Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավում եմ՝ հարցը շատ է քաղաքականացվում. Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Հունվար 31,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանից հետաքրքրվեց՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մտադիր չէ՞ արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարություններին, որոնք նա արել էր Շվեյցարիայի հայության մի խմբի հետ հանդիպման ժամանակ, եւ որոնց վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաեւ Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման եւ մարդկային անվտանգության ինստիտուտը: Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ մասնավորապես էր, որ Փաշինյանի կողմից ցեղասպանության ժխտողականությանը մոտ հայտարարություններ անելը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ՝ Հայաստանի դեմ թշնամական գործողությունների ուժեղացման տեսանկյունից։

«Ես այսօր տեսա, որ վարչապետը մեկնաբանել է  իր ասածը, կարծեք թե բացատրել է, թե ինչ էր ուզում ասել: Ես հասկանում եմ, որ Հայոց Ցեղասպանության թեման հայերի համար զգայուն է, եւ միշտ բուռն արձագանքների է արժանանում, բայց մյուս կողմից ցավում եմ, որ հարցը շատ են քաղաքականացնում, ու նման վիճակներում ենք հայտնվում»,- ասաց Էդիտա Գզոյանը:

Մեր դիտարկմանը, որ բարձրաստիճան պաշտոնյաները, երկրի առաջին դեմքերը եւ հայտնի անհատները մի՞թե չպետք է զուսպ արտահայտվեն եւ անզգույշ արտահայտություններ չանեն Հայոց ցեղասպանության թեմայով, որ հետո նրանց ասածները չհայտնվեն ադրբեջանական մամուլի էջերում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն այսպես արձագանքեց. «Հայոց ցեղասպանության ժխտում Հայաստանում չի կարող լինել: Մենք ամբողջ օրը փորձում ենք եւ կրթական ծրագրերով դպրոցականների հետ աշխատել, եւ ծրագիր ենք մտածում լրագրողների հետ աշխատելու համար, շատ հաճախ էլ ԱԳՆ դիվանագիտական դպրոց ենք գնում, իրենց ենք ներկայացնում թեման:

Բոլորս պետք է գիտակ լինենք, շատ զգույշ խոսենք ու արտահայտվենք: Մենք որպես ինստիտուտ, որպես գիտական հաստատություն՝ միշտ նման հարցերի անդրադառնում ենք, կարծում եմ՝ բոլորս պիտի զգուշավոր լինենք ու թույլ չտանք, որ մեր քննարկումները մեր թշնամիներին հաճույք պատճառեն: Հաստատ այդ ամենն ի բարօրություն մեր երկրի չի ծառայում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031