Լրահոս
Օրվա լրահոսը

Մոխրացած ճակատագրեր

Հունվար 31,2025 22:33

2023թ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունը խլեց ավելի քան 220 մարդու կյանք, ավելի քան 50 հոգի անհետ կորած է։

Այս պայթյունի զոհ դարձած մարդկանցից ամեն մեկը մի աշխարհ էր, մի տիեզերք՝ իր հարազատների, իր ընտանիքի համար: Հիմա նրանցից մնացել են միայն հիշողություններ…

Անդրեյ Միքայելյան

Պատմում է Անդրեյի կինը՝ Աննա Աղայանը

Երջանիկ ենք ապրել մինչև տեղահանումը, մեր բոլոր ծանոթները կարող են սա հաստատել։ Սեպտեմբերի 25–ին Անդրեյը առաջին անգամ պատերազմից հետո տուն եկավ։ Ասաց, որ դուրս ենք գալիս, մեկնում դեպի անորոշություն։ «Դե, Երևանում անպայման մի բան կանենք»,- ինքը լավատես էր։ Վերցրեց մեքենայի տեխանձնագիրը, որ գնա բենզինի հետևից։ Անդրեյը, նրա ավագ եղբայրը, իմ եղբայրը, իր ընկերն ու քրոջս ամուսինը արագ նստեցին մեքենա՝ տեխանձնագրերը ձեռքներին ու գնացին։ Քաղաքում բենզին չկար, ու թուրքերն արդեն պարեկում էին քաղաքում, բոլորը խուճապի մեջ փորձում էին դուրս պրծնել։

Ժամը 5–ին Անդրեյը գրեց՝ «բենզինի հերթում եմ, շուտով կգամ»։ Սա մեր վերջին խոսակցությունն էր։ Ժամը 7-ին ուժեղ կայծակ էր, ամպրոպի թնդոցն այնքան ուժեղ էր, որ երեխաները վազելով ներս եկան ու հարցրեցին՝ նորից ռմբակոծո՞ւմ են։ Մի քանի րոպե հետո մեր հարևանը եկավ ու հարցրեց՝ «զանգե՞լ ես Անդրեյին»։ Հետո զգույշ ակնարկեց, որ պայթյուն է եղել, ու, որ Անդրեյն այնտեղ է։ Այս ամենը եղավ րոպեների ընթացքում, ես չէի ուզենա որևէ մեկն իմ ապրումներն ունենար։ Ես սկսեցի Անդրեյին սպասել, որովհետև ինքը միշտ ինձ ու երեխաներին հասել է, հավատում էի, որ կհասնի նույնիսկ հիվանդանոցից, դժոխքից։ Հիվանդանոցում գտանք միայն քրոջս ամուսնուն, ով երկու օր մնաց կոմայում՝ 90% այրվածքներով։ Իսկ ես սպասում էի ու սպասում։ Հետո Անդրեյի ընկերը մեզ բերեց Երևան։

Մամայի հետ տուն վարձեցի, աշխատանքի անցա որպես իրավաբան։ Պապային կորցրել էի հուլիսին։ Չէի սպասում, որ Անդրեյին էլ եմ շուտով կորցնելու։ Անդրեյը կյանքը շատ էր սիրում։

Մենք 2020թ–ից նոր բնակարան էինք վերցրել հիպոթեքով։ Երեք տարի ամեն օր այդ տունը վայելել եմ, բայց երբևէ չեմ կարող այնտեղ վերադառնալ․ հիշողություններին չեմ դիմանա։ Անդրեյը լավ ընկեր էր, լավ որդի, թոռ, լավ մարդ։ Բլոկադայի ժամանակ, երբ մի հաց էինք հայթայթում, Անդրեյը ասում էր՝ արի կեսը տանենք տատիկին։

Երեխաները սկզբից շատ ծանր էին տանում նրա բացակայությունը, բոլորի նկատմամբ ատելությամբ էին լցված ու պապայի մասին չէին խոսում։ Սկզբից թերապիայի էին գնում, հոր մասին միայն ավագս՝ Դավիթը, մի հոգեբանի հետ բացվել է․ «Ինչու՞ է մաման մեզ հարցնում՝ հիշու՞մ ենք պապային, ո՞նց կարող ենք նրան մոռանալ»։

Դավիթը միշտ աշխատում է ամեն ինչում առաջինը լինել։ Ճամբարում մասնակցում է մրցումներին, գրավում առաջին տեղը։ Շատ հավակնոտ է, մտածում է, որ մեծանա, բիզնես կունենա ու մեծ՝ ջրավազանով առանձնատուն, իսկ ես ասում եմ՝ ինչով կարողանամ, կօգնեմ քեզ։

Երևանում ծնողական ժողովի ժամանակ դասղեկը անսպասելի ասաց․ «Կուզենայի տեսնել Միքայելյան Դավիթի ծնողին»։ Ես մոտեցա, նա ասաց. «Շատ լավ տղա եք մեծացրել։ Դասարանի բոլոր երեսուներկու երեխեքը նրա հետ հաշվի են նստում ,ու ինքը բոլորի հետ լեզու է գտել։ Իր հասակի համար շատ հասկացող է»։ Բայց փոքրս՝ Դենին, հազիվ է հարմարվել, ինքը քնքուշ է, շփվող, ստեղծագործ։ Երբ քաղաքում որևէ վթար կամ պատահար է լինում, Շամշյանը որևէ բան է գրում, Դանիելը ինձ զանգում է․ «Մա՛մ, դու որտե՞ղ ես, դու այդ շենքի մոտ չես, չէ՞, որ գնաս, ինձ կասես»։ Դավիթը իր վրա է վերցրել մեծի դերը։ Հայրն էլ էր իրեն սովորեցնում, որ պիտի պաշտպանի փոքր եղբորը։

Անդրեյի ԴՆԹ–ի թեստը հաստատվեց պայթյունից հիսուն օր հետո։ Այն մեքենան նստածներից միայն Անդրեյի մեծ եղբայրն էր ողջ մնացել։ Սրտնեղել էր, դուրս եկել հերթից, հետո բենզինի բաքը պայթել էր։

Անդրեյի մահից հետո, երբ գնում եմ նրա գերեզման, հետ դարձին անծանոթ մարդիկ են զանգում, հարցնում․ «Դուք Միքայելյան Անդրեյի կի՞նն եք։ ինչո՞վ կարող ենք օգնել ձեզ»։ Այդպես արդեն վեց անգամ եղել է։ Կարծես Անդրեյը մյուս աշխարհից էլի ինձ փորձում է ապահովել, սատարել, հորդորում լավատես լինել։

Հուսով եմ, որ մի քանի տարուց հետո Արցախի ճանապարհը կբացվի ու ես կգնամ, հորս գերեզմանի վրա մի լավ լաց կլինեմ, որ չեմ հասցրել։

 

Կարեն ու Վահան  Ղահրիյաններ

Պատմում է Վահանի ու Կարենի մայրը

Մենք մեր գյուղից՝ Խնձրիստանից, հասել էինք Ստեփանակերտ, մեքենայի մեջ մոտ երկու լիտր բենզին կար։ Քաղաք մտնելիս՝ մեքենան կանգնեցրինք, ինչ–որ տեղից բենզին էին բերում, մենք էլ որոշեցինք վերցնել, որ կարողանանք Գորիս հասնել։ Տղաներս՝ Վահանն ու Կարենը, գնացին տեսնեն, կարու՞մ են ինչ–որ բան գտնեն։ Ես հարսներիս ու թոռներիս հետ մեքենայում նստած սպասում էինք ու սպասում։ Հետո հեղեղ սկսվեց, ամպրոպը դղրդում էր, երկինքն ուժեղ թնդում, մենք էլ ավտոյի ներսում սպասում էինք։

Շտապօգնության մեքենաներ սկսեցին վզզալ, ուրիշ մեքենաներ, ինչ–որ մարդիկ էին քաոտիկ դուրս վազում։ Մտածեցինք՝ հեսա մերոնք էլ դուրս կգան։ Հետո երկու տղամարդ հայտնվեցին, ճակատից վեր մի քիչ ճաղատ էին՝ Կարենի ու Վահանի նման, մտածեցի՝ իրենք են։ Երբ մոտեցան, ասացին՝ չան է պայթել, զոհեր ու վիրավորներ կան։ Մտածեցինք, դե եթե վիրավոր են, կգան էլի։ Սպասեցինք, արդեն մթնում էր, բան չէր երևում։ Մեր բարեկամներից մեկն ասաց՝ թողեք, գնացեք։ Մեքենայի բանալիներն էլ վրան թողեցինք, մտածեցինք, դրա ժամանակը չի…

…Հաջորդ օրերին տղաներին փնտրում էինք հիվանդանոցում, հոսպիտալում, դիահերձարանում, ոչ մի տեղ չէինք գտնում։ Ստեփանակերտում մնալն անիմաստ ու վտանգավոր էր դառնում, ու մենք դեղին հանրային ավտոբուսներով ճանապարհվեցինք Ղարաբաղից։ Մեր մեքենան այդպես էլ չգտանք՝ մեր թողած տեղում չէր։ Մեջը՝ ֆոտոներ, երեխաների շորեր ու տղաներիս՝ ինձ տված նվերներն էին։ Էդպես վերջին ֆոտոներից ու հուշերից էլ զրկվեցինք։

Երևանում շարունակում էինք փնտրել նրանց, ԴՆԹ անալիզները հաստատվեցին քառասունհինգ օր հետո միայն։ Երկու եղբայրներին թաղեցինք կողք կողքի՝ Խարբերդի գերեզմանոցում։

Տանը բոլորը կանայք են՝ ես, երկու հարսներս, երկու աղջիկ թոռս, տղամարդկանից միայն մի թոռնիկս է մնացել։ Նա, երբ տղամարդ է տեսնում ուշադիր նայում է, հորն է նմանեցնում։ Երբ փոքր էր, առանց հորը տեսնելու չէր քնում։

Կարենն ու Վահանը երկուսն էլ մասնակցել են վերջին պատերազմին։ Մեկը՝ Շուշիի տակ էր թեթև ոտքից վիրավորվել, մյուսին Բադարայի սահմանին ռուսներն էին դարանից ազատել։

Իրենք առանց հայր են մեծացել, ես ու մայրս ենք մեծացրել, երկուսս էլ Խնձրիստանի բուժքույր ենք եղել։ Մայրս 45, ես էլ՝ 40 տարի։ Ու միգուցե դրա համար շատ գիտակից էին վերաբերվում իրենց ընտանիքներին։ Հնարավոր ամեն ինչ անում էին՝ աշխատում էին դրսում, գյուղում, որ ընտանիքները պահեն։ Բլոկադայի ժամանակ էլ սով չենք զգացել, քանի որ այգի ենք մշակել, տնտեսություն ունեինք, ու խանութից էլ թանկ գնով, բայց ապրանք ստանում էինք։ Գոհ էինք, որ բոլորս միասին ենք։ Հիմա տուն ենք վարձում Երևանում։

Էրիկ Առուստամյան

Պատմում է Էրիկի կինը՝ Լուսինե Գրիգորյանը

Փոքր տղաս ասում է․

-Մամ, պապային կարոտել եմ, ինքը վերևում է, չէ՞։

-Այո, Դավիթ։

-Չի՞ լինի, որ լիֆտով կամ պարաշուտով իջնի, տեսնեմ, նորից բարձրանա, շատ եմ կարոտել։

Ամուսինս պայթյունից հետո անհայտ կորել է։ Բենզինի պահեստ էր գնացել տղայիս հետ։ Մի պահ երեխային ասել է՝ «դու գնա, ստեղից վատ հոտ է գալիս»։ Երեխան մի կողմ գնաց ու բենզաբաքը պայթեց։ Ամբոխի մեջ տղաս մի տղամարդու խնդրեց, որ իրեն տուն տանի։

Մենք մի տասնհինգ լիտր բենզին ունեինք, բայց հինգը պակասում էր, որ տեղ հասնեինք։

Ամուսինս սեպտեմբեր 19-ից մինչև 25-ը տուն չէր եկել, փրկարար ծառայության մայոր էր։ Ինքն է օդային տագնապ միացրել։ Երբ բոլորը դրսում վառարաններ էին դնում, երբ արդեն մարդիկ թողնում էին Արցախը, նույնպես տուն չէր գալիս։ Երբ սկսվեց ելքը Արցախից, ես նույնիսկ սրտնեղած զանգեցի՝ «բոլորը դուրս են գալիս, դու դեռ աշխատանքի ես»։ Նա ասաց, որ չմտածեմ՝ «բոլորը դուրս են գալու, ոչ ոք չի մնալու»։

Երբ վերջապես տուն եկավ սեպտեմբերի 25-ին, երեխայի հետ գնաց Ֆլեշ, ահավոր հերթ էր։ Եկավ տուն ու քնեց, ես անհանգիստ էի, որ քաղաքը դատարկվում է, իսկ ինքը քնած է։ Հետո մորաքրոջս տղան զանգեց, որ Հայկազովից վառելիք են վերցնում։ Ես իրեն արթնացրի, ինքը էլի Կարենին վերցրեց ու գնաց դեպի այդ պահեստը։

Հետո ուժեղ ամպրոպ էր, ու մուտքից լսեցի երեխայիս աղաղակը, ասաց՝ «պահեստը պայթել է, պապան չգիտեմ ուր է»։ Էրիկը մինչև օրս չկա։ Էրիկի քեռու հետ գաղթի ճամփան բռնեցինք՝ ինքը գնում էր, ես էլ երեխաների հետ իր հետևից վարում էի մեքենան։

Էրիկը ավելի զգացմունքային էր, ավելի ռոմանտիկ, քան ես։ Հենց երեխաներն ուզում էին հեռախոսի մեջ մտնել, զբոսանքի էր տանում այգի կամ տանը խաղեր էր կազմակերպում․ պահմտոցի էին խաղում, բարձրանում էին իր թիկունքին։ Ես աշխատանքի էի, հետո տնային գործերով էի զբաղված, համբերությունս չէր հերիքում երեխաների հետ այդքան գլուխ դնել։ Երեխաներն էլ նրա հետ ավելի էին կապված, քան ինձ հետ, սուր զգում են հոր պակասը։

Մենք ապրում էինք Զորգի թաղամասում, որից վերև թուրքերի դիրքերն էին։ Սեպտեմբերի 19-ին երեխեքը ճանապարհով խաղալով բարձրանում էին, ես կատակով ասացի, մի՛ գնացեք, է՜, թուրքերը կխփեն։ Մեկ էլ ռումբեր սկսեցին գմփալ, երեխաները վախեցած տուն վազեցին։ Տանը նկուղ չկար, ու պետք է մյուս երեխաներին էլ տարբեր դպրոցներից վերցնեի ու գնայինք մամայի տուն, որ քաղաքի կենտրոնում է։ Զանգեցի ամուսնուս, ասաց ունեցածս 1,5լ բենզինը կհերիքի։ Ավագիս մեքենայով վերցրեցի մոտ գտնվող դպրոցից, հետո գնացի Շիրակացու ճեմարան, որ շտաբի դիմացն էր, ու որի վրա խփել էին։ Ճեմարանում նկուղ չկար ու վախեցած երեխաներին տեղափոխել էին կողքի համալսարանի նկուղը։ Կարենին երկար փնտրում էինք, նկուղում լույս չկար, երեխան էլ վախեցած էր մեզ համար, չգիտեր, թե ոնց ենք պատսպարվել, կապն էլ խափանված էր։ Հենց բարձրացանք մերոնց տուն, հրետանու ուժեղ համազարկ տեղաց մեր փողոցի վրա, որ հավանաբար միտված էր փողոցի մյուս կողմում գտնվող արտգործնախարարությանը։ Մեքենաս վնասվեց, ապակիները ջարդվեցին, բայց նույնիսկ չիջանք ներքև, որովհետև վտանգավոր էր։ Հիվանդանոցի վիրակապարանները լիքն էին քաղաքացիներով, որ իրենց գործերով քաղաք էին մեկնել կամ փողոց էին դուրս եկել ու անսպասելի վիրավորվել։ Նրանցից մի կին ու մի տղա մահացել էին։

 

Սաշիկ եւ Լիանա  Սարգսյաններ

«Դու դարծել ես օտարի գերի,

Որդիներդ՝ գերի օտարին,

Քո տաք սրտում սառույցներ են գոյացել, քարացել,

Գարուններդ աշուն են դարձել:

Քեզ խլել են, թալանել են, դարանել են,

Քո վանքերը ավիրել են, տո՛ւն իմ հայրենի,

Խաչքարերդ արցունքներով կլվանամ,

Աղաչում եմ կանչիր, թույլ տուր տուն դառնամ»

Երգը, որ հնչում է Աշխաբադի ռեստորաններից մեկում, կարծես գրված էր Արցախի մասին, չնայած որ հավանաբար գրվել էր պատմական ու կորսյալ արևմտյան հայրենիքի համար։ Երգում է տասնհինգամյա արցախցին՝ Ալեքսը, նոր գիտակցմամբ, որ չի ունեցել Արցախում եղած ժամանակ։ Արցախի կորուստը տղայից խլեց նաև իր ծնողներին։ Հայրն ամեն ինչ անում էր, որ որդին երգիչ դառնա։ Որդուն գյուղից մեքենայով բերում էր Ստեփանակերտ՝ երաժշտական քոլեջի դասերի, բոլոր գործերը թողած սպասում էր ու հետ էր տանում։ Հիմա հայրն էլ չկա՝ մամայի հետ վառվել են պայթյունից, ու մեկ օր հետո երկուսով մահացել։

Սաշիկին գտել էին Սիսիանի դիահերձարանում, կնոջը՝ Լիանային՝ Երևանի դիահերձարաններից մեկում։ Երեխաները ծնողներին հուղարկավորեցին Մարմարաշենում, որտեղ նրանք ժամանակավոր ապաստանել էին։ Երեխաներից Նանարը հուղարկավորության ժամանակ անդադար կրկնում էր՝ «դրանք իմ ծնողները չեն, իմ ծնողները կենդանի են»։

Սաշիկը տասնվեց տարեկանից մասնակցում էր ղարաբաղյան առաջին պատերազմին, ութ շքանշան է ստացել։ Երկրորդ կարգի հաշմանդամ էր։

Երբ ռմբակոծությունը սկսվեց, Սաշիկն իրենց գյուղի՝ Մյուրիշենի դիրքերում էր, գյուղը 500 մետր էր հեռու սահմանից։ Զինադադարի ժամանակ գյուղամեջում տղամարդիկ շվարած հավաքվել էին, չգիտեին՝ ինչ է լինելու։ Սաշիկը ընտանիքով շուտ դուրս եկավ, քանի որ երեխաներից երկուսը քաղաքում էին։ Հազիվ անտառներով մթով դուրս եկան, քանի որ ճանապարհները շրջափակված էին ու վտանգավոր։ Գյուղից մի տարեց մարդ էլ, մեքենայում տեղ չլինելու պատճառով, թե ապահովության նկատառումով անտառով դուրս գալիս սպանվել էր։

Ստեփանակերտում Սաշիկն ու կինը՝ Լիանան, փորձում էին ոսկին բանկի գրավից հանել, բայց չէր ստացվում, վառելիք էին փնտրում՝ չէին գտնում։ Պայթյունից կես ժամ հետո, երեխաներին զանգեցին բարեկամները ու ասացին, որ ծնողները պայթյունի վայրում են եղել։ Երեխաները գնացին նախ հանրապետական հիվանդանոց, հետո ծնողներին գտան մանկական հիվանդանոցում իրար կողքի պառկած։ Խոսեցին նրանց հետ։ Հաջորդ առավոտյան Լիանան ասաց՝ սիրտս մեռնում ա, ու մահացավ։ Երեկոյան Սաշիկը կոմայի մեջ ընկավ ու այլևս չարթնացավ։

Դիերի տեղափոխման, հուղարկավորման ծախսերը հոգաց Սաշիկի՝ Աշխաբադում ապրող քույրը՝ Սիլվան, որ անմիջապես եկել էր Հայաստան։ Անչափահաս երեխաները պետությունից որևէ օգնություն չեն ստանում, քանի որ խնամակալը Թուրքմենստանի քաղաքացի է։ Տիկին Սիլվան ասում է՝ ամեն ինչ կանի, որ երեխաների երազանքները իրականանան։

 

Արմինե Վանյան

Լուսինե Վանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031