Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. Պետդեպի այս հայտարարությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին. «Հրապարակ»

Փետրվար 01,2025 11:10

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է:

– Արեւմուտքից մի քանի ժամվա ընթացքում երկու առանցքային քայլ արվեց` ուղղված Հայաստանին: Նախ հրապարակվեցին` գաղտնազերծվեցին Պետդեպի փաստաթղթերը, որոնք, ըստ որոշ փորձագետների, Հայաստանի Հանրապետության դեմ են եւ հող են նախապատրաստում Սյունիքից «միջանցք» տալու համար (խոսքը վերաբերում է «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժին, որտեղ ներկայացվում են Մեղրիից միջանցք տալու բանակցությունները, որոնք վարել է Ռոբերտ Քոչարյանը` 2000-ականներին), ապա ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ արեց` ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Ձեր գնահատմամբ` ի՞նչ է տեղի ունենում այժմ:

– Նախ, ես ուզում եմ ընդգծել, որ Պետդեպի հրապարակումը Հայաստանի Հանրապետության դեմ չէ, այդ հրապարակումը նպատակ ունի Նիկոլ Փաշինյանի ստերը բացահայտել: Նա նախկին նախագահներին հրավիրում էր բանավեճի, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց Փաշինյանին հրապարակել բանակցության փաստաթղթերը, Փաշինյանը դա չարեց, արեց ԱՄՆ ղեկավարությունը: Այս հրապարակումը տապալումն էր Նիկոլ Փաշինյանի այն թեզի, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ինչպես նաեւ մյուս արեւմտյան երկրները, կողմ են եղել, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում:

Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, որ Արցախը հանձնելու որոշումը Ռուսաստանի Դաշնությանն է… Պատերազմ հրահրեցին` ռուսական զորքեր տեղակայելու համար: Այդ ամենն արդեն աստիճանաբար բացահայտվում է: Նիկոլ Փաշինյանն արդեն ԱՄՆ-ի հետ է բախումների մեջ մտնում: Ամերիկան Փաշինյանի քարոզչությունը տապալելու գործին է անցել: Եթե Մադրիդյան փաստաթղթերը հրապարակվեն, Նիկոլ Փաշինյանի վիճակն ավելի է վատանալու: Բայց եթե խոսում ենք այսօրվա մասին, ապա տեղի ունեցածը միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի դեմ է, միեւնույն ժամանակ՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի օգտին: Խոսվում է նաեւ այն մասին, որ 2000-ական թվականներին քննարկում էր գնում այն մասին, որ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս պետք է գա, իսկ Լաչինի միջանցքի դիմաց Հայաստանն ինչ-որ տարածք պետք է հատուցի Ադրբեջանին: Այն ժամանակ քննարկման առարկա չի եղել, որ Հայաստանի կողմից անվերահսկելի տրանսպորտային կապ պետք է ունենա Բաքուն Նախիջեւանի հետ:

Կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ ամենից: Այն կարող էր իրականություն դառնալ, եթե Հեյդար Ալիեւը չհրաժարվեր ձեռք բերված բանակցություններից: Պետդեպի այս հայտարարությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին: Նա ասում էր, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան եղել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու դիրքորոշմանը կողմ: Փաստացի այս բացահայտումը դեմ է նաեւ Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը 2019 թվականից հետո առնվազն Բաքվի հետ գործարքի է գնացել: Սկզբում ենթադրում էր ռուսական անվտանգություն Արցախում, իսկ համաձայնագրի տեքստն անձամբ Վլադիմիր Պուտինն է մշակել: Արդյունքում տեղի ունեցավ Արցախի հանձնում, էթնիկ զտում: Այսօր փաստացի ԱՄՆ-ի թիրախը ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլեւ` Ռուսաստանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728