ՀՀ Սյունիքի մարզի տարածքի որևէ հատված Ադրբեջանին չի պատկանել ոչ Խորհրդային Ռուսաստանի, ոչ էլ Խորհրդային Միության ժամանակ, իսկ Ռուսական կայսրության ժամանակ Ադրբեջան հասկացություն ընդհանրապես չի եղել: Այս մասին բարձրաձայնում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով օրերս «Ազատություն ռադիոկոյան»-ի պատրաստած` «Մեղրիի շուրջ. ով, երբ և ինչ է բանակցել, ըստ Պետդեպի փաստաթղթերի» վերտառությամբ տեսանյութին:
Նշենք, որ տեսանյութի գրեթե վերջում մեջբերվում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի խոսքերը, ըստ որի` նա 1997թ. Միացյալ նահանգներում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին ասել էր, թե Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև ընկած Սյունիքով անցնող 46 կմ հատվածը վաղնջական ժամանակներից պատկանել է Ադրբեջանին. «Խորհրդային միությունը հիմնելուց հետո Ստալինը Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքից բաժանող այդ հատվածը որպես նվեր տվել է Հայաստանին: Նրանք ուզում էին երկու մասի բաժանել Ադրբեջանը, ուստի` Հայաստանին տվեցին այդ 46 կմ հողակտորը»,-Հեյդար Ալիևի խոսքերն է մեջբերված տեսանյութում:
Պատմաբան Աշոտ Մելքոնյանն ընդգծում է` Հեյդար Ալիևի ասածը բացահայտ կեղծիք է. «Խորհրդային Ռուսաստանը դեռ 1921թ. երբ Թուրքիայի հետ կնքեց պայմանագիր ու Նախիջևանը նվիրաբերեց Ադրբեջանին, այդ ժամանակ հստակ դրված էր այն խնդիրը, որ Զանգեզուրն ամբողջապես Իրանի հետ սահմանով հանդերձ պետք է լինի Խորհրդային Հայաստանի կազմում: Այդ ժամանակ Խորհրդային Ռուսաստանը շատ ավելի լավ էր հասկանում Մեղրիի դերը պանթյուրքիզմի դեմ պայքարում` այսպես ասած «Զանգեզուրի միջանցք»-ի վտանգը, քան այսօր ներկա Ռուսաստանի ղեկավարությունը: Եվ Հեյդար Ալիևը խորհրդային տարիներին որքան էլ օգտագործելով ԽՄԿԿ կենտրոնական Կոմիտեի Քաղբյուրոյի անդամ լինելու իր դիրքը, կիրառելով զանազան միջոցներ, այդուհանդերձ նրան չհաջողվեց խլել Սյունիքից հատված`Ադրբեջանը Նախիջևանին կապելու համար»:
Ինչ վերաբերում է Ռուսական կայսրությանը, պատմաբանը շեշտեց, որ ցարական Ռուսաստանի ժամանակ Զանգեզուրը Ելիզավետպոլի նահանգի մեջ էր, և այդ ժամանակ Ադրբեջան հասկացություն ընդհանրապես չկար. «Ադրբեջանը որպես աշխարհագրական հասկացություն 1918թ. մտավ շրջանառության մեջ , իսկ 1936թ. էլ ադրբեջանցի բառը որպես էթնիկ հասկացություն շրջանառվեց , որն արհեստականորեն հորինվել էր Ստալինի կողմից»:
Կարդացեք նաև
Հեյդար Ալիևի` 46 կմ տարածքի վերաբերյալ արված արտահայտությունից հետո «Ազատություն ռադիոկայան»-ը իր տեսանյութում հիշատակում է, որ 2000-ականներին Բաքուն Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապվելու հարցում հաջողության չհասնելու իր պահանջը վերականգնեց 2020թ. 44-օրյա պատերազմից հետո: Այնուհետև մեջբերվում է Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը Եռակողմ հայտարարության վերաբերյալ. «Այս փաստաթղթում ամրագրվել է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը պետք է կապվի Ադրբեջանի հետ, հաղորդակցության բոլոր ուղիների ու ճանապարհների բացմանը զուգահեռ պետք է ստեղծվի նոր տրանսպորտային ենթակառուցվածք: Այդ կետը մտցվել է իմ դրդմամբ, քանի որ այդ դրույթի ու ԼՂ հակամարտության հետ ուղիղ կապ չկա»,-տեսանյութում մեջբերվել է Իլհամ Ալիևի այս խոսքն ու ընդգծվել, թե ինչպես է Ալիևը հիմնավորել 44-օրյա պատերազմի հետ կապ չունեցող այս պահանջը` հայտնի չէ:
Նշենք, որ «Ազատություն ռադիոկայան»-ի պատրաստած տեսանյութին արձագանքել են ներկա և նախկին տարբեր պաշտոնյաներ: Մասնավորապես ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «…հրապարակված տեսանյութը , որն իբր նպատակ ուներ հաստատելու Մեղրիի փոխանակման մասին նախկինում պտտվող լուրերն ու «ասեկոսները», իրականում ահազանգ է` հասկացնելու համար, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է»:
Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ