Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին․ «Արագածոտնի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ դուք, խոսելով Քոչարյանի աջակիցների մասին, ասացիք՝ դրանց սաղին բռնելու եմ, շինեմ։ Ձեր կապույտ չագուճն ու ուժը մենակ հայերի վրա՞ է պատում, Ալիեւին ե՞րբ եք շինելու։ Աշխարհում վերադասավորումներ են, լուրջ հարցերն են քննարկվում, մեր վարչապետը սոխով ու վիչինայով ձվածեղ է պատրաստում, դուք կուխնյայից ե՞րբ եք դուրս գալու, ե՞րբ եք անցնելու ձեր նախընտրական ծրագրի իրականացմամբ, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի իրագործմանը»։
Փաշինյանն ի պատասխան ձեւացրեց, թե չի հիշում իր նախկին հայտարարությունները․ «Ես ըտենց բառապաշար օգտագործե՞լ եմ, հենց այդպիսի բառերո՞վ, չեմ հիշում»։
Նա հավելեց․ «Ուզում եմ բոլորիս համար մի գաղտնիք բացել՝ աշխարհի բոլոր առաջնորդները սնվում են, անկախ նրանից, թե ինչ բարդ իրադրություններ են երկրում։ Ընդհուպ, ձվածեղ են ուտում, կան, որ սեփական ձեռքով սարքում են։ Հիմա կարող եք հարցնել՝ ի՞նչ կարիք կա դա ցույց տալու, դա ընտրության ու ճաշակի հարց է։ Գուցե դա ցույց տալու նպատակներից մեկն այն է, որ այն, ինչ հիմա հիբրիդային պատերազմների խողովակով փորձ է արվում հերթական անգամ հանրությանը տոկի տալ, դա այնքան էլ այդպես չէ։ Կամ գուցե այն, որ ամենատարբեր հարթակներով փորձ է արվում ներկայացնել, թե վարչապետը եւ նրա ընտանիքը այլեւս դադարել են սովորական սնունդ ընդունելուց եւ հատուկ տեղերից հատուկ չվերթներով ներկրված սնունդ են ընդունում»։
«Ինչ վերաբերում է չագուճին, չագուճով մարդկանց գլուխը պիտի ջարդեի՞, չէ։ Այդ մուրճն արտահայտվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգով։ Այդ մուրճը ոչ մեկի գլխին չի իջել ու չի էլ իջնելու, որովհետեւ մենք չենք ուզում մի կողմից ապօրինի գույքերը վերադարձնենք, մյուս կողմից Հայաստանն այսօր համընդհանուր ընկալվում է որպես ժողովրդավար պետություն»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ