Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծամասնությունը մասնակցում է բոյկոտին, ինչը ողջունելի է այն առումով, որ հասարակությունը արդեն պատրաստ է իր իրավունքները պաշտպանել». Հայկ Մարությանը ամփոփում է բոյկոտի առաջին օրը

Փետրվար 01,2025 18:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողներին հրավիրել էր քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ՝ ամփոփելու տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտի առաջին օրը:

-Առավոտից շարունակվում են տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիաները: Ամփոփելով` ի՞նչ կասեք:

-Նախ, շնորհակալ եմ, որ եկել եք: Ինքս էլ վաղ առավոտից տրանսպորտում եմ: Բազմաթիվ ավտոբուսներ ենք նստել, մեր ակցիան իրականացրել ենք, մարդկանց հետ զրուցել ենք: Մի քանի արձանագրում կա, որ ուզում եմ անել:

Նախ, շատ գոհ եմ ակցիայի ընթացքից, որովհետեւ մարդիկ շատ հետաքրքիր լուծումներ են տվել: Ոչ միայն 100 դրամ են տալիս եւ գնում են, այլեւ շատերը երեկ 100 դրամանոց տոմսեր են գնել, որը երեք օր գործելու է: Սա նրա համար եմ ասում, որ շատերն ասում են՝ մարդիկ վճարում են: Բայց վճարում են երեկ գնած 100 դրամանոց տոմսերով: Սա էլ ակցիայի մի ձեւ է, որը, կարծում եմ, մոտակա երեք օրը դեռ շարունակվելու է: Այն մարդիկ, ովքեր չեն գնել, դնում են 100 դրամն ու անցնում են, կան մարդիկ, որոնք որպես բողոքի նշան ուղղակի անցնում են: Տրանսպորտում, երբ հարցնում էինք, մեծամասնությունը մասնակցում էր բոյկոտին, ինչը ողջունելի է այն առումով, որ մարդիկ, հասարակությունը արդեն պատրաստ է իր իրավունքները պաշտպանել: Սա շատ կարեւոր է հասարակության կայացման համար:

-Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ եթե հանրային տրանսպորտը չթանկացնեն, ապա ստիպված են իշաոտնուկ դնել տրանսպորտի մեջ, ցելոֆանով ապակիները փակել: Իսկապե՞ս այդպիսի խնդիր կա, եթե տրանսպորտը չթանկացնեն:

-Նիկոլ Փաշինյանը այս ոլորտին չի տիրապետում ընդհանրապես: Ու գուցե չպիտի տիրապետի, որովհետեւ ի վերջո ինքը կառավարության ղեկավարն է, ու կառավարությունը դրանով չի զբաղվում: Բայց, այնուամենայնիվ, չի տիրապետում: Նիկոլ Փաշինյանին ես բազմիցս ասել եմ եւ հիմա էլ ուզում եմ ասել, որ իմ ուշադրությունը գրավել է այն փաստը, որ արդեն 2026 թվականին մոտ 20 միլիարդ դրամ գույքահարկի մասով ավելի է հավաքվում, քան 2021 թվականին էր: Սա տարբերության մասին է:

Ավինյանը մեր բանավեճի ժամանակ պարզ պատասխանեց իմ հարցին, թե ինչքան ավելի գումար են պատրաստվում հավաքագրել բնակչությունից իրենց այդ թանկացումներով: Նա նախ չգիտեր պատասխանը, հետո երկար մտածելով՝ ասաց 5 միլիարդ: Բառի համար կներեք, բայց այդպես է, 20 միլիարդ դրամ փաստացի մարդկանցից «քերում են» գույքահարկի տեսքով, որից 5 միլիարդը կարող են այստեղ  սուբսիդավորել: 20-ից հանած 5 միլիարդ՝ 15 միլիարդ էլ մնում է տարբեր աշխատանքների համար: Շատ պարզ է պատասխանը: Որպեսզի մարդիկ շարունակեն վճարել 100 դրամ, 20 միլիարդից 5 միլիարդը սուբսիդավորում են:

Բազմիցս ասել եմ ու նաեւ նորից կասեմ. սոցիալական պետության հիմքերից է, որ ֆինանսապես ավելի ապահովված մարդիկ վճարում են ավելի նվազ ապահովված մարդկանց համար: Գույքահարկի բարձրացումը մեծապես ազդել է ավելի թանկարժեք տների վրա: Եվ փաստացի այդ 20 միլիարդի մեջ մեծ տոկոս է զբաղեցնելու այն գումարը, որը հավաքագրվելու է ավելի ապահով, լավ ապրող մարդկանցից: Սա իդեալական մեխանիզմ է, որպեսզի, ժողովրդական լեզվով ասած, ավելի հարուստ մարդկանցից վերցվի գումարը գույքահարկի տեսքով եւ սուբսիդավորվի ֆինանսապես ավելի քիչ ապահովվածների ծախսերը, որովհետեւ տրանսպորտից փաստացի օգտվում են մարդիկ, որոնք այլ տարբերակ չունեն, այսինքն, տարբերակ չունեն տաքսուց օգտվելու, տարբերակ չունեն սեփական մեքենայով երթեւեկելու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728