Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում թափառող շների թեման ևս հօդս ցնդեց․ ՔՊ-ն նորից ձախողեց ավագանու նիստի գումարումը

Հունվար 31,2025 20:20

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը, որը Հայաստանի երկրորդ քաղաքի մանկապարտեզներն անվճար դարձնելու նպատակով դեռևս տարեվերջին ավագանու նիստ էր հրավիրել ու մերժվել ՔՊ-ի կողմից, օրերս հանդես էր եկել մեկ այլ առաջարկով՝ քննարկել թափառող կենդանիների խնդրի լուծման իրենց ծրագիրը։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը դարձյալ ավագանու նիստ էր հրավիրել, սակայն այն դարձյալ ձախողվել է ՔՊ խմբակցության կողմից․ ՔՊ-ականները հրաժարվել են մասնակցել։

Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Մալխասյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց իրենց ծրագրից։

«Խնդիրը վերաբերում է հանրային առողջությանն ու անվտանգությանը, այսինքն՝ մեր առաջարկն ուղղված է թափառող կենդանիների ցավոտ հարցի լուծմանը։ Գիտենք, որ տարիներ շարունակ այս խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվել են որոշակի քայլեր, ըստ էության, դրանք անարդյունավետ են եղել։

Մենք ունենք հստակ և համակարգված առաջարկ․ քանի որ Գյումրին շրջապատված է Ախուրյանի համայնքի գյուղերով, և կա ժամանակ, երբ գյուղական համայնքներից շները գալիս են Գյումրի և հակառակ ուղղությամբ՝ Գյումրիից գնում են գյուղեր, և մեկմեկու մեղադրում են այս հարցով, գտել ենք, որ այս հարցը հնարավոր է կարգավորել երկու համայնքների համատեղ ջանքերով։ Եվ այդ հնարավորությունը մեզ տալիս է ՀՀ «Միջհամայնքային միավորումների մասին օրենքը»։ Հանրային շահից ելնելով՝ համայնքները կարող են ստեղծել միջհամայնքային միավորում։

Մեր առաջարկը հետևյալն էր․ ուղերձ էինք հղելու Ախուրյան համայնքին՝ ձևավորելու աշխատանքային խումբ՝ միջհամայնքային միավորումը ստեղծելու համար, մանրակրկիտ ուսումնասիրելու խնդիրը ու ներկայացնելու ավագանու քննարկմանը։

Առաջարկության մեջ կան երեք բաղադրիչներ․ ունենալ կացարան շների համար, որովհետև միայն ստերջացմամբ այս խնդիրը լուծում չի ունենա։ Միջհամայնքային միավորմամբ ապահովելու ենք այդ կենդանիների տեղափոխումը կացարան։
Երկրորդ՝ ստերջացման աշխատանքների կատարումն է, այն պետք է լինի միաժամանակյա և համակարգված, եթե ասենք կա 2000 թափառող շուն Գյումրիում, և մենք իրականացնում ենք ստերջացման աշխատանքներ՝ դիցուք՝ 500 շուն ստերջացնելով, մյուս 1500-ը բազմանում են, և ստերջացումը անարդյունավետ է դառնում։

Մենք համակարգված քաղաքը բաժանում ենք մասերի և միաժամանակյա ստերջացում ենք իրականացնում 2000 շան, այս դեպքում արդյունավետ է լինում։

Նույնը պիտի իրականացվի նաև Ախուրյան համայնքում։

Եվ երրորդ՝ այն թափառող կենդանիները, որոնց մոտ կա հիվանդություն, որը հնարավորություն է տալիս օրենքի համաձայն քնեցնել նրանց, այդ կենդանիներին քնեցնումն է։

Եվ այս ամենը պիտի իրականացվի խիստ վերահսկողության ներքո, որպեսզի ապահովվի արդյունավետությունը։ Համոզված եմ, որ այս ծրագրի իրականացումը կլինի արդյունավետ», -մանրամասնեց Կարեն Մալխասյանը։

Մենք նրան հիշեցրեցինք Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի գրառումը, որով նա «Ապրելու երկիր» խմբակցությանը քննադատում է պոպուլիզմի համար:

Քնարիկ Հարությունյանը գրել էր․ « Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը ցանկանում է ավագանու նիստ հրավիրել թափառող շների հարցի վերաբերյալ:

Առնվազն մեկ տրամաբանական հարց է առաջանում. ինչու՞ հիմա:

Իսկ ի՞նչն էր խանգարում վերջինիս այս օրակարգով նիստ հրավիրել մեկ տարի առաջ կամ ավելի վաղ շրջանում:

Իսկ ինչու էր լուռ վերջինս, երբ ժամանակին մենք խոսում էինք շների ստերջացմամբ զբաղվող տխրահռչակ «Կումնի» ՍՊԸ-ի անհասկանալի գործելաոճի մասին:

Մասնավորապես, թե այդ ինչպես եղավ, որ «Կումնի» ՍՊԸ-ն հիմնվելուց 9 օր անց շահեց մրցույթը, ստանձնեց 500 շան ստերջացումը ու փաստացի, ոչինչ չարեց։

Եվ, ի վերջո, ինչու մեր գործընկեր ավագանիները չարձանագրեցին ՍՊԸ-ի հիմնադիր Հարություն Վիրաբյանի փոխկապակցվածությունը Բալասանյան դաշինքի հետ, իսկ դա այնքան ակնհայտ էր:

Ինչ խոսք, պոպուլիզմը ևս քաղաքականության բաղադրիչ է, սակայն այն պետք է լինի տեղին, օգտակար ու չափավոր։

Ի դեպ, թափառող շների խնդիրը համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի ուշադրության կենտրոնում է, հարցի կարգավորման ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Մոտ օրերս հանդես կգանք կոնկրետ առաջարկով»:

Ի պատասխան ՔՊ խմբակցության ղեկավարի՝ Կարեն Մալխասյանը հիշեցնում է, որ ինքը եղել և մնում է Գյումրու ավագանու ակտիվ անդամներից մեկը։

«Եթե քննադատում են, գոնե այնպիսի մարդիկ քննադատեն, որոնք իմ գործունեությունից անտեղյակ են, ես էլ ասեի՝ այդ անտեղյակությունն է պատճառ հանդիսացել, որ քննադատեն։ Քննադատությունը հիմնավորումից զուրկ է, որովհետև ես եղել եմ ավագանու ակտիվ անդամներից մեկը և մշտապես այս հարցի մասին բարձրաձայնել եմ։

Նույնիսկ 2023 թվականին, երբ ներկայացրել ենք 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը, գրավոր առաջարկ ենք ներկայացրել, որի բաղադրիչներից մեկը հենց դա է եղել՝ միաժամանակյա կազմակերպել ստերջացում, որպեսզի արդյունավետությունը բարձրանա։

Մեր գործընկերների կողմից նաև առաջարկ է եղել՝ մշակել ռազմավարություն, և դրա հիմքով կազմավորվել է աշխատանքային խումբ, որի անդամներից մեկը ես եմ եղել և մշտապես մասնակցել եմ աշխատանքներին։

Բազմաթիվ անգամներ հանդիպումներ ենք ունեցել մասնավոր սեկտորի, կենդանասերների, այդ հարցով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, և ինձ մեղադրողները քաջատեղյակ են, քանի որ իրենց խմբակցությունից էլ են մարդիկ ներգրավված եղել։

Եվ հարցը ներկայացնել պոպուլիզմ, չեմ ուզում ավելորդ որակավորումներ տալ, ուղղակի կասեմ՝ ովքեր քաջածանոթ են, իրավունք չունեն նման կերպ արտահայտվել, ովքեր տեղյակ չեն, խորհուրդ կտամ արտահայտվելուց առաջ ուսումնասիրել, խորքային վերլուծություն կատարել, նոր արտահայտվել»։

Մեր դիտարկմանը, թե ամեն ինչ անում եք Գյումրու ավագանու գոյությունը հիշեցնելու մասին, ինչո՞ւ չեն ուզում հիշել, միանձնյա կառավարելն ավելի ձեռնտո՞ւ է՝ առանց ավագանու, Կարեն Մալխասյանն ասաց․ «Իմ գործունեությունը հենց ավագանու գոյությունը հիշեցնելու մասին է, ես իմ խոսքում նշել եմ՝ շարունակական է լինելու այս գործունեությունը՝ հենց ապացուցելու, որ ավագանին կա։ Այլ հարց է, որ մեր գործընկերները չեն միանում նախաձեռնություններին, և ավագանին, որը ներկայացուցչական մարմինն է, նիստեր պետք է տեղի ունենան ու քաղաքի խնդիրներն այդտեղ պետք է քննարկվեն ու բարձրաձայնվեն, կոնկրետ որոշումներ լինեն, դա տեղի չի ունենում»։

Կարեն Մալխասյանը հիշեցնում է, որ հրաժարվում են անգամ քննարկման ներկայացնել քաղաքի գլխավոր փաստաթուղթը՝ բյուջեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031