Մայրաքաղաքի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկած բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցում է Երեւանի եւ հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների 105 բռնցքամարտիկ: Առայժմ ընթանում են նախնական փուլի մենամարտերը:
ՀԲՖ մրցավարական հանձնաժողովի նախագահ, միջազգային կարգի մրցավար Վարդան Բաղդասարյանը Aravot.am-ին ասաց. «Գրեթե բոլոր քաշային կարգերում ունենք մեկից ավելի ուժեղ բռնցքամարտիկներ: Պայքարը սուր է լինելու: Այնպես որ, պետք է կարողանանք կազմակերպել մրցավարների ճիշտ աշխատանքը, որպեսզի հաղթեն իսկապես ուժեղները: Շատ կարեւոր է, որ ռինգում են Հայաստանի հավաքականի բոլոր առաջատարները: Այդ առումով բացականեր չունենք, ինչը պայքարը դարձնելու է ավելի դիտարժան»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք, թե քաշային կարգերի լիդերների եւ մյուսների միջեւ վարպետության մակարդակի շոշափելի տարբերություն, արդյո՞ք չկա: «Կարելի է ասել՝ այդքան մեծ տարբերություն մինչ այս պահը չի նկատվել: Ու գնալով այդ տարբերությունը տարեցտարի նվազում է: Մեծահասակների առաջնությունում հիմնականում կոփված բռնցքամարտիկներ են, որոնք բավականին փորձառություն արդեն իսկ ունեն: Ուրախալի է, որ հեռանկարային երիտասարդների թիվն է ավելանում: Այստեղ անպայման ուզում եմ շեշտել, որ դա պատանեկանից՝ երիտասարդական, երիտասարդականից՝ ազգային հավաքական կադրեր մատակարարող մարզիչների աշխատանքի արդյունքն է»:
Պարոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այս տարի աշխարհի առաջնությունը կայանալու է մայիս ամսին, բայց դեռ անցկացման վայրը որոշված չէ: «Այսօր մեր բռնցքամարտիկները պայքարում են Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելու եւ հավաքականը համալրելու համար, որպեսզի մեր երկիրը ներկայացնեն աշխարհի առաջնությունում: Իսկ քաշային կարգերում մրցանակային տեղեր զբաղեցրածները, կարծում եմ, հնարավորություն կունենան մասնակցելու Եվրոպայի առաջնությանը եւ տարբեր միջազգային մրցաշարերի: Այսինքն, ուժեղագույնները այս տարի մրցումների պակաս չեն ունենա»,-ասաց մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ