«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ մամուլի հաղորդագրությունը
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը:
«ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։
Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։
Կարդացեք նաև
Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի:
Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից՝ Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի:
Հիշեցնենք, որ երեկ «Հետքը» հաղորդել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ավելի քան 700 աշխատակից գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Նկատենք, որ ԶՊՄԿ-ն 2024 թ. Հայաստանի խոշորագույն հարկատուն է:
Գործադուլի մասնակիցներից մեկը «Հետքին» հայտնել է (վերջինս ցանկացել է չհրապարակել իր անուն-ազգանունը), որ գործադուլի պահանջը սոցիալական արդարություն հաստատելն է:
«Չնայած այն հանգամանքին, որ թմբկահարվում է, թե Քաջարանում աշխատավարձերը բարձր են՝ հաշվի չեն առնում, որ այստեղ կյանքը թանկ է, առողջապահական համակարգ չկա, մարդիկ ստիպված են Կապան կամ Երեւան գնալ դրա համար»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:
Ըստ կոմբինատի աշխատակցի՝ գործադուլավորները երկու հստակ պահանջ ունեն՝ աշխատավարձերի բարձրացում եւ աշխատակիցների ու վերադասի միջեւ բաց երկխոսության ապահովում:
«Աշխատավարձերը ցածր են հիմնականում աշխատավոր մարդկանց համար, միջին եւ բարձր օղակները բավականին մեծ տարբերությամբ մեծ գումարներ են ստանում: Երկրորդը՝ կարելի է ասել, որ իսպառ բացակայում է երկխոսությունն աշխատավորների եւ վերադասի միջեւ, ինչն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ հետադարձ կապ, աշխատանքի կազմակերպման, աշխատանքի որակի հարցեր եւ այլն»,- ասում է «Հետքի» զրուցակիցը:
Կոմբինատի աշխատակիցը նշում է, որ իրենք միշտ էլ բարձրացրել են այս հարցերը, իսկ մինչեւ գործադուլ անելն այս պահանջները ներկայացրել են ԶՊՄԿ-ի ղեկավարությանը, սակայն որեւէ լուծում չեն ստացել:
Նախքան գործադուլ կազմակերպելը, կոմբինատի աշխատողները հանդիպել են ԶՊՄԿ-ի ղեկավարությանը: Հանդիպումը, ըստ «Հետքի» զրուցակցի, անցել է ոչ կառուցողական մթնոլորտում, եւ իրենց ներկայացրած պահանջները չեն բավարարվել: Այդ հանդիպումից հետո էլ աշխատակիցները որոշել են դիմել գործադուլի:
Լուսանկարը՝ «Հետքի»