Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով թուրքական պաշտոնական «TRT World» հեռուստաընկերության կողմից հրապարակված Զանգեզուրի միջանցքի քարտեզին ու Իլհամ Ալիևի հոխորտանքին, թե հայկական կողմը պարտավոր է կատարել իր պարտականությունը՝ կապ ապահովելով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև՝ առանց վերահսկողություն սահմանելու, ասաց՝ որքան ՀՀ իշխանությունները ձայն չեն հանում Բաքվից ու Անկարայից հնչող անօրինական պահանջներին, թուրքական կողմը իր սև գործն արագացնում է։
«Այդ պահանջն անօրինական է, որևէ փաստաթուղթ չկա, որտեղ գրված լինի, թե Հայաստանը պարտավոր է ինչ-որ միջանցք ապահովել Ադրբեջան-Ադրբեջան կապ հաստատելու համար, Ադրբեջան-Ադրբեջան ասելով՝ ի նկատի ունենք մայրացամաքային Ադրբեջան -Նախիջևան կապը։
Եթե Ալիևը ի նկատի ունի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, այդտեղ որևէ կետ չկա միջանցքի վերաբերյալ, առավել ևս չկա կետ, որ Ադրբեջանի բուն տարածքը Նախիջևանի հետ կապելու համար պետք է լինեն այնպիսի արտոնություններ, ըստ որի՝ որևէ ձևաչափով չեն հսկվելու ադրբեջանական բեռները և մարդիկ, ովքեր Ադրբեջանից տեղափոխվում են Նախիջևան։
Նաև պետք է նշեմ, որ այս ստոր պահանջին տուրք է տալիս նաև Ռուսաստանը։ Այս պահանջը մի քանի անգամ տարբեր հարթակներով հնչել է նաև Ռուսաստանից՝ սկսած Դմիտրի Կիսելյովից, որը իր հեղինակած ծրագրի թողարկման ժամանակ նույն պահանջը ներկայացրեց, վերջացրած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովով։
Կարդացեք նաև
Այս պահին ռուս-ադրբեջանական լկտի տանդեմը գործում է Հայաստանի դեմ, դա փաստ է, և հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանում հակառուսական հիստերիա է տեղի ունենում, ինքնաթիռի վայր ընկնելուց հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունները բավական վատթարացել են։
Ինչ վերաբերում է «TRT World» հեռուստաընկերությանը, պետք է նշեմ, որ սա ինչ-որ թուրքական լրատվամիջոց կամ հեռուստաընկերություն չէ, սա պետական, թուրքական հեռուստաընկերություն է, որը բազմաթիվ լեզուներով ունի պաշտոնական էջեր։ Այս հեռուստաընկերությունով միայն հեռարձակվում ու տպագրվում են այն նյութերը, որոնք ամբողջությամբ տեղավորվում են թուրքական պետության հետաքրքրությունների ոլորտում, այդ թվում արտաքին քաղաքականությանը վերաբերող»։
Գագիկ Համբարյանը ցուցադրում է այս հեռուստաընկերության կայքում հրապարակած քարտեզը, որտեղ մանրակրկիտ տեղեկատվություն է հրապարակված Զանգեզուրի միջանցքի մասին։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մուտքերն ու ելքերը լինելու են Օրդուբադ և Աղբենդ բնակավայրերով, որոնք ՀՀ տարածքից դուրս են։
Իսկ սա նշանակում է, որ հայ սահմանապահները որևէ ձևով չեն կարողանալու վերահսկողություն սահմանել, չեն կարողանալու ստուգել ո՛չ բեռները, ո՛չ ուղևորափոխադրումները։
Ըստ այդ քարտեզի, Հորադիզ֊Օրդուբադ երկաթուղու ադրբեջանական հատվածը պատրաստ է 45%֊ով, իսկ Հորադիզ֊Աղբենդ ավտոճանապարհը 80 %֊ով։
Թուրքական կողմը որպես շինարարության վերջնաժամկետ՝ նշում է 2025 թվականը։ Նրանք պատրաստվում են հենց 2025 թվականին էլ բացել միջանցքը։
«Մեր հասարակության լայն շերտեր զբաղված են ինքնախաբեությամբ, երբ այս տիպի նյութեր ես հրապարկում, մեղադրում են ինֆորմացիան փոխանցողներին՝ ադրբեջանական կամ թուրքական նարատիվներ կամ խուճապ տարածելու մեջ։ Եթե մենք ինքնախաբեությամբ ենք զբաղվում ու ասում ենք՝ դա չպետք է տեղի ունենա, դա մեզ ինչ օգուտ է տալիս։
Պատերազմից անցել է 4 տարուց ավել, այն, ինչ ասում է պաշտոնական Բաքուն և այն, ինչ պահանջում է պաշտոնական Անկարան կամ կատարվում են զենքի, շանտաժի ուժով, կամ հլու-հնազանդ կատարում է Նիկոլ Փաշինյանը։
Մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, և երբ Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում Բաքվից և Անկարայից հնչող պահանջներին, դա չի նշանակում, թե Բաքուն կամ Անկարան հրաժարվում են իրենց պահանջներից կամ ինչ-որ ձևաչափով չեն կատարելու իրենց պլանները։ Եթե մենք ինքնախաբեությամբ ենք զբաղված, դա մեր խնդիրն է», -ասում է Գագիկ Համբարյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկել են՝ Ադրբեջանի Արեւմտյան շրջաններից երկաթուղային բեռնատար հաղորդակցություն լինի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն՝ Հայաստանի տարածքով, կոնկրետ Մեղրիով։
«Ինչո՞ւ Մեղրիով, որովհետեւ մյուս երկաթուղին, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա, Տավուշի մարզում է, Հաղարծինի հատվածում սողանքի հետեւանքով այնպիսի մեծ ավերածություններ են, որ այնտեղ երկաթուղու վերականգնումը մեծ ինվեստիցիաների հետ է կապված եւ շատ բարդ խնդիր է։
Էժան ու իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Արեւմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Զանգելանի շրջանից Մեղրիով Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ։ Եվ Երասխից Նախիջեւանի տարածքով Մեղրի ու հակառակ ուղղությամբ։ Հայաստանը Ադրբեջանի տարածքով միջազգային առեւտրի համար եւ Ադրբեջանը Հայաստանի տարածքով միջազգային առեւտրի կամ բեռնափոխադրումների համար, մենք այդ առաջարկն արել ենք»,- պարզաբանել էր Փաշինյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ