Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան․ Ըստ էության, մեկնարկել է Սյունիքը հանձնելու գործընթացը, հիմա գնում է դրա փաթեթավորման գործընթացը․ «Հրապարակ»

Փետրվար 01,2025 10:55

Ինչ ասել է «անխոչընդոտ, բայց առանց իրավազորության շրջանցման» երթեւեկություն, արդյո՞ք դա չի ենթադրում միջանցքային տրամաբանություն՝ հարցրինք ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին։

«Իմ մասնագիտության մեջ «անխոչընդոտ» հասկացությունը չկա։ Անխոչընդոտ բեռնափոխադրում նշանակում է՝ որեւէ երկիր մյուս երկրի տրանսպորտային միջոցներն իր երկրի տարածք մուտք գործելիս առնվազն իրականացնում է երկու տեսակի հսկողություն՝ սահմանային եւ մաքսային, այս գործառույթներն ավարտելուց հետո ապահովում է այդ բեռնափոխադրումների անխոչընդոտ երթեւեկելը․ միջպետականի դեպքում՝ տրանզիտով, եթե վերջնակետը ՀՀ-ն է, ապա՝ մինչեւ վերջնակետ, բնականաբար, իրականացնելով ներքին անվտանգության միջոցառումներ, այսինքն՝ անխոչընդոտը չի նշանակում, որ քո սահմանները պետք է բացես ու թույլ տաս անարգել անցնեն, հակառակ դեպքում դա կարող է անգամ միջանցք չլինել»։

Անանյանը հորդորում է չհավատալ ՀՀ իրավազորությունը չշրջանցելու նրա հավաստիացումներին․ «Գիտեք, առաջին անգամը չէ` վարչապետի խոսքի եւ գործի մեջ տրամագծորեն հակասություն է նկատվում: Այն, ինչ ասում է այսօր, հաջորդ պահին հակառակ իրագործումն է տեղի ունենում, ուստի ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ է ասում ինքը հիմա, ինձ հետաքրքրում է, թե այս պահին իր ասուլիսն ինչպիսի պայմաններում տեղի ունեցավ, պատմական, աշխարհաքաղաքական ինչպիսի իրադարձությունների պահին, եւ դրան ինչ իրադարձություններ նախորդեցին։ Ծագումով ադրբեջանցիների պարի տեսանյութը Հանրապետության հրապարակում, «Ազատություն» ՌԿ-ն հրապարակում է մի նյութ, որը հղում է անում ԱՄՆ Պետդեպի պաշտոնական գրագրություններին, դա նշանակում է, որ այդ տեղեկատվությունը, որ դեռեւս 1990-ականներին հայտնի էր դիվանագիտական շրջանակներին եւ աշխարհաքաղաքական բոլոր խաղացողներին, սրանք կարծես տրիգերներ լինեն, որ փորձում են նախապատրաստել ժողովրդին, որ մենք վաղուց ենք հանձնել, դուք պետք է հաշտվեք ․․․ եթե այս ամենն այս փուլում է ջրի երես դուրս գալիս, դա ինչ-որ բան նշանակում է․․․ Նշանակում է Սյունիքի հետ կապված գործընթացներ: Ըստ էության, մեկնարկել է Սյունիքը հանձնելու գործընթացը, հիմա գնում է դրա փաթեթավորման գործընթացը»,- ասաց Անանյանը եւ եզրափակեց․ «Ինձ հետաքրքրում է ոչ այնքան, թե ինչ է պատրաստում Նիկոլ Փաշինյանը, որքան՝ ի վերջո, մեր ժողովրդի մոտ արթնանալո՞ւ է ինքնապաշտպանական բնազդը»։

Նա վստահ է, որ այդ բնազդն արթնացնողներ, անկասկած, լինելու են․ «Հայաստանում կան շատ պարկեշտ, հայրենասեր մարդիկ, որոնք կարող են միավորվել, համախմբվել, հույս ունեմ, որ տեսանելի ապագայում դա տեղի կունենա»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728