«Ադրբեջանն ասում է՝ կամ ՀՀ տարածքով, եթե չէ՝ Իրանի տարածքով։ Մենք ասում ենք՝ այն պայմանները, որ Իրանն առաջարկում է, այդ նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ առաջարկել այդ անցումը։ Քանի որ մենք էլ հետաքրքրություն ունենք, քանի որ մենք էլ ենք ուզում, որ ճանապարհներն օգտագործվեն։ Պատրաստ ենք որոշակի կարգավորումների, մանավանդ, եթե խոսքը տրանզիտի մասին է»,-«անխոչընդոտ անցմանը» վերաբերող հարցերի կապակցությամբ պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ տրանզիտն ինքնին հսկողության շատ մեծ բաներ չունի․ «Ուրիշ բան է, երբ քո երկրով ուղղակի անցնում են։ Մենք ասում ենք՝ ՀՀ իրավազորությունը պետք է աշխատի ինչ-ինչ բանաձևերով, դրանք մենք նաև առաջարկում ենք, որ հաշվի առնվեն նաև դիմացինի ընկալումները։ Երբ հիմա ձեր տնից դուրս եք գալիս գնում աշխատանքի, դուք գնում եք անխոչընդոտ, բայց չի նշանակում, որ շրջանցելով ՀՀ օրենսդրությունն եք Ա-ից Բ կետ տեղափոխվում»։
Մյուս հարցին՝ արդյոք Բաքուն արծարծո՞ւմ է անկլավների հարցը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից։ Եթե ասեմ՝ անկլավի օրակարգ չկա, դա ՀՀ քրեական պատասխանատվության հիմք է։ Անկախ նրանից Ադրբեջանը բարձրացնում է, թե չի բարձրացնում անկլավի թեմա, մենք ենք բարձրացնում»։
Կարդացեք նաև
Լրագրողը Նիկոլ Փաշինյանին խնդրեց հստակեցնել՝ անխոչընդոտ անցման մասին Բաքվից պատասխան ստացե՞լ ենք, ի՞նչ բանաձևեր են կիրառվելու անխոչընդոտ անցման համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Անխոչընդոտ անցման հետ կապված գրավոր առաջարկ ներկայացրել ենք։ Գրավոր առաջարկին գրավոր պաշտոնական պատասխան մենք չենք ստացել։ Բանավոր պատասխան ստացել ենք, և ճիշտ չի լինի, որ պատասխանը կիսեմ։ Նրբությունները չեմ կարող բարձրաձայնել, քանի դեռ տեսնում եմ հնարավորություն, որ Ադրբեջանը կընդունի։ Բարձրաձայնելը, մանրամասները, ներկայացնելը կարող է առիթ դառնալ մերժման համար»։
Հարցին՝ ԵԱՀԿ ՄԽ լուծարման ե՞րբ եք պատրաստ գնալ՝ մինչև խաղաղության պայմանագրի կնքումը, թե՝ հետո, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «ՄԽ լուծարման հետ կապված ես ոչ թե դիրքորոշում եմ փոխում, այլ պարամետրներն եմ ասում, որ եթե դա նշանակի՝ կոնֆլիկտ չկա և մենք մեխանիզմ ենք ձևավորել, որ կոնֆլիկտը չի լինելու, առիթ չի լինելու դա, որ Ադրբեջանը ընդդեմ ՀՀ-ի կոնֆլիկտ հրահրի, դա է պարամետրը, որը մեզ կհամոզի նաև ձեզ համոզել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ