Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման առարկա է դարձրել Հայոց ցեղասպանության փաստը՝ սփյուռքի ներկայացուցիչների առջեւ հայտարարել՝ «Մենք Հայոց ցեղասպանությանն էլ պետք ա վերադառնանք։ Մենք պետք ա հասկանանք, թե ի՞նչ ա տեղի ունեցել եւ ինչո՞ւ է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք դա ընկալել։ Ո՞նց ա եղել, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, եւ ոնց ա որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել ա»: «Առավոտի» իրավական էջը ձեզ է ներկայացնում մի հատված թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի «Ճանաչում եւ դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919- 1921թթ. եւ 1926թ.)» աշխատությունից մի հատված:
1919 թ. փետրվարի 5-ից մինչեւ ապրիլի 7-ը կայացած եւ 18 նիստից բաղկացած Յոզղատի դատավարությունն առաջինն էր 1919-1921 թթ. Ստամբուլի ռազմական արտակարգ ատյաններում հայերի տեղահանության եւ կոտորածների մեղադրանքով հարուցված 60-ից ավել դատական գործերի շարքում: Կարծես ճակատագրի հեգնանքով դատավարությունն ընթանում էր հենց այն դահլիճում, որտեղ դրանից 10 տարի առաջ Աբդուլ Համիդի ներկայությամբ հանդիսավորապես հռչակվել էր օսմանյան խորհրդարանի բացումը:
Մեղադրյալները սկզբնապես եղել են երեքը` Յոզղատի փոխմութասարիֆ (սանջակի/մարզի կառավարիչ) եւ միաժամանակ Բողազլըյանի կայմակամ (գավառապետ) Մեհմեթ Քեմալը, Յոզղատի ժանդարմերիայի գումարտակի հրամանատար Թեւֆիկը եւ Յոզղատի վաքֆային վարչության նախկին պաշտոնյա Ֆեյազ Ալին: 17-րդ նիստում վերջինիս գործն առանձնացվել է` հետագայում քննվելու նպատակով, որը, սակայն, մնացել է սոսկ թղթի վրա: Դատավճիռը կայացվել է ապրիլի 8-ին, ըստ որի` ամբաստանյալներից Մեհմեթ Քեմալը դատապարտվել է մահապատժի, իսկ Թեւֆիկը` 15 տարվա տաժանակիր աքսորի:
Հարկ է նշել, որ Յոզղատի դատական նիստերի ընթացքում եւ, հատկապես, 1919 թ. փետրվարի 22-ի նիստում, ընթերցվել են բազմաթիվ պաշտոնական փաստաթղթեր, հատկապես` ծածկագիր հեռագրեր, որոնց վավերականությունը հաստատելուց հետո միայն ռազմական դատարանը մահապատժի է դատապարտել Մեհմեթ Քեմալին:
Կարդացեք նաև
1919 թ. փետրվարի 15-ին կայացած 6-րդ նիստում վկա Ստեփանը ցուցմունքներ է տվել առ այն, որ նախ` Գյուլլեր, ապա` Էլեքչիլեր աքսորված հայերը կացիններով, քլունգներով եւ գերանդիներով սպանվել են տեղի գյուղացիների կողմից: Վկան հայտնել է, որ ջարդին ներկա են եղել նաեւ ամբաստանյալները, եւ որ կոտորվել է իր գյուղի ամբողջ բնակչությունը:
Նույն նիստում հայերի կոտորածների փաստը հավաստող վկայություններով հանդես է եկել նաեւ տիկին Աննիկը, որը հաղորդել է, թե առաջին եւ երկրորդ քարավաններից առանձնացվել են տղամարդիկ, երրորդից` գեղեցիկ կանայք, իսկ մյուս հայերը կոտորվել են:
1919 թ. փետրվարի 18-ի` թվով 7-րդ նիստում հանդես եկած վկաներից Անկարայի 15-րդ կորպուսի հրամանատար, գնդապետ Հալիլ Ռեջային վկայել է, որ «ըստ մայոր Շահաբ բեյի ստացած ծածկագիր-հեռագրի` Բողազլըյանում բնաջնջվել էին 2-ից 3 հարյուր հայեր»: Արձանագրությունում կարդում ենք.
«Հալիլ Ռեջայի – Հանցագործությունների հետաքննիչ հանձնաժողովում եւս ինձ հարցրել են, թե Բողազլըյանից հեռագիր ստացե՞լ եմ, թե՞ ոչ: Կարծեմ` նման մի հեռագիր է ստացել Շահաբ բեյը, որը վերաբերել է 2-ից 3 հարյուր հայերի բնաջնջմանը: Հեռագիրն ինձ մոտ չէ: Այն պետք է որ Կայսերիից (Կեսարիա-Մ.Ա.) հղված լինի Անկարա:
Դատախազ – Ի՞նչ պատճառներից ելնելով է Ռազմական գերատեսչությունը զբաղվել տեղահանության խնդիրներով:
Հալիլ Ռեջայի – Տեղյակ չեմ: Ինձ նման հեռագիր հասավ, եւ ես այն հանձնեցի գլխավոր հրամանատարությանը: Շահաբ բեյից չեմ հարցրել պատճառների մասին:
Դատախազ – Որտեղի՞ց է Շահաբ բեյը նման տեղեկություն ստացել:
Հալիլ Ռեջայի – Բողազլըյանից»:
Նույն նիստում լսել են նաեւ ազգությամբ հույն վկա Հրիսթաքի Անդրեյադիսին, որը հանդես է եկել հետեւյալ վկայությամբ. «331 թ. (1915-Մ.Ա.) հուլիսի 24-ին` ուրբաթ առավոտյան, հրաման տեղ հասավ, եւ Ջեմալ բեյը սկսեց տեղահանությունը: Աքսորյալների առաջին խումբը հաջորդ օրը տարագրվեց Սվաս (Սեբաստիա-Մ.Ա.): Երկրորդ խումբը եւս ուղարկվեց Սվաս: Հայերի երրորդ խումբն աքսորվեց Կայսերի: Այդ ժամանակ Միություն եւ առաջադիմություն կուսակցության պատվիրակը հայերին բնաջնջելու վերաբերյալ բանավոր հրամաններ տվեց: Ջեմալ բեյը չհամաձայնեց դրանց: Գնաց Չորում: Լսեցինք, որ պաշտոնից հեռացվել է. նրան փոխարինեց Քեմալը: Լսեցինք, որ բնաջնջվել են միայն Բողազլըյանի հայերը…
Այնուհետեւ ժողովրդին զույգ-զույգ տարել են Բաղլըջայի եւ Բեզլիհանի կողմերը: Լցրել են մի փարախ, որի շուրջը ճահճոտ է եղել, եւ այնտեղից երեք-երեք կամ հինգ-հինգ հանելով` սպանել: Փախած-թաքնվածներին բացահայտելու նպատակով ասել էին, թե իսլամ ընդունածները փրկվելու էին, սակայն երբ փախածները դուրս էին եկել իրենց թաքստոցներից, նրանց եւս կոտորել էին»:
Հրիսթաքի Անդրեյադիսը նույն նիստում հաղորդել է նաեւ, որ Յոզղատը տեղահանությունից առաջ ունեցել է 2000 տուն հայ բնակչություն, իսկ հետո` ընդամենը 200:
Դարձյալ միեւնույն նիստում վկաներից ունկնդրության է արժանացել նաեւ Սիմոն էֆենդին, որը դատարանին հայտնել է, թե Սալիմ բեյը պաշտոնազրկվել է տեղահանության ժամանակ բնաջնջմանը չմասնակցելու պատճառով:
Նույն նիստում հիշյալ վկայից հետո ունկնդրության արժանացած վկա Գեղամ էֆենդին դատարանին տեղեկացրել է, որ հայերի բնաջնջմանը մասնակցել են նաեւ Յոզղատի ժանդարմները:
Դատաքննության 9-րդ նիստում, որը տեղի է ունեցել 1919 թ. փետրվարի 22-ին, դատարանի նախագահ Հայրեթ փաշան դատական քարտուղարին խնդրել է ընթերցել մի շարք ծածկագիր հեռագրեր, որոնցից մեկում դիվիզիոնի հրամանատարը զինվորական կորպուսին էր հայտնում Բողազլըյանում 1500 հայերի սպանության մասին, իսկ մյուսում, որը կրում էր 207 համարը, հիշատակվում էր Բողազլըյանում եւ շրջակա բնակավայրերում 360 հայերի բնաջնջման մասին:
9-րդ նիստում դատարանի նախագահի հրահանգով ընթերցվել է նաեւ 1915 թ. հուլիսի 17-ի թվակիր հեռագիրը, ըստ որի` տեղահանության ընթացքում հայերին սպանել է ժանդարմերիայի սերժանտ Հուսեյինը, ինչպես նաեւ օգոստոսի 11-ի թվակիր` թիվ 263 հեռագիրը, ըստ որի` Յոզղատի սանջակում ոչ մի հայ չպետք է մնար: Միեւնույն նիստում, դարձյալ դատարանի նախագահի ցուցումով, ներկայացվել է նաեւ մեկ այլ հեռագիր, որը վերաբերում էր Բողազլըյանում 130 հայերի ոչնչացմանը:
Սույն դատական գործընթացի 10-րդ նիստում` 1919 թ. մարտի 5-ին, վկաներից ունկնդրության արժանացած Թոքաթի մութասարիֆը հավաստել է, որ հայերի սպանությունների փաստը հայտնի է եղել բոլորին:
Այս նիստում լսված վկաներից Յոզղատի նախկին մութասարիֆ Ջեմալը բացասական պատասխան է տվել իրեն ուղղված այն հարցին, թե արդյո՞ք որեւէ նախանշան եղել է առ այն, որ Յոզղատի հայերը պատրաստվում էին «ապստամբել»:
Միեւնույն նիստում, որպես վկա, ունկնդրության է արժանացել նաեւ վարչական տեսուչ Նեդիմ բեյը, որը հայտնել է, թե ըստ իրեն հասած խոսակցությունների` տարագրված 140 հոգանոց հայկական քարավանին գիշերը գավազաններով ոչնչացրել են մի փարախում: Վկան նաեւ շեշտել է, որ հայերին աքսորել են որոշ գյուղերից, եւ որ ճանապարհին նրանք ենթարկվել են չեթեներից բաղկացած ավազակախմբերի հարձակումներին:
Այս նիստում եւս ընթերցվել է Շահաբ բեյի` Բողազլըյանի տեղահանության ժամանակ կատարված սպանությունները եւ չարաշահումները փաստող ցուցումը: Ներկայացվել են եւս երկու ցուցում: Դրանցից առաջինում, ժանդարմերիան հաղորդել էր, թե 36 հայերից 11-ը սպանվել էին հրոսակախմբերի կողմից, իսկ մյուսները` կոտորվել հետագայում: Երկրորդը, որի վրա նշված էր «գաղտնի» բառը, վերաբերում էր Բողազլըյանի տեղահանությանը:
Դատավարության տասներկուերորդ նիստում, որը տեղի է ունեցել 1919 թ. մարտի 7-ին, դատական քարտուղարն ընթերցել է Կայսերիի ժանդարմերիայի սերժանտի զեկույցը, ըստ որի` 26 հայ ժանդարմերիայի պահպանության տակ տարագրվելիս ենթարկվել է ժանդարմների հարձակումներին, որոնք նրանց սպանել են:
1919 թ. մարտի 24-ին կայացած դատական գործընթացի տասներեքերորդ նիստում դատախազը հիշատակում է Բաքքալ գյուղից պղնձագործ Մահմուդին հղված գրավոր հրամանի մասին, ըստ որի (հայ-Մ.Ա.)՝ կանանց, տղամարդկանց ու երեխաների հագուստը եւ իրերը պետք է պահվեին: Ինչպես պարզաբանել է դատախազը` «Այստեղ խոսքն, անկասկած, վերաբերում է հագուստին: Այդ դեպքում այս հրամանը, անկասկած, վերաբերում է ոչ այլ ինչի, քան սպանությանը»:
Յոզղատի դատաքննության տասնհինգերորդ նիստում (1919 թ. մարտի 27-ին) դատարանին ցուցմունքներ տված վկա Մեհմեթ բեյը, որն անգլոհպատակ գնդապետ էր, հայտնել է, թե անձամբ ինքը տեսել է, թե ինչպես են կացիններով ու դաշույններով հայերին կոտորում Քարաքուշ լեռնահովտում: Նույն նիստում ընթերցվել է նաեւ ամբաստանյալ Թեւֆիկի ստորագրությունը կրող տեղեկագիրը, որը հիշարժան է, մասնավորապես «Հայերի արմատը չորացնել» արտահայտության պարունակությամբ:
Դատավարության տասնվեցերորդ նիստում, որը տեղի է ունեցել 1919 թ. մարտի 29-ին, դատախազն արձանագրել է, որ դատաքննության ընթացքում լսված վկաների ցուցմունքները պարունակում են մեղադրյալ Մեհմեթ Քեմալի մեղավորությունը հաստատող անհերքելի ապացույցներ. «Քեմալ բեյի դեմ հանդես եկած գլխավոր վկաներն են Բողազլըյանի մյուֆթին (հոգեւոր առաջնորդը-Մ.Ա.) եւ զինվորական վերադասները: Ի հավելումն դրանց` կան նաեւ հայ վկաներ: Հետեւաբար, Քեմալը գտնվում է բարդ կացության մեջ: Կարելի է ունկնդրության արժանացնել նաեւ պաշտպանող կողմի ներկայացրած վկաներին, սակայն քանի որ հանցագործությունը բացահայտ է, պաշտպանող կողմի վկաները որքան գովաբանեն այդ մարդուն, կարծում եմ, որ դա դատարանի համար անիմաստ կլինի»:
Սակայն, չնայած այս բոլոր արժանահավատ վկայություններին ու փաստերին, քեմալական իշխանությունները Յոզղատի գործով մեղադրյալ եւ դատապարտյալ Մեհմեթ Քեմալին հետմահու ոչ միայն արդարացրել են, այլեւ` հերոսացրել: Նա կախաղան է բարձրացվել 1919 թ. ապրիլի 10-ին` Ստամբուլի Սուլթան Բայազետ հրապարակում: Նախ` մահապատժի արարողությունն ինքնին կատարվել է ոչ ընդունված կարգով: Ըստ օրենքի` կախաղանի դատապարտվածը մահապատժի էր ենթարկվում նախքան արեւածագը, դատապարտյալի մարմինը հրապարակում էր մնում եւս 5-6 ժամ, ապա` անշուքորեն թաղվում: Մինչդեռ Մեհմեթ Քեմալի մահապատժի արարողությունն ի կատար է ածվել կեսօրից հետո` ժամը տասնինն անց քսանին, ստվար բազմության ներկայությամբ, որին մասնակցել են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մահապատժից հետո Մեհմեթ Քեմալի դին դրվել է Բայազետ մզկիթի լվացարանում. գործողություն, որն անթույլատրելի էր մահապատժի դեպքում: Հաջորդ օրը մեծ շուքով կազմակերպվել է նրա թաղման արարողությունը, որին մասնակցել են ավելի քան տասը հազար ցուցարարներ: Ոճրագործը հռչակվել է «ազգային նահատակ», իսկ նրա այրու եւ զավակների նկատմամբ սահմանվել է ազգային խնամակալություն: Ինչպես նշում է Արամ Անտոնյանը, «այն թուրք ժողովուրդը, որ հանրային հանգանակութեանց իր քսակը այն ատեն միայն կը բանայ, երբ վիզը կը սեղմեն, ինքնաբերաբար, 5-10 օրուան ընթացքին 20 հազար օսմ. ոսկի գումար մը հանգանակելով, յանձնեց Քէմալ պէյի այրիին»:
Ավելին, Անկարայի մեջլիսը 1920 թ. դեկտեմբերի 9-ին որոշում է կայացրել Մեհմեթ Քեմալի ընտանիքին թոշակ տրամադրելու մասին: Այսօր եւս Բողազլըյանում կարելի է տեսնել հերոսի կոչմանն արժանացած հայտնի հայասպան Մեհմեթ Քեմալի արձանը:
Այսպիսով, Յոզղատի դատաքննության ժամանակ ընթերցված բազմաթիվ հեռագրերը եւ բարձրաստիճան ականատեսների վկայությունները փաստել են, որ տեղի հայության բնաջնջումն իրականացվել է օսմանյան տեղական իշխանությունների, ժանդարմերիայի եւ բնակչության կողմից, որոնք իրենց հերթին հրահանգներ էին ստացել կենտրոնական կառավարությունից: Սույն դատավարության ընթացքում արձանագրված Յոզղատի նախկին կառավարչի ցուցմունքի համաձայն` հերքվել է Յոզղատում հայերի կողմից ապստամբության նախապատրաստվելու մասին վարկածը, որը XIX դ. վերջերից առ այսօր բազմիցս շահարկվել է Հայոց ցեղասպանության պատմությունը նենգափոխող պատմության կեղծարարների կողմից: Ըստ այդմ, Յոզղատի դատաքննության նյութերը շարունակում են պահպանել իրենց այժմեականությունը:
«Առավոտ» օրաթերթ
31.01.2025