Մինչ Նիկոլը պորցիա-պորցիա հանձնում է Հայաստանը, իսկ իր «դուխով» կուսակից Սասուն Միքայելյանը հայտարարում է, թե «դուխով»-ը հիմա մեր խելոք մնալն է, տարբեր ֆեյք «ընդդիմադիր» շրջանակներ շարունակում են՝ «Ո՞վ բերեց Նիկոլին», նիկոլածին հարցադրումը։ Եվ, բնականաբար, ինչպես սերիալներում է, սույն ֆեյքածին հարցն ունի ի սկզբանե պլանավորված եւ պատրաստ պատասխան՝ Սերժը։ Ու իրենց «քաղաքագիտական ֆանտազիան» հաստատելու համար բերում են հազար անգամ ասված, հազար անգամ փաստերով հերքված հիմարաբանություններ։ Եվ հա, որպես կանոն, «Սերժը բերեց Նիկոլին» ասողները, 2018-ին փողոցում Նիկոլ էին բերում ու իրենց բոլոր հրապարակային ելույթներում, փրփուրը բերաններին, «հիմնավորում էին», թե ինչո՞ւ պիտի մերժել Սերժին ու բերել Նիկոլին։
Եվ քանի որ գեբելսյան ստերի դեմն առնել, այդուհանդերձ, միշտ պետք է, մի փոքր հետահայացք՝ 2018-ի իրադարձություններին։ Ապրիլի 14-ին, ՀՀԿ ԳՄ նիստում Կարեն Կարապետյանն առաջարկում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում մեկ նպատակով՝ պահել Արցախն ու շարունակել բանակցային պրոցեսը, որի վերաբերյալ Ալիեւն արդեն ասել էր, թե միջազգային հանրությունը փակ դռների հետեւում իրեն ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։ Նույն օրը Նիկոլն իր խմբակի հետ մտում է ռադիոտուն եւ բոլոր նրանք, ովքեր այն ժամանակ ողջունում էին Նիկոլի գրոհը ռազմավարական նշանակության շենք, հիմա ասում են՝ ինչի՞ Սերժ Սարգսյանը չկալանավորեց Նիկոլին ռադիոտանը։ Փոքրիկ տեղեկանք ամնեզիայով տառապողների համար՝ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հրաժարական էր տվել նախագահի պաշտոնից եւ ապրիլի 14-ին առնվազն նա՛ որեւէ մեկին կալանավորելու իրավական հիմքեր չուներ։ Դա կարող էին անել այլ օղակներ: Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը, որտեղ Սերժ Սարգսյանը փորձում էր հասարակությանն ուղերձ հղել, որ բախումները կործանարար կլինեն մեր հայրենիքի համար։ Հանդիպումն արդյունք չտվեց։ Նույն օրը ձերբակալվեցին Նիկոլ Փաշինյանն ու եւս երկու պատգամավոր։
Հա, չմոռանամ ասել, որ փողոցում արդեն տեւական ժամանակ Նիկոլի գեներացրած պրոցեսին, Սերժ մերժողների շարքերում էին արդեն ՀՀԿ-ի գրեթե բոլոր դաշնակիցներն ու գործընկերները, որոնք ձայնալարերի ողջ պրկմամբ Սերժ էին մերժում ու Նիկոլ պահանջում։ Թե ի՞նչ էր կատարվում փողոցում, եւ թե ինչպե՞ս էին որոշ դեսպանատներ ներքաշված իշխանազավթման պրոցեսին, դրա մասին շատ է ասվել։ Ավելին, հիմա արդեն պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ ՔՊ պատգամավորներից մեկի տանը կուտակվում էր սնունդ եւ ոչ միայն սնունդ, քանզի «թավշյա իշխանազավթման» ողջ պրոցեսը եղել է մանրակրկիտ մշակված եւ մինչեւ վերջին ցենտը վճարված։
Դրան հետեւեց ապրիլի 26-ին Կարեն Կարապետյան-ՌԴ նախագահ հեռախոսազրույցն ու թվում էր, թե Կարեն Կարապետյանը վստահ որոշում ունի ընդունել ՀՀԿ ԳՄ-ի առաջարկն ու մայիսի 1-ին խորհրդարանի կողմից առաջադրվել վարչապետի թեկնածու։ Բայց, ՀՀԿ-ի հետ հաջորդ հանդիպմանը նա հրաժարվում է առաջադրվել վարչապետի թեկնածու եւ թե ինչո՞ւ՝ ժամանակը կտա այդ հարցի պատասխանը եւս։
Կարդացեք նաև
Բնականաբար, «Ելք» դաշինքը Նիկոլին առաջադրում է վարչապետի թեկնածու, սակայն մայիսի 1-ին նրա թեկնածությունը խորհրդարանում չի անցնում։ Դրանից չորս օր առաջ, ապրիլի 26-ին էր, որ Նիկոլը, արտաքին իր պատրոնների հովանավորությամբ, հրապարակում արտաբերում է՝ «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» վտանգավոր թեզը, որը հստակ մեսիջ էր, որ այս մարդը, հանուն իշխանության, ոչնչի, նաեւ արյան առաջ կանգ չի առնելու։ Նույնիսկ այս պարագայում, ՀՀԿ-ն ամբողջ կազմով, մայիսի 1-ին դեմ քվեարկեց ինքն իրեն «ժողովրդի թեկնածու» հռչակած Նիկոլին, իսկ մյուս խմբակցությունները, որոնց անդամներից շատերն այսօր մեղադրում են Սերժ Սարգսյանին՝ Նիկոլ բերելու մեջ, մեկ մարդու պես մայիսի 1-ին քվեարկել են Փաշինյանի օգտին: Ի դեպ, շատերին հետաքրքրում է, թե ի՞նչ էր անում ՀՀԿ-ն 2018թ. մայիսի 1-ից մինչեւ մայիսի 8-ը ինտերվալում։
Բանակցում էր, հարգելիներս։ Բանակցում էր իր երբեմնի գործընկեր քաղաքական ուժերի հետ, որ առաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին, իսկ ՀՀԿ-ն պատրաստ էր լինելու ողջ կազմով սատարել այդ թեկնածուին։ Բայց, գուցե փողոցի պրեսսինգից վախենալով, գուցե տարբեր դեսպանատներից զանգեր ստանալով, բոլորը հրաժարվեցին եւ մայիսի 8-ին, ՀՀԿ-ի երբեմնի դաշնակիցները, «Ելք» դաշինքի հետ միասին, կրկին վարչապետի թեկնածու առաջադրեցին Նիկոլ Փաշինյանին։
Հիմա հաջորդ ծամվող հարցը՝ ինչո՞ւ ՀՀԿ-ից որոշ պատգամավորներ կողմ քվեարկեցին Նիկոլին։ Հարցի պատասխանը շատ պարզ է, չնայած՝ որոշների համար երեւի անընկալելի։ Որպեսզի քաղաքացիական բախումներ չլինեն ու արյուն չթափվի։ Հա, ի դեպ, Նիկոլին իրենց ուսերին իշխանության բերածներն այսօր հայտարարում են՝ թող արյուն թափվեր, բայց երկիրը չհանձնվեր Նիկոլին։ Առաջարկում եմ բացել 2018թ.-ին այդ «արյունատենչների» արած հայտարարությունները, որտեղ կոչ էին անում Սերժ Սարգսյանին ոստիկանական ուժ չկիրառել, չցրել հանրահավաքները, այլապես քաղաքացիական բախումներ կլինեն ու արյուն կթափի։ Հիմա, 7 տարի անց, գոնե որոշե՞լ են՝ ո՞րն էր ճիշտը՝ արյուն թափելը, թե արժանապատիվ հրաժարականը։ Հատկապես, որ երկիրն ուներ Արցախյան հարց եւ պետք է շարունակեր բանակցել ԵԱՀԿ համանախագահ երկրների հետ: Ինչպիսի՞ն կլիներ այդ երեք երկրների վերաբերմունքը Արցախի հարցում, եթե Սերժ Սարգսյանը ուժ կիրառեր փողոցի դեմ եւ երկիրը տաներ անկայունության: Ի՞նչ կաներ Ադրբեջանը, որը զորքերը պատրաստում եւ մոտեցնում էր ՀՀ սահմաններին: Այս մասին ՀՀ ՊՆ-ն նույնիսկ հայտարարություն էր հրապարակել, բայց փողոցում հավաքվածների էյֆորիան կորցրել էր առողջ դատողությունը:
«Սերժն է բերել Նիկոլին» հիմարաբանության հեղինակները, 2018-ին նաեւ հերթապահում էին որոշ դեսպանատների առաջ, եւ դեսպանից սկսած՝ մինչեւ դեսպանատան պահակ, կոչ էին անում Հայաստանի դեմ լրջագույն սանկցիաներ կիրառել, եթե Սերժ Սարգսյանը չհեռանա։
Ազնիվ չի՛, տիկնայք եւ պարոնայք։ Ազնիվ չի՛։ Եթե ինչպես Վրաստանում, արեւմտյան եւ ոչ միայն արեւմտյան, ճնշումներին դիմակայելու համար, գոնե հանուն Արցախի, 2018թ.-ին ոչ թե փողոց դուրս գային, այլ գործող իշխանության (ՀՀԿ-ի) կողքին քաղաքական ուժերը կանգնեին, հավատացնում եմ ձեզ, մենք այսօր չէինք մտածի՝ ինչպես պահել Սյունիքը, Տավուշն ու էլի՝ ինչ-որ դեռ ուզելու է Ալիեւը: Իսկ ամենագլխավորը՝ չէինք կորցնի Արցախը։
Քաղաքական դեմենցիան ծանր բան է։ Բայց երբ փորձում եք փաստերի վրա թքել, հիշեք, որ ոչ բոլորն են քաղաքական հաշմանդամներ ու երբեք մի մոռացեք սրած բզի խիստ դիսկոմֆորտ պատմությունը։
(շարունակելի)
Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.02.2025