Արևել յան մարտարվեստների մեջ կա այդպիսի մի տեսակ, որտեղ պաշտպանվողն առավելապես օգտագործում է հարձակվողի էներգիան, թափը: Կարճ ասած՝ հարձակվողը մնում է ինքն իր «հնարքի տակ»: Նույնիսկ խոսակցական լեզվաոճի մեջ է դա թափանցել՝ «այկիդո անել» կամ՝ «այկիդո լինել»:
Հիմա, թող տարօրինակ չհնչի, Նիկոլ Փաշինյանինն է: Ինչ ուզում է անել՝ «հնարքի տակ է մնում»: Ուզում է Երևանում տրանսպորտի ուղեվարձը դարձնել 300 դրամ, մի ամբողջ տարի դա են քարոզում ինքն ու իր իշխանության շահերն սպասարկողները, լացակումած կամ մուննաթախառն ասում է, թե՝ «100 դրամի համար պետության վրա մի թքեք» ու նման այլ, իրեն բնորոշ հակահիգիենիկ արտահայտություններ է անում, և մեկ էլ, հո՛պ՝ կտրուկ հրաժարվում է 300-ից ու թանկացումը սահմանում է 150 դրամ: Իբր՝ «լավություն է անում», էլի:
Կամ, օրինակ՝ որոշում է, որ համատարած բոլորը պիտի եկամուտները հայտարարագրեն, ու մեկ էլ, հոպ՝ 3000 դրամի պահանջը չեղարկում է, կամ ժամկետը մայիսի 1-ից դարձնում է նոյեմբերի 1: Իբր, լավություն է անում, էլի:
Շրջհարկը կրկնապատիկ բարձրացրել է: Առևտրականները բուռն և հախուռն բողոքում են: Դեռևս ձայն-ծպտուն չկա, բայց չի բացառվում, որ… Փաշինյանի պարագայում, առհասարակ, ոչինչ էլ չի բացառվում: Իմիջիայլոց, երեկվա ասուլիսում, միամիտ ձևանալով, գրեթե «չորով հրաժարվեց» իր իսկ գործածած փողոցային բառապաշարից, իսկ սնվելն ու ջուր խմելը համարեց «ինտիմ»: Բայց գանք հիմնականին:
Կարդացեք նաև
Իսկ հիմնականն այն է, և դա կարող են փաստել քաղաքագետներն ու փորձագետները, որ ընտրություններին անմիջականորեն նախորդող շրջանում ցանկացած կառավարություն (իշխանություն) ձգտում է հնարավորինս ձեռնպահ մնալ ոչ պոպուլ յար քայլերից, մասնավորապես՝ թանկացումներից, հարկերի բարձրացումից, հանրության լայն շրջանակների գրպաններին հարվածող որոշումներից ու դրանց կիրառումից:
Մինչդեռ Հայաստանում այլ պատկեր է: Ընթացիկ 2025-ը, առնվազն արտաքին հետախուզական ծառայության տարեկան զեկույցի մակարդակով, փաշինյանական իշխանությունը համարում է նախընտրական: Առանց այդ էլ տարին համարվում է նախընտրական, թեպետ կան տեսակետներ, որ Փաշինյանը կարող է և չսպասել հերթականին ու գնալ արտահերթ ընտրությունների:
Ցանկացած պարագայում, Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունը, ի դեպ, հրաշալի իմանալով, որ արագորեն կորցնում են առանց այդ էլ սմքած երբեմնի վարկանիշը, ցուցադրաբար գնում են ոչ պոպուլ յար, ուղղակիորեն ժողովրդին հարկային տեռորի ենթարկող քայլերի, թանկացումների:
Տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ:
Այն, որ ներկայիս Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելը հեգնախառն ժպիտ է հարուցում, ակնհայտ է: Ժողովրդավարական երկրներում իշխանությունները թանկացման որոշումները չեն կայացնում «կարմիրբերետավոր» ոստիկանների միջոցով ընդդիմախոսներին նիստերի դահլիճից դուրս հրելով: Ասել կուզի՝ Փաշինյանը բացարձակապես վստահ է իր ավտորիտար (անձնիշխանական) դիրքերի ամրության վրա, համոզված է, որ ռեպրեսիվ եղանակներով, կալանավորումներով, ոստիկանական հետապնդումներով ու նմանօրինակ «գործիքակազմով», պլ յուս տոտալ ընտրախախտումները, կարող է ինքնավերարտադրվել, որպես իշխանություն, ուստի նրա համար նախընտրական շրջանը, տրամադրություններով հանդերձ, վերածվում է սոսկ շոուի: Այսինքն, վաստահ է, որ ինչ էլ անի, փիառով «կփակի»: Դրա համար էլ, ըստ այդ տրամաբանական շղթայի, նախընտրական տարվա ընթացքում դիմում է հարկերի կտրուկ բարձրացման, թանկացումների բերող քայլերի:
Բայց եթե այդ «չոր» տրամաբանական մակետը արտապատկերենք բուն իրականության վրա, ապա կտեսնենք, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Բանն այն է, որ իրականում Փաշինյանի իշխանությունը չունի այդ ամրությունը, ինչի ակնհայտ վկայությունն են թեթևակի տարաձայնության համար յուրայինների նկատմամբ հրապարակային խայտառակ հետապնդումները ու ոչ միայն դա: «Կարմիրբերետավորների» հավատարմությունն էլ կախված է փողից: Իսկ փող մի օր կարող է և չլինել՝ հաշվի առնելով բյուջեի մեծացող ճեղքվածքը, որն էլ հարկային տեռորի դիմելու շարժառիթներից մեկն է, ի դեպ:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այս համարում