվարի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Արցախի Հանրապետությունը օկուպանտ, ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար, հայտարարել է. «Համաձայն ենք ՄԽ համանախագահությունը լուծարելուն՝ հետևյալ հիմնավորմամբ, որ եթե չկա կոնֆլիկտ, դրա սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է։»:

Մեջբերվածի առնչությամբ հարկ է նշել հետևյալը:

Դեռևս 1992թ. միջազգային հանրությունը սկսել էր ուշադրություն դարձնել Ադրբեջան-Արցախ հակամարտությանը և փորձել ձեռնարկել միջոցներ կարգավորելու այն: Այդ նպատակով 1992թ. մարտի 24-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հրավիրված Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի (ԵԱՀԽ) Խորհրդի առաջին լրացուցիչ հանդիպման ժամանակ որոշվել է հնարավորինս շուտ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հրավիրել խորհրդաժողով 11 պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ֆրանսիայի, Չեխիայի և Սլովակիայի Դաշնային Հանրապետության և Շվեդիայի մասնակցությամբ:

Որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները` որպես շահագրգիռ կողմ, կհրավիրվեն խորհրդաժողովին խորհրդաժողովի նախագահի կողմից խորհրդաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդակցություններից հետո:

Ադրբեջանի և Արցախի միջև ռազմական գործողությունների սրման պատճառով նշված խորհրդաժողովն այդպես էլ չհրավիրվեց, սակայն անվանումը՝ Մինսկի խորհրդաժողով, պահպանվեց: Մինսկի խորհրդաժողովը վերածվեց Մինսկի խմբի, որի առաջին նիստը տեղի ունեցավ ոչ թե Մինսկում, այլ Հռոմում` 1992թ. հունիսի 1-5-ին:

1994թ. դեկտեմբերի 5-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ԵԱՀԽ/ԵԱՀԿ գագաթնաժողովում որոշվել է հնարավորինս շուտ նշանակել Մինսկի խորհրդաժողովի համանախագահներին, որպեսզի ստեղծվի ընդհանուր և համաձայնեցված հիմք բանակցությունների համար:

Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման համաձայն՝ 1995թ. մարտի 23-ին ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհել Մինսկի խմբի համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, բանակցային գործընթացն ապահովելու և հակամարտության կարգավորման համար համապատասխան հիմք ձևավորելու համար:

Մանդատում նշված են թվով 15 կետեր, որոնք պետք է իրականացնեն համանախագահները հակամարտության կարգավորման նպատակով «լիակատար հավասարության եւ անաչառության» սկզբունքների հիման վրա:

Համաձայն համանախագահների մանդատի՝ համանախագահության ինստիտուտի գործունեության հիմնական նպատակն է. «…աջակցել հակամարտության կարգավորմանն առանց ուժի կիրառման, մասնավորապես՝ դյուրացնելով բանակցությունները խաղաղ և համապարփակ կարգավորման համար…»:

Նիկոլ Փաշինյանի մեջբերված խոսքից պարզվում է, որ ըստ նրա՝ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորվել է: Անհրաժեշտ է նշել նաև, որ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը ևս այն դիրքորոշմանն է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորվել է:

Սակայն, հարկ է նշել, որ միջազգային հանրությունը միանգամայն հակառակ դիրքորոշմանն է հիշյալ կոնֆլիկտի վերաբերյալ:

Այսպես, Արցախի Հանրապետության դեմ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի 2020 և 2023 թվականներին իրականացրած ագրեսիոն պատերազմներից հետո եվրոպական կառույցները հանդես են եկել համապատասխան գնահատականներով:

  1. 2022թ. փետրվարի 17-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ, մասնավորապես, արձանագրել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին:»:
  2. 2022թ. հունիսի 6-ին կրկին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև, որտեղ, մասնավորաբար, արձանագրել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը չի կարգավորվել, իսկ Արցախի տարածքը համարել է վիճելի տարածք:
  3. 2023թ. հոկտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (այսուհետև՝ ԵԽԽՎ) ընդունել է «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով բանաձև, որտեղ, մասնավորապես, արձանագրել է՝
  • «Խորհրդարանական վեհաժողովը խստորեն դատապարտում է ադրբեջանական բանակի նախաձեռնած ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ին:»:
  • «Վեհաժողովը խորապես համոզված է, որ այս երկարամյա և ողբերգական հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդանշանների միջոցով և կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ լիովին հարգելով այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքները:»: Մեջբերվածն անառարկելիորեն վկայում է այն մասին, որ ԵԽԽՎ-ն ընդունում է, որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ:
  • Արցախի «…գրեթե ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100.600 անձ այս բանաձևի ընդունման պահին լքել է իր նախնիների հայրենիքը…»:
  • «Վեհաժողովը խորապես համոզված է, որ գրեթե մի ամբողջ բնակչության այս ողբերգական արտագաղթն իր նախնիների հայրենիքից չպետք է ընդունվի որպես նոր իրականություն:»:

Ինչպես պարզորոշ վկայում են հիշատակված փաստաթղթերը, միջազգային հանրությունն, ի հեճուկս օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան, նավթային դիկտատոր Իլհամի և Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը համարում է չլուծված:

Նկատի առնելով վերոնշյալը՝ քիչ հավանական է, որ միջազգային հանրությունը կգնա հիշյալ կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգայնորեն ճանաչված միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ճանապարհով, եթե իրապես հավատարիմ է կոնֆլիկտը միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն լուծելու իր հանձնառությանը:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728