Հենց որ «Ազատություն» ռադիոկայանը հրապարակեց ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերը, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակի» վերաբերյալ, պաշտոնական քարոզչությունը ցնծաց՝ տեսա՞ք, թե ինչ էր ուզում աներ Քոչարյանը: Մինչ այդ, ի դեպ, երբ նույն լրատվամիջոցը նմանատիպ փաստաթղթեր հրապարակեց 1997 թվականի «փաթեթային» տարբերակի մասին, նիկոլականները դժգոհեցին, որ «Ազատություն» ռադիոկայանը սերտաճել է ՀԱԿ-ի հետ:
Այդ ամենը բնական է՝ իշխանությունն այլ կերպ չէր կարող արձագանքել: Իսկ մնացած ընդդիմադիրնե՞րը: Եթե, «ընդդիմություն» ասելով, հասկանանք բոլոր այն ուժերին, որոնք հավակնում են իշխանությանը, ապա դրանք, ինձ թվում է, պետք է մարտավարական խնդիր լուծեն:
«Մեղրիի տարբերակն», իմ կարծիքով, վատն էր՝ այն լուրջ վտանգներ էր պարունակում Հայաստանի ինքնիշխանության համար: Բայց դա կարող եմ ասել ես, որովհետեւ ընդդիմություն չեմ՝ չեմ պատկանում իշխանության համար պայքարող որեւէ խմբի: Իսկ այդ խմբերը պետք է, կարծում եմ, հասկանան, որ այժմ այն պահը չէ, երբ պետք է ինքնահաստատվել՝ այլ ընդդիմադիրների հաշվին:
Եթե բոլոր ընդդիմադիրների մեջ կա կոնսենսուս մեկ հարցի շուրջ, այն է՝ որ հնարավոր չէ երկիր ղեկավարել Փաշինյանից ավելի վատ, ապա դա միանգամայն բավարար է խաղի որոշակի կանոնների շուրջ պայմանավորվելու համար: Եվ դրանցից մեկը գուցե լինի հետեւյալը՝ մինչեւ հաջորդ տարվա ընտրությունները կենտրոնանալ իշխանության, ոչ թե իրար քննադատելու վրա: Կարող է լինել եւս մեկը՝ ժամանակավորապես մոռանալ, թե ով ինչ է արել 2018 թվականից առաջ, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել 2018-ից հետո, իր աղետալի բնույթով չի համեմատվի անցյալի ոչ մի տապալման հետ: Մասնավորապես, ղարաբաղյան կարգավորման ոչ մի ծրագիր կամ նախագիծ հնարավոր չէ համեմատել այն փաստի հետ, որ Արցախն այլեւս գոյություն չունի:
Կարդացեք նաև
Հնարավոր չէ պատկերացնել նաեւ, որ մեկ տարում ինչ-որ Ալֆա-Ցենտավրա մոլորակից Հայաստան կժամանի հրեշտակներից կազմված ինչ-որ ընդդիմություն եւ կհաղթի Փաշինյանին: Քաղաքական գործընթացներին մասնակցելու է այն ընդդիմությունը, որն այսօր կա: Եվ այդ իմաստով պարզապես խելամիտ չէր լինի չօգտագործել այն ընդդիմադիր ուժերի հնարավորությունները, որոնք ունեն փորձ, կառույցներ եւ շարքեր: Խոսքս նախեւառաջ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին է՝ անկախ նրանից, թե ով ինչպես է այդ կուսակցություններին վերաբերվում:
Մինչեւ հերթական խորհրդարանական ընտրությունները մնացել է 1,5 տարուց պակաս ժամանակ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՅԴ-ն միջազգային կառոյց ունեցող կազմակերպութիւն մըն է: Զորս, իր ներքին օրէնքով, կը գործէ ապակեդրոնացման հիմունքներով՝ վարչական գետնի վրայ, սակայն ոչ՝ գաղափարական մակարդակի վրայ:
Ամէն դէպքում, ՀՅԴ Գերագոյն Մարմինը իբրեւ թէ Շրջանային յատուկ կառոյց մըն է, բայց խորքին մէջ դա է որ կ’որոշէ թէ ՀՅԴ-ն ինչ պիտի ընէ, ՀՀի մէջ:
Նաեւ ամէն դէպքում, ՀՅԴի մէջ այժմ տիրապետում են՝ ռուսամետ տարածաշրջանները: Նոյնիսկ արեւմտեան երկիրներու շրջանները – որոնք արդէն լայնօրէն անցած են արեւմտեան երկիրներէ տեղափոխուած դաշնակցականների ազդեցութեան տակ -, չեն ուզեր հակադրուիլ ՀՅԴ ԳՄի կամքին: Չեն ուզեր անոր խաթիրը կտրել… Մանաւանդ որ իրենց համայնքները փճացուցին արեւմտեան երկիրներու պետութիւնները – Իսրայէլի միջոցաւ – :
Անշուշտ շատ աւելի բաներ կան: Սակայն հիմնական կացութիւնը՝ այս է:
Կը մնայ ուրեմն մատնանշելը որ՝ ՀՀի – բնիկ – դաշնակցականներու մեծամասնութիւնը՝ ռուսամետ են: Բոլորը, ոչ միայն ղեկավարները:
Աւանդական Սփիւռքի, շարքային խոնարհ դաշնակցականին համար, ոչ Ռուսաստան կա՜յ, ոչ ԵՄ, ոչ ԱՄՆը՜, ոչ Մամընը, ոչ ալ ԱՄըՆա՛ղօտուրումը… Կայ միայն ու միմիայն՝ Հայ Ազգը, դաշնակցական ըմբռնողութեամբ:
Սակայն նոյնը չէ պարագան՝ հայաստանցի եւ արցախցի դաշնակցականներու մեծամասնութեան:
Եթէ Առաջին Նախագահը չէր ուզեր որ այս վիճակին հասնի, ՀՀ-ն հիմնադրած՝ այս Կուսակցութիւնը, ապա անոր միջազգային ղեկավարութիւնը թող այդպէս դուրս չշպրտէր ՀՀ-էն…
Բայց ինք կարծեց թէ՝ մի քանի տարիներու կեանք ունեցող ՀՀՇ մը, շնորհիւ իր արտասովոր անձին ու անմրցելի հանճարին, կրնար տեղը առնել՝ համաշխարհային տարողութեամբ, հարիւրամեայ վաստակ, գիտութիւն եւ փորձառութիւն ունեցող ազգային կազմակերպութեան մը:
Եւ ահա, հիմա, նոր բոլշեվիկները…
Մ. Հայդուկ Շամլեան
«որոնք արդէն լայնօրէն անցած են ԱՐԵՒԵԼԵԱՆ երկիրներէ տեղափոխուած դաշնակցականների ազդեցութեան տակ»… կ’ուզէի գրել անշուշտ… արեւելեան, ոչ արեւմտեան… Միջին Արեւելքէն՝ Գանատա, ԱՄՆ, Եւրոպա… իսկ հայաստանցիներու եւ արցախցիներու Սփիւռքը, արդէն չի խառնուիր քաղաքականութեան… անոնց մեծամասնութիւնը չի յաճախեր անգամ մեր համայնքային կեդրոնները, հիմնարկները…
. իսկ եթէ հարցումներ կան – եթէ լուրջ ու բովանդակալից հարցումներ են… -, սիրով կը պատասխանեմ…