«Առավոտը» շարունակում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս են տեսնում ամեն ուրբաթ, իսկ aravot.am կայքում տեղադրվում են շաբաթ օրերին:
Շարքի նախորդ հոդվածն՝ այստեղ:
90-ականներին բավականին հայտնի «Մեր Բակը – 1» ֆիլմում Հրանտ Թոխատյանի հերոսը, ի հակադրություն իրենց բակի մեծահարուստ բնակչի դիտարկումների, փորձում է հասկացնել, որ ամեն ինչ չի վաճառվում եւ գնվում: Նա հանդիսավորապես հակադրվում է.
– Գիտեք ինչ, ես Ձեզ հետ համաձայն չեմ: Ամեն ինչ չէ, որ կարելի է փողով գնել: Փողով կարելի է գնել միայն սերը, երջանկությունը, մարդկությունը …
Կարդացեք նաև
Իսկ ինչե՞ր կարելի է անել փողով: Նման բակային, սովորական զրույցներում, որտեղ հիմնականում բանավիճում են շատ փող չունեցող մարդիկ, եզրահանգումները կարող են սկսվել նրանից, որ փողով կարելի է գնել ամեն ինչ, եւ ավարտվել հին խորհրդային պնդմամբ, որ «Փողը ձեռի կեղտ է»: Շատ փող ունեցող հարուստ մարդիկ սովորաբար աշխատում են նմանատիպ զրույցների չմասնակցել, որովհետեւ մեծ է հավանականությունը, որ նրանց չեն հասկանա: Մի բան են փողի մասին մասնավոր զրույցներն ու դատողություններն անձնային, մասնավոր տիրույթներում, բոլորովին այլ բան՝ ազգային, պետական մակարդակում: Պետությունների պարագայում դասակարգման հստակ չափանիշներ էլ կան: Որ պետություններն են համարվում աղքատ, որոնք՝ ընդհակառակը: Սակայն որքան էլ աղքատ լինի պետությունը, պետական գանձարանում հավաքվող ֆինանսական միջոցներն անհամեմատելի են այդ երկրի սովորական փողատեր մարդկանց ունեցած հարստության հետ: Իսկ ովքե՞ր են սովորաբար նոր կայացող, աղքատ երկրներում տնօրինում հսկայական պետական ֆինանսական միջոցները: Այո, մարդիկ, որոնք իրենց կյանքում, մեղմ ասած, երբեք հարուստ չեն եղել: Այ, նրանց շատ փող ունեցող հարուստ մարդիկ երբեմն քննարկում են եւ որպես բնորոշում՝ հաճախ են կիրառում այն տարածված միտքը, որ վերջիններս սեփական կատու չեն ունեցել:
Մի կողմ թողնենք, որ ընտրողները պատվիրակում են քաղաքական ուժերին ղեկավարել, կառավարել, տնօրինել հանուն պետության: Այս գաղափարը շատ հաճախ ավարտվում է նոր կառավարողի առաջին աշխատանքային օրը, երբ նա նոր գրասեղանի մոտ հարմար տեղավորվում է թավշապաստառ նստարանի մեջ: Հիմա նա, ի շարս նախկինում իրեն բոլորովին անծանոթ մի շարք գործառույթների, նաեւ պարտավոր է ծախսել պետության փողերը: Իսկ նա փող ծախսել գիտի՞: Նա կարող է լավ թե վատ խորոված անել, քիչ թե շատ կենաց ասել, գուցե մի թեթեւ էլ մեքենա վարել իմանա, ուրիշ ունակություններ ու ձիրքեր էլ կարող է ունենալ, օրինակ՝ շախմատ կամ պրեֆերանս խաղալ, ծառ էտել կամ սով պահել, բայց նա երբեք այս մասշտաբի փողեր չի տեսել: Այո, ճիշտ է, պետական կառավարումը չի ենթադրում, որ իշխանության եկած գործիչը պարտավոր է բոլոր ոլորտների մասնագետ լինել, դրա համար ղեկավարման տարբեր ճյուղեր ու մասնագետներ կան, սակայն բոլորին է հայտնի, թե նմանատիպ կառավարման համակարգերում ում է պատկանում վերջին խոսքի իրավունքը: Անգամ եթե բոլոր ոլորտներում բացառիկ տաղանդավոր մասնագետներ լինեն, միեւնույն է՝ ի վերջո հաղթում է գայթակղությունը՝ ինքնուրույն ու միանձնյա ընդունել կարեւոր որոշումները: Պետության ղեկավարումը ստանձնելու՝ օրենքով սահմանված պայմանների մեջ փող ծախսել իմանալու մասին ոչինչ սահմանված չէ, ոչ մի սահմանափակող պայման չկա նաեւ տեսած լինելու մասին: Այնպես որ, փող չտեսած եւ դրա հետ վարվելու նրբություններին չտիրապետող չտես անհատները կարող են հաջորդաբար հայտնվել թիվ մեկ ծառայողական մեքենայի շքեղ սրահում եւ առաջին օրերին նստարանի թիկնակն ուղղելու համար մի քանի անգամ օգտվել սրահի լուսամուտների զրահապատ ապակիները վեր ու վար անող կոճակներից: Նրանք պաշտոնավարման ընթացքում, իհարկե, սովորում եւ բավականին լավ տիրապետում են փող ունենալու ու այն ծախսելու կախարդական հմտություններին, ավելին՝ գերազանցապես տիրապետում են ներկայացուցչական դասի գույքի օգտագործման նրբին առանձնահատկություններին: Տարիների ընթացքում այս գործընթացը կարող է կրկնվել որոշակի պարբերականությամբ, իսկ փող աշխատելու եւ փող ծախսելու գործում վարպետ մարդիկ՝ գործարարները, հարուստ փողատերերը բավականին լավ են հասկանում, որ այս անփառունակ ուսումնառության շրջապտույտները կազմակերպվում են նաեւ իրենց վճարած գումարներով:
Նշածս փողատերն ու նրա ունեցած փողը, ֆինանսական ազդեցիկ միավոր լինելուց զատ, նաեւ պետության անվտանգության բարձիկներից է: Հազարավոր օրինակներ կան, երբ գաղափարախոսության ու շահերի համընկնումների պարագայում պարզապես հրաշքներ են գործվում: Ազգային այս բուրժուազիան, սակայն, որպես անվտանգության բարձիկ՝ մեզանում այդպես էլ չի կայանում: Ո՞վ իր աշխատած փողը կփոխանցի մի տեղ, որտեղ այն, մեղմ ասած, անարդյունավետ է ծախսվում, որքան էլ նպատակ դաշտում վեհ գաղափարներ լրացված լինեն, օրինակ՝ ռումբեր ընթացող պատերազմի համար: Անգամ եթե հարուստ գործարարի թանձրացական շահերը երբեմն համընկնում են հասարակության մեծամասնության շահերի հետ, իշխանություններն ամեն ինչ անում են, որ այդ շահը սպասարկող գործիք չդառնան: Փոխարենը, երբ հերթական շրջափուլի ժամանակ հայտնվում են տկլոր կառավարողները, մեծահարուստ գործարարը բիզնեսի անվտանգությունից ելնելով նրանց դիմում է՝ «շեֆ ջան»-ով, իսկ եթե տկլոր կառավարողն արդեն համազգեստ է հագել՝ «կամանդիր ջան»-ով:
Սա, սակայն, բոլորովին այլ զրույցի թեմա է:
Աղասի ՀՈՒՆԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
31.01.2025