Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, հունվարի 28-ին ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով պետության կողմից քաղաքացիների բանկային հաշիվներին հասանելիության թեմային, գրել է, թե «որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է, և պետական կառույցներն ու դրանց աշխատակիցները կարող են ստանալ ցանկացած տեղեկատվություն ձեր բանկային հաշվի վերաբերյալ…»:
Պատգամավորը հարց է բարձրացրել՝ ի՞նչ է տեսնում պետությունը (տվյալ դեպքում ՊԵԿ-ը), ապա ինքն էլ պատասխանել․ «(․․․ ՊԵԿ-ը բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը:
Ձեր բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն ձեր համաձայնությամբ (եթե դուք անհրաժեշտության դեպքում տրամադրեք քաղվածքը) կամ դատարանի որոշմամբ»:
Կարդացեք նաև
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պատգամավորի վերոնշյալ երկու պնդումները:
Պնդում 1
— Պետությունը բանկից ստանում է ընդամենը 2 թիվ. ձեր հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը:
Ազգային ժողովի կողմից 2024 թ. փետրվարի 28-ին ընդունված և ապրիլի 7-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված է. «… հարկային մարմինը հարկ վճարողի յուրաքանչյուր բանկային հաշվի ամփոփ տեղեկությունները էլեկտրոնային համակարգի միջոցով ստանում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով մինչև շահութահարկի հաշվարկի, իսկ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում` եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման` Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը:
Դա արվում է Օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի գնահատման նպատակով»:
Նույն օրենքի կարգավորմամբ բանկային հաշվի ամփոփ տեղեկությունը ներառում է հարկ վճարողի բանկային հաշվի, արժույթի, հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի, ինչպես նաև հարկային տարվա ընթացքում բանկային հաշվին մուտքագրված գումարների հանրագումարի և ելքագրված գումարների հանրագումարի վերաբերյալ տվյալներ:
Այսպիսով, Բաբկեն Թունյանի պնդումը՝ թե ՊԵԿ-ը բանկից ստանում է ընդամենը 2 թիվ՝ քաղաքացու հաշիվներին տարվա ընթացքում կատարված դրամական մուտքերի հանրագումարը և ելքերի հանրագումարը, թերի է, քանի որ վերոնշյալի հետ մեկտեղ ՊԵԿ-ն ստանում է նաև 3-րդ թվային տվյալը՝ հարկային տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա մնացորդի մասին:
Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»