Փաշինյանը ոչ միայն կանգ չի առնում պատմական փաստերը խեղաթյուրելու իր մոտեցման հարցում, այլև Արևմտյան Հայաստանի մասին մեր պատկերացումները համեմատում է ադրբեջանական կեղծիքների արգասիք հանդիսացող «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպման հետ։ Ըստ որում, նա այնքան է մտել իր նոր դերի մեջ, որ ամեն անգամ տվայտվում է այն հանգամանքից, որ մեր զինանշանի վրա պատկերված է Արարատը, իսկ Անկախության հռչակագրում նշվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին սատար կանգնելու մասին։
Իշխանությունը դիսկուրսի դաշտ ապահովելու համար փորձում է իր ժխտողական մոտեցումները համեմել որոշակի աշխարհաքաղաքական կոնտեքստով, թե իբր կայսրությունն է (Խորհրդային կամ ռուսական) փորձել օգտագործել Հայոց ցեղասպանության և հայության կորուսյալ հայրենիքի թեման ընդդեմ Թուրքիայի։ Բայց այս հարցում ևս իշխանությունը սխալվում է կամ դիտավորյալ խեղաթյուրում է փաստերը, քանզի այնպես չէ, որ Խորհրդային Միությունը Հայոց ցեղասպանության թեման դարձրել էր առաջնահերթություն, անգամ որոշակի ժամանակահատվածներում թույլ չէր տրվում, որ թեման շատ բարձրացվի ու ճնշվում էր հայության ձայնը։
Մի խոսքով, Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող կամ դրա շուրջ «քննարկումների անհրաժեշտության» մասին թեզերը շրջանառության մեջ դնելով (ձեռքի հետ էլ՝ ձևականորեն նշելով, թե ոչ մի ուրացում չկա, քանի որ օգտագործվել է Ցեղասպանություն բառը), նպատակ կա որոշակի փոփոխություն կատարել հայության մտածելակերպում՝ հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանության թեման որոշակի առումով նաև հայկական ինքնության մաս է կազմում։ Փաստացի Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ժխտելու այն գործը, որը տարիներ շարունակ Թուրքիան էր նախաձեռնում ահռելի ֆինանսական միջոցներ ծախսելու ու տարբեր պաշտոնյաների կաշառելու միջոցով, Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն իր թիմի հետ լավ էլ կատարում է։
Իհարկե, հատկապես հաշվի առնելով Փաշինյանի տեսակը՝ նրա հայտարարություններն էլ, տեսակետն էլ կարևոր չէին լինի, եթե նա պաշտոնատար անձ չլիներ ու պետություն չներկայացներ։ Այս պարագայում հանրությունն ու փորձագիտական շրջանակներն էլ ոչ թե թուրքական ժխտողականության դեմ են կենտրոնանում, այլ առաջնային է դառնում ներքին ժխտողականությանը հակադարձումը։ Բայց եթե ունենայինք կայացած պետական համակարգ ու բարձր ինքնագիտակցություն ունեցող հանրություն, ապա Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կասկածի տակ դնող կամ նման հայտարարություններ անող պաշտոնյաներն, անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու անկախ «սրբագրումներից», հաջորդ օրը հրաժարական կտային ու կբախվեին իրենց հայտարարությունների իրավական հետևանքներին։
Կարդացեք նաև
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում