Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը Մակրոնին հունից հանելու սահմանագծին է հասել

Փետրվար 01,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Ադրբեջանի հանցավոր ռեժիմին պետք է վճռական պատասխան տալ». Փարիզից գործելու կոչեր են հնչում

Փարիզ-Բաքու փոխհրաձգությունը շարունակվում է: Ալիեւը «պատերազմ» է հայտարարել Եվրոպայի միջուկային պետությանը` Ֆրանսիային, եւ մասնավորապես` նախագահ Մակրոնին:

Հիմնական խնդիրն, իհարկե, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերություններն էին եւ դրա հիմքում ռազմաքաղաքական համագործակցությունը, որն Ալիեւին հանգիստ չի տալիս:

Անցյալ դեկտեմբերին «Ռոսիա սեգոդնյա» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելեւին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը ուղղակի հայտարարեց, որ Մակրոնի կառավարությունը Հայաստանին մատակարարում է «մահաբեր հարձակողական զենքեր», որոնք ըստ նրա` «վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար»։ Ավելին, Բաքուն մեղադրեց Փարիզին ոչ միայն Հայաստանին զինելու, այլեւ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու» մեջ եւ «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»։

Օրերս Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն հայտարարել է, որ «Բաքվի խումբը» կրկին փորձել է ապակայունացնել քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ապարդյուն փորձերն անընդունելի են եւ պետք է անհապաղ դադարեցվեն:

Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆրանսիան վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում եւ հատկապես Նոր Կալեդոնիայում, ինչպես նաեւ` միջազգային իրավունքն ու Հայաստանը պաշտպանելու համար։

Նոր Կալեդոնիան 1853-ին է դարձել ֆրանսիական գաղութ, 1946 թվականին ստացել է Ֆրանսիայի անդրծովյան տարածքի կարգավիճակ։ 1998 թվականի համաձայնագրով Նոր Կալեդոնիային տրվել են ավելի մեծ ինքնավարություն եւ անկախության երեք հանրաքվե անցկացնելու իրավունք։ Դրանք տեղի են ունեցել 2018, 2020 եւ 2021 թվականներին։ Առաջին երկուսի արդյունքներով անկախության հակառակորդները հաղթել են փոքր տարբերությամբ։ Երրորդ հանրաքվեն, որում տարածքի ներկայիս կարգավիճակի պահպանմանն արդեն աջակցում էր մասնակիցների 9 տոկոսը, կանակները բոյկոտել են COVID-19 համաճարակի պատճառով։

Անցյալ շաբաթ Ապագաղութացման միջազգային ճակատի համագումարում Բաքվի նախաձեռնող խմբի գործադիր տնօրեն Աբբաս Աբբասովը տեսաուղերձ է հրապարակել, որում հայտարարել է, որ 2024-ին ամբողջ աշխարհը Նոր Կալեդոնիայում ողբերգական իրադարձությունների ականատես եղավ, Ֆրանսիայի իշխանությունները դաժանորեն ճնշեցին տեղի բնակչության՝ կանակների խաղաղ ցույցերը։ Նրա խոսքով՝ խաղաղ բնակիչների նկատմամբ այս բռնությունները հանգեցրել են 13 անմեղ մարդկանց մահվան եւ ավելի քան 200 մարդու վիրավորվելուն, ինչը եւս մեկ անգամ ցույց տվեց գաղութատիրության վերացման հարցում միջազգային հանրության հրատապ միջամտության եւ համերաշխության անհրաժեշտությունը։

Այնուհետեւ, նա ընդգծել է Ալիեւի վերջին գործողությունների կարեւորությունն ընդդեմ Ֆրանսիայի: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացահայտորեն դատապարտեց կանակների դեմ կատարվող հանցագործությունները եւ իր աջակցությունը հայտնեց գաղութացված շրջաններին։ Բաքվի նախաձեռնող խումբը նամակներ է հղել միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ համաշխարհային հանրությանը տեղեկացնելով կանակների ժողովրդի դեմ կատարվող վայրագությունների մասին։ Այս ջանքերի շնորհիվ հարցը միջազգային լայն ճանաչում ստացավ»։

Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը պատասխանել է Բաքվի քայլերին, նշելով, որ` «Ադրբեջանի հանցավոր ռեժիմին պետք է տալ վճռական պատասխան»: «Ադրբեջանի գործողությունները՝ միջամտություն կատարելու եւ ապակայունացնելու ուղղությամբ, որոնք խթանում են բռնություններն ու վիրավորում մեր երկիրը, պահանջում են միանշանակ դատապարտում։ Ֆրանսիան եւ Եվրոպան պարտավոր են վճռական պատասխան տալ այս հանցավոր ռեժիմին, որը բացահայտ գործողություններով սպառնում է մեր տարածքային ամբողջականությանը եւ հիմնարար արժեքներին»։

Բաքվի «հարձակումների» ֆոնին ուշագրավ տեղեկություններ են ստացվում Ֆրանսիայի կողմից պատասխան-գործողությունների անհրաժեշտության մասին: Համացանցում լուրեր են հրապարակվում այն մասին, որ Ֆրանսիան իրականացնում է հետաքննություն՝ բացահայտելու ադրբեջանական հատուկ ծառայությունների հնարավոր ներգրավվածությունը Եվրոպայում ապաստան գտած ընդդիմադիր գործիչների ահաբեկման եւ չեզոքացման գործողություններում։

Ֆրանսիական ԶԼՄ-ների եւ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ադրբեջանցի ակտիվիստները, բլոգերները, լրագրողները եւ քաղաքական գործիչները, որոնք քննադատում են ալիեւյան ռեժիմին, բախվում են սպառնալիքների, շանտաժի եւ հարձակումների։ Առավել աղմկահարույց դեպքը ընդդիմադիր գործիչ, ակտիվիստ Վիդադի Իսկենդերլիի սպանությունն էր։ Նա քաղաքական փախստականի կարգավիճակով բնակվում էր Ֆրանսիայում եւ ակտիվորեն քննադատում էր Ադրբեջանի կառավարությանը՝ մեղադրելով Ալիեւի ռեժիմին կոռուպցիայի մեջ, ինչի համար էլ պարբերաբար սպառնալիքներ էր ստանում։ Իսկենդերլին անցյալ տարի աշնանը դանակահարվել էր երեք դիմակավորված անձանց կողմից, մի քանի օր անց ֆրանսիական հիվանդանոցներից մեկում մահացավ:

Ֆրանսիացի քննիչները ուսումնասիրում են ադրբեջանական պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի հնարավոր ներգրավվածությունը, որը սերտորեն կապված է նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի հետ։ Ապացույցների թվում են հեռախոսազրույցներ, ականատեսների ցուցմունքներ եւ ընդդիմադիրների հայտարարություններ, որոնք մատնանշում են Բաքվից հարձակումների ֆինանսավորման եւ համակարգման հավանականությունը։

Հետաքննության շրջանակում ձերբակալվել են մի քանի անձինք, ովքեր կասկածվում են «օրենքով գողեր» անվամբ հայտնի ադրբեջանական հանցավոր խմբավորման հետ կապ ունենալու մեջ։ Լրատվականները ներկայացնում են փորձագետների կարծիքը, թե այդ խմբերը կարող են Ադրբեջանի կառավարության շահերից ելնելով գործել արտասահմանում՝ իրականացնելով ադրբեջանական իշխանությունների քննադատների չեզոքացման հանձնարարականներ։

Բացի այդ, նշվել է, որ Եվրոպայում գրանցվել են ադրբեջանցի ընդդիմադիրների նկատմամբ բռնության այլ դեպքեր։ Բեռլինում դաժան ծեծի է ենթարկվել ակտիվիստ Օ. Աղաեւը, իսկ Թուրքիայում կասկածելի հանգամանքներում մահացել է Բ. Մամեդովը։ Այս դեպքերը մեծ արձագանք են ստացել ինչպես ադրբեջանական սփյուռքի, այնպես էլ միջազգային հանրության շրջանում։

Ինչպես տեսնում ենք, հասունանում է պաշտոնական Բաքվի նկատմամբ դիվանագիտական ճնշումներ գործադրելու պահը։ Արդեն իսկ հնչում են կարծիքներ, որ այս իրավիճակում պետք է դրվի Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում Եվրոպայի ռազմավարական համագործակցության նպատակահարմարության հարցը, քանի որ տնտեսական շահերը չպետք է գերակայեն մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խնդիրների նկատմամբ։

Հիշեցնենք, որ այս շաբաթ մեկնարկած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը ընթացել է առանց ադրբեջանական պատվիրակության մասնակցության։ Հայտնի է, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ից հրավեր չի ստացել, այդպիսով՝ կառույցը չքննարկեց ադրբեջանցի պատգամավորների հնարավոր վերադարձի հարցը:

Իսկ անցած օրերին Երեւանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոն: Նրան ընդունել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրանք քննարկել էին Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ եւ ընդգծվել էր մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման շուրջ իրականացվող քայլերի կարեւորությունը: Գրիգորյանն ու Ռոքֆոն մտքեր էին փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային հրատապ հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ Բրիս Ռոքֆոն Ֆրանսիայի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ էր նշանակվել 2021 թվականին: Նա փոխարինեց Ստեֆան Վիսկոնտիին, որը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ էր 2016-ի հոկտեմբերից։ Ռոքֆոն մինչ համանախագահի պաշտոնը` զբաղեցրել է մի շարք երկրներում դեսպանի պաշտոններ, այդ թվում` Ռուսաստանում եւ Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատներում քաղաքական խորհրդականի պաշտոնները: Թե կոնկրետ ինչ օրակարգով էր Բրիս Ռոքֆոն Հայաստանում, այլ մանրամասներ հայտնի չեն:

Ի դեպ, հայտնի է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն Թրամփի նոր վարչակազմում վերջերս նշանակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար։ Պետքարտուղարությունը օրերս հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ Բոնոն փակ հանդիպում է ունենալու ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալի հետ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 31.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728