Հայաստանի իշխանությունը, կայացնելով անհեռանկար ու անմիտ որոշում Եվրամիությանը միանալու մասին, ըստ էության, սկսում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց։ Տնօրինելով երկրի գործերին՝ այս ղեկավարությունը բոլորից լավ գիտի, որ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խզելու դեպքում Հայաստանը սոցիալ-տնտեսական ու էներգետիկ առումով ուղղակի կփլուզվի։ Ինչո՞ւ է ուրեմն իշխանությունը գնում երկրի համար կործանարար քայլի։ Ինչո՞ւ ԱՄՆ հեռացող ղեկավարության հետ այս իշխանությունը կնքեց «Ռազմավարական գործընկերության խարտիա», ըստ որի, ռազմական դիտորդներ պետք է հայտնվեն Հայաստանի սահմանին, սակայն չեն նախատեսվում երկրի դեմ ծառացած սպառնալիքներին հակազդելու իրական մեխանիզմներ։
Հենց այս օրերին աչքի առաջ ունենալով աշխարհաքաղաքական հակամարտության արանքում փլուզվող Ուկրաինայի օրինակը, ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը դիմում արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերի և որոշումների, որոնք նրան դարձնում են թիրախ գերտերությունների բախման մեջ, շոշափելի ոչինչ չեն տալիս փոխարենը թշնամացնում են տարածաշրջանում դերակատար և հիմնարար շահեր ունեցող դաշնակիցների հետ։
Հայաստանի իշխանությունը ի՞նչ հաշվարկով է կտրում այն ճյուղը, որի վրա նստած է, դա անում է ի՞ր կամքով, թե ենթարկվում է արտաքին այն ուժերի թելադրանքին, որոնց ազդեցությունից չի կարող ձերբազատվել։ Ընդհակառակը, նրան ստիպում են անընդհատ փաստարկել, որ ինքը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման, թույլ չեն տալիս մոտենալու Իրանին, Չինաստանին և այլն։ Ընդ որում, պահանջողները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դաշնակից նույն ուժերն են, որոնք Հայաստանի շահերի հաշվին ողջ Անդրկովկասը՝ ձգտում են ենթարկեցնել թուրք-ադրբեջանական տանդեմին ստեղծելով տարածաշրջանում իրենց ծրագրերի իրագործման բարենպաստ կացություն։ Ակնհայտ է, որ ռուսական զորքը Հայաստանի սահմաններից հեռացնելու պահանջի կատարումից հետո Հայաստանն առանց դիմադրության ընկնելու է Թուրքիայի գերիշխանության տակ։ Եվ արդյո՞ք հենց այս հեռանկարը նկատի ունենալով չէ, որ Հայաստանի իշխանությունն այժմվանից հրաժարվում է մեր ինքնության բոլոր հիմնասյուներից՝ սկսած պատմական անցյալից, ցեղասպանության հարցից՝ ազգային կրթությունը, գիտությունը, մշակույթը մերժելուց, հասնելով մինչև ազգային բառից հրաժարմանը։
Այնուամենայնիվ ինչո՞ւ ժողովրդի պետական-անվտանգային հարցերը ոտնահարելու հետ, իշխանությունը շարունակում է խորացնել ու ընդլայնել իր նկատմամբ հանրության անգամ լոյալ շերտերի դժգոհությունը՝ պարտադրելով ներքին կյանքում իրականացվող փոփոխությունների ծանր բեռը։ Պետք է ընդունել, որ իշխանությունը չի վախենում ժողովրդի հնարավոր ընդվզումից։ Իշխանությունը համարում է, որ ժողովրդական որևէ նոր ընդվզում իր համար վտանգավոր չէ, քանի դեռ այն տարին-տարվա վրա կրկնվում է նույն սցենարով։ Երբ հանրության լայն զանգվածները չեն հավատում, թե ազգային ուժերն իրատեսական և ծրագրված գործողություններով կարող են սպառնալ իշխանությանը, իսկ ազգային ուժերն այդ անելու համար անբավարար են համարում ժողովրդական ըմբոստացման թափը և երկու կողմն էլ հայտնվում են փակ պատի առջև։ Իշխանությունը տեսնում է, որ ընդդիմադիր դաշտում պայքարի սլաքները ոչ պակաս չափով ուղղված են միմյանց դեմ և անհեռանկար է թվում այս դաշտի համախմբումը։ Իշխանությունն իր միջոցներով խորացնում է անվստահության այս մթնոլորտը։ «Դրօշակի» տարեվերջյան «Առաջնորդողում» նշել էինք․ «Ակնհայտ է, որ մեր գլխավոր խնդիրը մենք ենք՝ հայ ժողովուրդը, որը, կամ հետևելով նիկոլփաշինյանական հավաքական անպատասխանատվության քարոզին, երկրի հետ կգնա կործանման, կամ ճիգ կանի փրկելու իրեն ու երկիրը»։
Կարդացեք նաև
Մենք տեսնում ենք ինչ ճարպիկ մեթոդներով Նիկոլ Փաշինյանը կարողանում է պահպանել իր ապազգային թիմի ամբողջականությունը և նույն ճարպկությամբ վարկաբեկում, պառակտում է ազգային ճամբարի և երկրի առողջ, մտահոգ մեծամասնությանը, վիժեցնում է համախմբման հնարավորությունը։
Ամեն օր փողոցներում, խանութներում և այլուր իրենց ընդվզումն լսելի են հասարակական տարբեր շերտերի համարձակ բողոքները, սակայն փոքր հրաբուխների նմանվող բազմաթիվ ժայթքումները չեն վերածվում մեծ հրաբխի։ Ճի՞շտ է արդյոք այն տեսակետը, թե համապատասխան առաջնորդի բացակայությունն է պատճառը։ Իսկ ո՞վ է հաղթող առաջնորդը՝ նա, ով հրապարակ է գալիս իրատեսական, հաջորդական քայլերից բաղկացած ծրագրով, ինչպես նաև տարբեր իրավիճակների համար փոփոխվող մարտավարության տարբերակներով։ Այո, դժվար է փոխել իշխանությունը, երբ հեղափոխությունը կազմակերպված չէ դրսից և չունի «դրսի» նյութական, քաղաքական և այլ հովանավորությունը, կամ թե չի իրականացվում ներիշխանական պառակտման հետևանքով։ Դժվար է երկրում իշխանություն փոխելը, երբ ընտրում ես պայքարի օրինական ճանապարհը, իսկ իշխանությունը քո դեմ պայքարում է՝ ոտնակոխելով օրենքն ու օրինականությունը։
Անցած վեց տարիների ընթացքում մենք մի քանի անգամ տեսել ենք իշխանության խուճապը ժողովրդական ըմբոստացումներից։ Նման ընդվզումներին իշխանությունը հակադարձել է՝ քաշվելով պատյանի մեջ և սպասելով մինչև ազգային ուժերը հայտնվելով ուժայինների պատի առջև կսպառեն իրենց անելիքն ու ըմբոստացած զանգվածների համբերությունը։ Միաժամանակ իշխանությունը ընտրել է ոչ թե կրավորական սպասման քաղաքականությունը, այլ իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը, այս ու այնտեղ հարվածներ հասցնելով փորձել է զանգվածներին համոզել, թե նրա առաջնորդներն անզոր են իշխանության ուժի առջև և, մյուս կողմից, շեղել է, մասերի է բաժանել ընդդիմադիր ներուժը, ստիպելով գնալու տարբեր խնդիրների ետևից (նորանոր ձերբակալվողների ազատ արձակման պահանջ, բողոքներ ոստիկանների դեմ, արձագանք տարբեր կալիբրի իշխանավորների բարձրաձայնած հերթական անհեթեթություններին, իշխանական «ֆեյքերի» բանակի լայնածավալ հարձակում շարժման դեմ, շարժման առաջնորդների վարկաբեկման արշավ, ուշադրության շեղում դեպի բանակցային, սահմանային և արտաքին քաղաքական այլ խնդիրները)։
Երկրի ղեկավարման գործում անկարող, իսկ քաղաքական ինտրիգանության հարցում հաջողակ Փաշինյանը ցայսօր կարողացել է լուծել ազգային ըմբոստացումները լռեցնելու իր խնդիրը, «բլիթի ու ճիպոտի միջոցով» միասնական պահելով իր թիմը և ազգային ճամբարում խաղալով քաղաքական մեծ հավակնություններ ունեցող անհատների, մանր ու մեծ խմբերի թուլությունների վրա, ինչպես և քաղաքական ու հանրային դաշտերի միջև անվստահություն մտցնելու ճանապարհով։
Առնվազն ի՞նչ պետք է անեն ազգային ուժերը երկիրը կործանարար այս փակուղուց դուրս բերելու համար։
– Նախ և առաջ պետք է հրաժարվեն նստելուց և սպասելուց, թե երբևէ ողջ ժողովուրդը փողոց դուրս կգա՝ այդպես չի լինում ոչ մի հեղափոխության ժամանակ, այլ ճիշտ հակառակ հաջորդականությամբ։ Ժողովրդական էներգիան շոգին է, բայց գնացքը դեպի նախանշված նպատակակետ պետք է առաջնորդի շոգեքարշը։ Որքան հստակ լինի շոգեքարշի ընթացքը, այնքան կավելանա շոգու ուժը։ Ճահիճը չի կարող ալեկոծվել, և պատը ճեղքեր չի տա, եթե նստես ու սպասես դրանց, այդ ամենը հնարավոր է, եթե կան նպատակակետ տանող շղթային մաս կազմող իրարահաջորդ, բազմազան, գործողություններ։
Հայ ժողովուրդը արտաքին հովանավորությամբ պաշտպանված բռնատիրական ռեժիմից կարող է ազատագրվել միմիայն համընդհանուր միասնականությամբ, ընդհանուր նպատակի շուրջ բոլոր քաղաքական և այլ ուժերի համախմբմամբ, ինչն էլ կիրականանա, եթե միջոցն ու նպատակը հստակորեն բանաձևվեն և ամրագրվեն ըստ համապատասխան ճանապարհային քարտեզի։ Միաժամանակ ժամանակավորապես հրաժարվելով գաղափարական կամ այլ բնույթի տարբերություններից ու տարակարծություններից, որոնք կարող են հիմնական դաշինքների ձևավորման հիմք դառնալ անցումային փուլից հետո։
– Հասարակական դաշտի միավորումը հնարավոր է, եթե տեղի է ունենում քաղաքական դաշտի, մտավորականության, մշակութային և այլ ոլորտների ներկայացուցիչների համախմբումը։ Սա իր հերթին հնարավոր է, եթե ի սկզբանե հստակեցվում է, թե ինչպես է տեղի ունենալու ապագա ազգային իշխանության ձևավորումը։ Այս հարցում գյուտեր անելու անհրաժեշտություն չկա՝ դրա օրինական ճիշտ և համընդհանուր մասնակցությամբ իրականացումը հնարավոր է միայն ընտրությունների ճանապարհով։ Սակայն, որպեսզի նրանք, ովքեր այսօր առաջին գծում են, վաղը չդառնան նաև ընտրությունների կազմակերպողը, անհրաժեշտ է ի սկզբանե հստակեցնել արդար (հավասար ելակետային հնարավորություններով) ընտրությունների անցկացման մեխանիզմների հարցը։
– Մինչ ընտրությունների անցկացման և իշխանության ձևավորման սահմանագիծը, Սրբազան պայքարը կարող է հանդիսանալ միասնականության և գործակցության ոգով տեղի ունեցող գործընթացների օրինականության գլխավոր երաշխավորը։
– Պետք է հայտարարվի, որ ապազգային իշխանությունների ինքնապահպանմանն ուղղված ապօրինությունների համար իշխանափոխությունից հետո պատասխանատու են լինելու բոլոր նրանք, ովքեր այդ ընթացքում կշարունակեն մաս կազմել հանցավոր թիմին, և պատասխանատվության չեն ենթարկվի նրանք, ովքեր երկրի համար ճակատագրական պահին կլինեն ժողովրդի կողքին։
– Պետք է հայտարարվի, որ տարիներ շարունակ հասարակության մեջ ատելություն սերմանող, կեղծիքներ տարածող, ժողովրդին պառակտող, քաղաքական և հանրային դաշտի ներկայացուցիչներին վարկաբեկող իշխանության ստեղծած ֆեյքերի ֆաբրիկայի ներկայացուցիչներն իշխանափոխությունից հետո խստագույն պատասխանատվության են ենթարկվելու իրենց հանցավոր գործունեությունից օր առաջ չհրաժարվելու դեպքում։
– Անհրաժեշտ է մերկացնել և ամենօրյա պարսավանքի ենթարկել արդարադատության համակարգի և ուժային կառույցների այն ներկայացուցիչների գործունեությունը, որոնք իշխանության հրահանգով մասնակցում են ազգային ուժերի և հասարակական ակտիվիստների նկատմամբ ձեռնարկվող հետապնդումներին, ֆիզիկական բռնություններին և կեղծ դատավարություններին։
– Ազգային ուժերը պետք է վերահաստատեն ավանդական և մնացած դաշնակիցների հետ հավասարակշիռ և կանխատեսելի փոխգործակցությունը շարունակելու հաստատակամությունը։
Կրկնենք, Նիկոլ Փաշինյանի ստեղծած հակապետական հակազգային իշխանությունը շարունակում է գոյատևել իր հաստատած բռնիշխանական համակարգի շնորհիվ, և ազգային ուժերի անմիաբանության, ժողովրդի ու ազգային ուժերի միջև եղած վստահության պակասի պատճառով։ Պետք է հասկանալ, որ այս պայմաններում նրանք, ովքեր պետք է իշխանության դեմ պայքարը շեղեն ներազգային և ընդդիմադիր ուժերի միջև պարզաբանումների դաշտ, նրանք, ովքեր օրվա ճակատագրական հարցերը թողած հանրության ուշադրությունը կշեղեն դեպի «նախկիններ» և կխառնեն տարբեր հարցերն իրար, կամա թե ակամա ջուր կլցնեն իշխանության ջրաղացին և կօգնեն երկարաձգելու նրա կործանարար գործունեությունը։
Իհարկե, շարադրվածը «Դրօշակի» մոտեցումն է, և մենք չենք հավակնում դիտարկելու դրանք որպես անվերապահորեն ընդունելի կամ ամբողջական դիրքորոշումներ։ Գուցեև միասնական ուժերով հնարավոր է ստեղծել տարբեր, մանրամասն և կատարյալին մոտ մի ծրագիր։ Գլխավորն ազգային փրկության ծրագրի շուրջ համընդհանուր միասնականության կայացումն է, որի անհրաժեշտության մեջ շահագրգիռ են բոլորը, բացի իշխանություններից, նրանց արբանյակներից և երկրի կործանման հաշվին սեփական կոմֆորտն ապահոված փոքրամասնությունից։ Ժամանակի թավալգլոր ընթացքը մեր և մեր պետության օգտին չէ, և ժամանակի հրամայականն է անկումի ընթացքի կասեցումը, երկրի նոր վերածննդի հիմքերի ձևավորումը։
Մենք այսօր ապրում ենք մի իրականության մեջ, երբ քաղաքական և բարոյական առումով սպառված իշխանությունն արժանանում է համընդհանուր անհանդուրժողության, հեղափոխության ստվերը հետապնդում է սպառված համբերությամբ ժողովրդին, ազգային ուժերը, յուրաքանչյուրն իր զանգակատնից անընդհատ ազդարարում է պայքարի անհրաժեշտության մասին, սակայն բոլոր այս հանգամանքները չեն բորբոքում Սրբազան պայքարը, չեն ծնում հեղափոխություն։ Պայքարի անհրաժեշտությունը ոչ թե մենաշնորհ, այլ պարտականություն ու պատասխանատվություն է բոլոր նրանց համար, ովքեր հավակնում են խոսելու պետության և ժողովրդի շահերի պաշտպանության մասին։
Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակի» այս համարում